ԳՐՔԱՅԻՆ «ՎԱԼԵՆՏԻՆԸ»՝ ԳՐՔԻ ՍԻՐՈ ԲԱՆԱԽՈՍ

Փետրվարի 19-ը՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր, և եթե առաջին տարիներին այն նշում էին միայն «թիրախավորված» ընթերցողները, ապա այսօր արդեն ամբողջ երկրով մեկ ընթանում են հետաքրքիր միջոցառումներ, հանդիպումներ գրողների հետ, շնորհանդեսներ և ընթերցումներ։ Գրքասերները երբեմն անգամ կատակով նշում են, թե սա իրենց իրական Վալենտինն է, որին շատ ավելի պարտաճանաչ են պատրաստվում, քան անգամ սիրո տոնին։
«Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացվող, արդեն ավանդական դարձած ՝ սոցցանցային հավանումների միջոցով գրքեր նվիրելու ակցիան այս տարի էլ ակտիվ ու ուրախ անցավ, հաղթողների անուններն արդեն բարձրաձայնվել են։ Մինչ այդ մի շարք գրախանութներ պատրաստվելով փետրվարի 19-ին՝ գրքի խաղարկություններ իրականացրին՝ սիրելի գրքերի համար շոշափելի տոկոսային զեղչեր սահմանելով ։ Տոնը նշվում էր ոչ միայն գրախանութների նախաձեռնությամբ, այլ Մշակույթի նախարարությունն ինքն է ամեն կերպ փորձում սատարել ու օգնել գրքատոնին։
Նախարար Արմեն Ամիրյանն, օրինակ, ներկա գտնվեց փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում անցկացվող « Մանկապատանեկան գրքի երևանյան 14- րդ տոնավաճառ»-ի բացմանը, որին մասնակցում են ՀՀ-ում գործող մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ։ Տոնավաճառի շրջանակում նախատեսված են գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական, խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն:
Փետրվարի 17-ից մեկնարկած տոնական միջոցառումներն անցկացվելու են մինչև փետրվարի-21-ը։ Այսպիսով, հավերժ շոշափվող հարցը, թե արդյոք հիմա գրքեր գնո՞ւմ են ու կան արդյոք ընթերցողներ՝ ինքն իրենով վերանում է, որովհետև նայելով փետրվարի տասնիննից առաջ գրախանութներում գոյացած հերթերին՝ հասկանում ես, որ ոչ միայն չի վերացել գիրք կարդալու ինստիտուտը, այլև հակառակը, նոր թափ է հավաքում, ու չնայած նրան, որ հիմա բացի տպագիր գրքերից հեղինակների ստեղծագործությունները կարելի է գտնել էլեկտրոնային տարբերակով և անգամ աուդիոգրքերի տեսքով, մեկ է, շատերը նախընտրում են իրենց սիրելի գրքերը տեսնել սեփական գրադարակում, քանի որ որքան էլ էլեկտրոնայինը հասանելի է, իսկ աուդիոգիրքը՝ հարմար, ժամանակ առ ժամանակ հաճելի է վերաթերթել սիրելի հեղինակների ստեղծագործությունները։ Ինչ խոսք, պետական մակարդակով իսկապես շատ մեծ աջակցություն կա գրքի նկատմամբ՝ հուրախություն գրքասերների։ Այս տարին ևս գրքաշատ կլինի՝ գիրք նվիրելու տոնի բազմերանգությունն ու մարդկանց ակտիվ ներգրավվածությունն է այդ մասին հուշում։ Մեզ էլ մնում էր օգտվել առիթից ու «գրքային Վալենտինը» տոնել հավուր պատշաճի։
Սյունե Սևադա