ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔ՝  ՆԵՏՎԵԼԻՔ  ՔԱՐԵՐԻ  ՖՈՆԻՆ

ar

Հայերի մասին ընդունված է ասել, որ չափազանց զգացմունքային են: Սա իրականություն է, անվիճարկելի իրողություն, որը հարկավոր է ի գիտություն ընդունել: Շատ հաճախ մենք  դառնում ենք մեր  իսկ առանձնահատկությունների գերին, կառչում հատկապես մեզ խանգարող ճյուղերից, դրանով հանդերձ լուրջ խնդիրներ ստեղծում, և հետո միայն սկսում դրանք հերոսաբար հաղթահարել: Թերևս մեր զգացմունքայնությունն է ծնունդ տվել մտածողության ծայրահեղությանը: Սիրում ենք ծայրահեղացնել ամեն ինչ՝ կենցաղային մանրուքից մինչև գլոբալ հարցեր: Եվ որ ամենակարևորն է՝ ծայրահեղացված այդ մոտեցումներով  էլ մեզ բերում-կապում ենք ծայրահեղ նեղմտությանն ու, ընդհանրապես՝ փակում օդանցքը, ու սկսում սին գաղափարներ բուծել՝ հերմետիկ միջավայրում:

Էլի կրկնվեմ. համացանցն ու հատկապես սոցցանցերն են այս ամենի ջերմոցը: Թեմա առ թեմա կարող ենք հիշել, թե ինչպես են փոքր ու մեծ միջադեպերը վերածվում լուրջ դիսկուրսների, իսկ լուրջ իրադարձությունները՝ հատում գլոբալի տիրույթները:

Երբեմն նաև մարդկային ցավն է դառնում ուրիշների շահարկման առարկա՝ շոշափելով սեփական զգացմունքայնությունն իր բոլոր հետևանքներով, ի վերջո, սակայն, ցավի տիրոջը մենակ թողնելով իր քաշելիքի հետ: Համացանցում զայրույթի, սիրո, ատելության,  միասնության, դատապարտման ու անարգանքի պարկուճներ են պարպվում, իսկ  իրական կյանքը գրեթե վեց/ ութի անհամ տակտով շարունակվում է Նախընտրական շրջանում Աստծո ամեն օր մեզ զարմացնում, զայրացնում ու ապշեցնում է: Հանրությունը չի հասցնում մարսել իրեն մատուցվող բազմաքանակ նյութը: Արդյունքում, ներողություն կոպիտ համեմատության համար, չմարսվող անպիտանի հետ՝ դուրս է թքվում  նաև  օգտակարը…

«Ռեինկարնացիա» խմբի հայտնի տեսանյութը շրջանառության մեջ դրվելուց վայրկյաններ անց՝ Լինչի դատաստանի ենթարկվեց, շրխկոցով փակվեցին բոլոր այն բերանները, որոնք համարձակվեցին ասել, թե լավ երաժշտություն է ու կատարում՝ անկախ պարունակած ենթատեքստից: Հազար տարվա կուռքերը ֆեյսբուքյան անդաստաններում, պատերի տակ ու բակային ամբիոններում մեկ օրում փոշիացան:

Ավելի ցավագին ու ողբերգական էր Հաց Բերողի թեման: Երիտասարդ մարդը հեռացավ կյանքից ու շատերը՝ սրտանց, անկեղծ, թե շինծու, իրենց պարտքը համարեցին ի խորոց սրտի արտահայտվել ու գրություններ թողնել ֆեյսբուքյան պատերին:

Սեփական փոքր օրինակ էլ ունեմ: Ընտրություններին մասնակցության կարևորությունն ընդգծելու նպատակով, հիշատակածս միջադեպերի օրերին, թիմով մտածում էինք սոցիալական տեսահոլովակ նկարահանելու մասին: Տեսահոլովակի պատրաստման հարցում,սակայն, մենք մի պահ վարանեցինք: Գրեթե պատրաստ առաջին տեսահոլովակը՝ համացանցում  տիրող անբարյացկամ մթնոլորտի պատճառով մենք որոշեցինք շրջանառության մեջ չդնել: Ենթադրեցինք, որ օգտատերերն ամենևին էլ  գրկաբաց  ու  ողջամտորեն չեն ընդունի ընտրություններին երիտասարդների մասնակցությունը խրախուսող տեսանյութը: Հաշվի առնելով արդեն առկա դառը փորձը, մատուցվելիք նյութը նրանց կողմից կարող էր միանգամայն այլ կերպ ընկալվել: Երբ նշածս տեսահոլովակի շուրջ  ծավալված համացանցային տեսաբումը մարեց՝ սկսեցինք ընտրությունների վերաբերյալ տեսանյութի 2-րդ տարբերակի վրա աշխատել: Ինչ կատարվեց հետո՞:          Հաց բերողը մահացավ… Մեր շրջապատի մարդիկ՝  մեր բարեկամները,  ընկերները, ընտանիքի անդամները, գործընկերները, ազատամիտ և լուսավոր գլուխ ունեցող մարդիկ, սկսեցին մեզ հորդորել՝ այլևս ոչինչ չանել, քանի որ ժամանակամիջոցը չափազանց անպատեհ է ու վտանգավոր: Հորդոր- զգուշացումը մեկն էր՝ մարդիկ կարող են բացասաբար կամ քննադատաբար ձեզ ընդունել:

Ի վերջո, տեսանյութը նկարահանվեց, և մոտ օրերս  այն կտեղադրվի մեր կայքում: Նկարահանվեց, քանի որ ուզում եմ ապացուցել իմ թիմին ու բոլորին, որ պետք չէ վախենալ սխալ ընկալվելուց, որ դա այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Չի կարելի վախենալ քննադատվելուց: Չի կարելի լռել միայն այն բանի համար, որ Ձեզ կարող են կասկածել, ասենք, այս կամ այն կուսակցությանը հարելու մեջ:

Այս դեպքերը վերստին ցույց տվեցին, թե որքան ենք սիրում կենտրոնանալ հարցերի վրա, որոնք իրականում այդքան կենտրոնացման կարիք իսկչունեն: Չհասկացանք, որ վերոբերյալ երկու օրինակներում  ֆիքսվեցինք այլ բաների վրա՝ անտեսելով այն հիմնականը, որից իրապես պիտի որ դասեր քաղեինք: Պատճառը թողած, չգիտես ինչու մենք ընկնում ենք հետևանքի ետևից: Արդյունքում ստացվում է, որ աշխարհին նայում ենք պատում փորած նեղ անցքից միայն:

Սրանք ընդամենը ջրի կաթիլներ են մեծ ծովում: Չի կարելի կենտրոնանալ դրանց վրա, կաղապարվել և դոփել տեղում: Ամեն դեպքում հնարավոր չէ, որ Ձեզ բոլորը սիրեն: Միշտ էլ կգտնվեն մարդիկ,որոնք կքննադատեն Ձեզ: Պատրաստ եղեք նաև դրան, փոխարենը կունենաք սեփական հաստատուն արժեհամակարգ: Ի վերջո, չի կարելի ապրել մտքի բանտում`վախենալով քայլ անել զուտ այն բանի համար, որ Ձեզ հնարավոր է սխալ հասկանան: Հասարակությունը չի կարող առաջ ընթանալ ու զարգացում ունենալ, քանի դեռ մարդիկ իրենց շուրջը չեն նայում ու չեն նկատում իրենց շուրջը կատարվող ավելի կարևոր գործընթացները: Չափազանց վտանգավոր է, երբ ինչ-որ իրադարձություն՝ ազգային մակարդակի խոսակցություններում դառնում է  գերիշխէ, երբ  հասարակությունը կատարվող մյուս բոլոր իրադարձություններին նայում է հենց այդ պրիզմայից: Այդ դեպքում մարդիկ վախենում են գործել՝ խուսափելով  հնարավոր բացասական արձագանքներից:

Պետք է տեսնել խորապատկերը, չկենտրոնանալով մանրուքների՝ պակաս կարևոր բաների վրա: Թե չէ հիմնական ճանապարհից շեղվելով, մոլորվելու վտանգն էլ է մեծանում, մինչդեռ մենք գնալու երկար ճանապարհ ունենք, քանի որ գիտենք, թե ուր ենք ուզում հասնել:

Այսպիսով, «Ճամփորդը»  որոշել է անտեսել«բացասական» խորհուրդները: Մենք պատրաստվում ենք շրջանառության մեջ դնել տեսահոլովակը, քաջալերելով բոլորին՝ տեր լինել իրենց քվեին: Հատկապես գալիք ընտրություններում եկե՛ք կածանները չզոհաբերենք մեծ ճանապարհներին:

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register