ԳԻՐ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ՑՈՒՑԱԿ ՍԻՐԵ

screenshot_2017_03_24_17.thumb

Նախընտրական շրջանում զարմանալու այնքան առիթներ ենք ունենում, որ ամեն անգամ մեզ թվում է, թե դրանից ավելին հնարավոր չէ: Սակայն, չէ, այս քարոզարշավին ամեն թեկնածու ու կուսակցություն գերազանցում է ինքն իրեն:

Համացանցը քարոզարշավի հայելին է դարձել, օրվա ցնցումները, բոցերն ու հայտնությունները շատ արագ են հասնում մարդկանց ու սկսում անխնա շրջանառվել: Եվ ահա՝ անցյալշաբաթվա թեման դարձավ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների գաղտնի ձայնագրությունների հրապարակումը: Այն էլ ցանկով, հեռախոսահամարներով, լուսանկարներով ու այլ տվյալներով:

Ի՞նչ էր կատարվել. զանգել էին տնօրեններին, որոնք,Հանրապետականից ավելի, հանրապետական, թե,Դաշնակցական կամ այլ կուսակցական, ջանք ու եռանդ չէին խնայում ընտրողների ցուցակ հավաքելու գործում՝ ներգրավելով ծնողներին ու հնարավոր ամեն մեկին՝ իրենց շրջապատից: Եվ հպարտությամբ թվեր են ներկայացնում առաջին իսկ զանգով, հպարտանալով, մրցակցելով:

Այս ամբողջ աղմուկի մեջ մի կողմ եմ ուզում թողնել տնօրենների ներքաշումը նման ծառայության մեջ, որը, եթե գոյություն ունի որպես հոգեորսություն, դժվար թե կամավոր լինի: Դժվար թե կրթական հաստատության տնօրենը փափագի ՝ մարդկանց հավաքագրել խոստումով, համոզելով, թե այլ կերպ՝ այս կամ այն քաղաքական ուժին ձայն տալու խնդրանքով: Իսկ գուցե դա արվում է ա՞յլ ակնկալիքով:

Չգիտեմ և չեմ ուզում միտքս այս ուղղութամբ տանել: Մանկավարժներին չարդարացնելով հանդերձ,  չեմ դատափետում, ավելի շատ փորձում եմ հասկանալ՝ մեկը չի, երկուսը չի, ո՞րն է զանգվածային նման վարքագծի պատճառը:

Կարևորն այս պատմության մեջ այլ բան է: Ինչի՞ համար են այդ խորհրդավոր ցուցակներն ու մարդկանց հավաքագրումը: Ի՞նչ է դա տալիս ընտրվողին: Մի՞թե այդքան միամիտ են, որ հավատում են, թե ցուցակում գրված մարդիկ վեր են կենալու ու հենց ցուցակով էլ գնան իրենց ընտրեն:

Մարդիկ այսօր հաստատ այդպես չեն անի, որովհետև իրապես ընտրության հնարավորություն ունեն, որովհետև ամբողջ քարոզարշավի ընթացքում տեսնում ու լսում են տարբեր ուժերի և սկսում են մարսել ու գեներացնել տարբեր գաղափարներ ու ծրագրեր:

Այսօրվա քաղաքացին, անգամ իր հոգսի տակ կքած, գիտի, որ քվեախցիկում մենակ է իր ընտրության հետ: Եվ եթե ցուցակում գրվելն իր սրտի ընտրությունը չի, միևնույնն է, սիրտը կխոսի ու ընտրությունը կանի խղճի մտոք:

Իսկ եթե մարդը սեփական ընտրություն չունի, լսում է նրան, ով ավելի լավ է համոզում: Ուրիշի կարծիքն է դառնում ընտրություն, սա էլ տարբերակներից մեկն է: Իհարկե, բացառված չէ, որ մարդիկ նաև սիրով ու պատրաստակամ են ցուցակագրվում: Սակայն վստահ եմ, որ մեծամասնությունը զուտ տեխնիկապես է հայտնվում չարաբաստիկ ցուցակներում, հայտնվում ու շրջում ցուցակից ցուցակ, ձեռքից ձեռք, անգամ տարբեր ուժերի ցուցակներում: Չէ՞ որ ասում են, այդ ձայնի ու քվեի դիմաց նաև շնորհակալություն են հայտնում մարդկանց, նյութական, հողեղեն: Ընտրակաշառքի դիմաց ձայն վաճառողներին մի տեսակ ավելի եմ հավատում, քան խոստման դիմաց ցուցակներում տոչորվողներին:

Բայց  չշեղվեմ թեմայից. Ինչո՞ւ են  21-րդ դարում դեռևս արդիական հավանական ընտրողների այս ցուցակները: Կարելի է պատկերացնել, թե ինչ ահռելի ռեսուրս է ծախսվում դպրոց, մանկապարտեզ, պետական հարյուրավոր հաստատությունների վրա՝ մարդկանց այս կերպ գրավելու համար:

Վստահ եմ, որ վերջում պատվիրատուները համեմատելով ելակետային ցուցակներն ու իրական արդյունքները,  հաստատ մեծ տարբերություն են տեսնում՝ ի վնաս իրենց ու էլի մտածում, որ ուղղակի իրենց համար լավ չեն աշխատել: Չէ՛, հավատացեք,  շատ լավ էլ աշխատել են, վկա՝ դպրոցների, մանկապարտեզների տնօրենները: Ուղղակի մարդիկ մի այսպիսի գեշ բնավորություն են դրսևորում՝ մտածում և ընտրում են սեփական ուղեղով:

Սրա դեմ ցուցակն ինչ անի: Սրա դեմ չէ, հանուն սրա ուրիշ բան է պետք անել. այդ բոլոր կազմակերպիչներին  պետք է ուղարկել հանրօգուտ աշխատանքի, իսկ մարդկանց թողնել հանգիստ, որ քարոզարշավին հետևեն, շփվեն թեկնածուների հետ ու հասունացած որոշում կայացնեն: Վաղ թե ուշ գալու ենք սրան, ցուցակներն ու ընտրակաշառքներն իրենց կնքահայրերի հետ վերանալու են: Այսպես մենք օր առաջ կմոտենանք մեր երազած Հայաստանին, մեզնով կստեղծենք մեր ու երկրի ապագան, որտեղ ցուցակները միայն վաղվա օրվա անելիքի համար կլինեն ու անձնական:

Եկեք հանգիստ թողնենք տնօրեններին,  կրկնում եմ՝ առանց արդարացնելու, այլ մեր օրինակով,  մեր շրջապատի օրինակով ցույց տանք քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, անպայման  գնանք  ընտրության՝ մտքում եփելով 9 ուժերի լավն ու վատը, իրատեսականն ու ընդունելին ու ընտրենք  մեկին: Մեր վստահության մի բուռը մեր քվեն է, այն քամուն չտանք: Եվ եթե ձեզ ցուցակագրել են որևէ ուժի ցանկում, կոտրեք շղթան, մի ընտրեք նրանց, որպեսզի գիտակցեն արված աշխատանքի անիմաստությունը: Խայտառակությունն արդեն իսկ ճաշակել են, մնաց գիտակցեն: Երաշխավորում եմ էլի ու էլի, միամիտ մի եղեք, ոչ ոք չի կարող վստահ իմանալ՝ ում եք ընտրել, գործնականորեն անհնար է: Ձեր ներսը լսեք, ոչ թե՝ ցուցակներին:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register