ՖԱՆՏԱՍՏ ԳՈՒՇԱԿՆԵՐԸ

chernobil1

Հանրահռչակ Պաբլո Պիկասոն մի առիթով նկատել է՝ «Այն ամենը ինչ կարող է մարդ երևակայել՝ իրական է»: Թերևս այսպես կարելի է բացատրել ֆանտաստ գրողների երևակայության արգասիքներից շատերի՝ կյանքի կոչման փաստը: Որքան էլ տարօրինակ թվա, բայց ականջակալների, հարթ էկրանով հեռուստացույցների, բանկային քարտերի և բանկոմատների, պլանշետների և ինքնակառավարվող ավտոմեքենաների մասին ֆանտաստ գրողները հիշատակել են դրանց ծնունդից բավականաչափ առաջ: Որոշ հեղինակներ ապագայի իրադարձություններն ու երևույթները նկարագրել են զարմանալի ճշգրտությամբ:

Խելացի տներ

Դրանցից ամենասովորականը, մեր տեսանկյունից իհարկե, «խելացի» տների մասին խոսելն էր: Ռեյ Բրեդբերին 1950 թվականին հրատարակած «Մարսյան քրոնիկներ» գրքում առաջինն է նկարագրել ավտոմատացված տունը, որը տերերի բացակայության պարագայում անգամ շարունակում էր «ապրել» և գործել՝ մաքրությանը հետևել ու ճաշ պատրաստել: Մերօրյա «խելացի» տնակները դեռ նոր-նոր են սովորում «չոչ անել»: Սակայնենթադրվում է, որ մի օր էլ նրանք կհասնեն և կգերազանցեն անվանի հեղինակի նկարագրած տան «բնօրինակին»: Նույն Բրեդբերին իր «451 աստիճան ըստ Ֆարենհայտի» գրքում նկարագրում է պատերի դեր կատարող գերժամանակակից հեռուստացույցներ, որոնց միջոցովգրքի կերպարները մեծ հեռավորությունների վրա շփվում էին միմյանց հետ: Հետագայում, պատվելով գուշակ հեղինակին, Facebook սոցիալական ցանցի ստեղծողները հենց այդպես էլ՝ «պատ» անվանեցին հաղորդակցական հանգույցը, որի միջոցով օգտատերերը հաղորդագրություններ են ուղարկում միմյանց ու դրանք տեղադրում միմյանց «պատերին»:

Սինթետիկ երաժշտություն

Բրիտանացի ֆանտաստ գրող Օլդոս Հաքսլին դեռ 20-րդ դարի սկզբում նախանշում էր հասանելի տեղեկատվության մոլորության հասցնող առատությունը, զանգվածային (ժողովրդական) մշակույթի պարզունակացումը՝ ընդհուպ մինչև իմաստազրկում, ակումբային յուրօրինակ երաժշտության՝ սինթետիկ երաժշտության առաջացումը:

Գենային ինժեներիա

Նույն ինքը Հաքսլին 1932 թվականին լույս ընծայած «Հրաշալի նոր աշխարհ» գրքում տալիս էր մի աշխարհի նկարագրություն, որտեղ մարդիկ աճեցվում էին հատուկ գործարաններում՝ հատուկ գենետիկ բաղադրատոմսերով: Մինչ ծնվելը յուրաքանչյուրը գենետիկորեն ծրագրավորվում էր, դառնալով որոշակի կաստայի ներկայացուցիչ: Թերևս մի բան է մնում ավելացնել: Ուշագրավն այն է, որ Հաքսլին այս վիպակը գրել է երկշղթա ԴՆԹ-ի բացահայտումից գրեթե 2 տասնամյակ առաջ:

Տիտանի կործանումը

Դժվար թե ինչ որ մեկը կանխատեսման ճշգրտությամբ կարողանա հավասարվել19-րդ դարի ամերիկացի հեղինակ Մորգան Ռոբերտսոնին: Ցավագին տենդի ժամանակ է նրա աչքի առաջ ուրվագծվում հսկա մարդատար նավի խորտակման սոսկալի տեսարանը: Առողջանալուց հետո նա որոշում է բոլոր զարհուրելի մանրամասնություններով հանդերձ թղթին հանձնել իր տեսածը: Խորտակված նավը Մորգան Ռոբերտսոնը «Տիտան» է անվանակոչում: Նա գրեց մի նավի մասին, որը աշխարհում ամենաարագն ու ամենաշքեղն էր համարվում: Եվ ահա ապրիլյան մի ցուրտ գիշեր, անխորտակելի նավի համարում ունեցող «Տիտանը» ամբողջ թափով հարվածելով այսբերգին՝ խորտակվում է: Փրկարար նավակների պակասի պատճառով ուղևորների մեծամասնությանը աղետից փրկվել չի հաջողվում: Երբ 14 տարի անց պատահեց «Տիտանիկի» տխրահռչակ միջադեպը, բոլորին ապշեցրել էր անգամ ամենաչնչին մանրամասների համընկնումը: Անգամ «Տիտանի» և «Տիտանիկի» տեխնիկական բնութագրերը՝ շարժիչների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքներն էին գրեթե նույնական: Այսպիսի բաներ: Ճիշտ է ասված,որ տրամաբանությունը կտանի միայն Ա կետից Բ կետ: Երևակայությունն է, որ կհասցնի քեզ ամենուր:

Ժողովեց՝ Արարատ Սահակյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register