7 ՀԱՐՑ. ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

2

 Խորագրի հյուրն է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, գրող, թարգմանիչ Միքայել Նահապետյանը:

Ձեր կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

-Հովքի քարափները` Իջևանի ու Դիլիջանի ջրբաժանում: Տարվա բոլոր սեզոններին ցուրտ ու դժվարամատչելի այդ անկյունը, այդ բարձրությունն ու քթիդ խփող արջերի վայրի հոտը ստիպում են հետ գնալ քաղաքակրթական հիշողության միջով` դեպի ժամանակները, երբ այդպիսի քարափները մարդու կացարան էին: Աստվածային տեղ է` Դիլիջանն աչքիդ առաջ մի բուռ, օդը մաքուր, երկիքը մոտ:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է Ձեզ:

– Շատ բան կա, որ նյարդայնացնում է: Երևի ամենաշատը էթնոկրիմինալ մշակույթը, որտեղ երկու հպարտանալիք կա` «մենք հայ ենք» ու «մենք պետությունից թալանելու ճարպկություն ունենք»: Ավելի նյութական սպեկտրից` աղմուկը, ազդանշանները, շարժիչների ձայնը…

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Ես բրենդինգից գլուխ չեմ հանում, բայց երևի մեզ աշխարհում կսիրեն մեր այն ավանդույթներով, որոնք գավառամտությամբ չեն լցված, որոնք չեն թունավորում մարդկանց կյանքը, այլ` պարզ-մարդկային, կոլորիտային են: Հետո, հրաշալի երեխաներ ունենք` արվեստի, գիտության ու մյուս ոլորտներում. փող ու միջավայր լինի` աշխարհ կգրավեն:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ընտրեմ տարբեր տարիքներում մտահորիզոնս մեկ օրում ընդարձակածները: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» տվել է բարոյականության ֆորմուլա: Արմեն Օհանյանի «Մայրենիք Դրոշը» օգնել է ազատվել ուտոպիստական ռազմահայրենասիրությունից: Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնքը» տվել է պետության մասին երազելու նոր հորիզոններ:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Օրինակ` «Ք1» հաղորդման սցենարիստը, Համալսարանի մոտակա կրպակում ամեն առավոտ ինձ սուրճ տվող տատիկն ու գրադարանի տիկին Արևիկը:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

-Պրոսպեկտի վերջնամասում` Հաղթանակ կամրջի մոտ, աներևակայելի մեծ ու ժամանակակից գրադարան կբացեի` իր մոդեռն ճարտարապետությամբ, համակարգիչներով, կինոդահլիճներով, պարտեզներով: Այն կմիացնեի Հրազդանի ձորի կանաչ գոտուն: Մի խոսքով` տեղ, ուր կհավաքվեր ջահելությունը` պինդ, ինտելեկտուալ ու վիճակ փոխող… կհավաքվեր ու չէր ուզի հեռանալ:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Նա, ով անկախությունն իր կեցության ձևի մեջ է կրում` Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Գարեգին Ալեքսանյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register