ՁՄԵՌ ՊԱՊԻ «ՍՏՎԵՐԱՅԻՆ» ԷՈՒԹՅՈՒՆԸ

deda

Նոր տարվա շեմին  ծնողներից ոմանք կամա թե ակամա փոստատարներ են դառնում: Նրանց այդ մասնագիտությանն են դրդում հուզառատ աչքերով փոքրիկների՝ Ձմեռ պապին գրված անհասցե նամակները:  «Անհայտ» ճանապարհով ծնողների ձեռքին հայտնված  այդ նամակներն էլ «գծում» են մոտալուտ գործողությունների «ճանապարհային» քարտեզը: «Գերգաղտնի»  գործողության ընթացքում ծնողները գաղտագողի ներթափանցում  են տուն և  Ամանորի գիշերը տոնածառի փեշերի մոտ դնում փոքրիկների՝ Ձմեռ պապից ակնկալվող  տարատեսակ նվերները:

Հետաքրքիր է, սակայն, սպառողական հասարակությունում Ձմեռ պապը նույնպես շատ հաճախ խիստ կապիտալիստական վարք է դրսևորում: Շուկայական մեր օրերում՝  հեռավոր Լապլանդիայից եկած Ձմեռ պապը նույնպես արժանանում է high, middle, low (բարձր, միջին, ցածր) «կլասի» Ձմեռ պապ որակումների, ինչը պայմանավորված է Սանտա Կլաուսի կամ թե կուզեք՝ Կաղանդ պապի պարկի «հնարավորություններին»:

Ասում են, թե խելամիտ «Ձմեռ պապերը» երեխաների հետ  երբեք խաղալիքի խանութ չեն մտնում: Չեն մտնում, քանի որ հնարավորությամբ պայմանավորված նրանց համբերությունը չի դիմանում երեխայի ցանկությունների տեղատարափին:

Ծնողները հաճախ խանութ են մտնում ծրարները ձեռքներին` իսկական նամակատարի պես ու խնդրում վաճառողին ցույց տալ փոքրիկի ուզածը: Այս ուշագրավ  իրողության մասին պատմեց վաճառողներից մեկը: Նրա դիտարկմամբ՝ ժամանակի ընթացքում ամենատարածված խաղալիքները հաստատուն են մնացել: Տղաները խնդրում են խաղալիք ավտոմեքենա, իսկ աղջիկները՝ տիկնիկ: Այս խաղալիքներ տարբեր գներ ունեն: Մեծ և հեռակառավարվող ավտոմեքենաները 10000-ից մինչև 80.000 և ավելին արժեն: Ինտերակտիվ, խոսող և կյանքից հասկացող տիկնիկները նույնպես էժան չեն՝ 20000 դրամ և ավել: Բազմազավակ ծնողների համար ամենահարմար և ունիվերսալ նվերը մնում է լեգոն: Քույր և եղբայր կարող են իրար հետ տուն, շուն կամ տիեզերանավ կառուցել: Վաճառողուհիներից մեկն էլ խոսեց իր կողմից նկատած միտման մասին: Մարդիկ նախընտրում են գնել ոչ շատ թանկարժեք, բայց բազմաֆունկցիոնալ, մտածելու տեղիք տվող, գլուխոտրուկներ պարունակող խաղալիքներ: Տեխնիկայի խանութի վաճառողներից մեկն էլ նշեց,որ երեխաներին նոր տարվա նվեր երբեմն գնում են թանկարժեք «PlayStation 4», որի տարբեր մոդելներն ունեն մոտ 200000- 300000 դրամ արժողություն:

Կան նաև ավելի մատչելի խաղային համակարգիչներ, պլանշետային տարբերակներով՝ 100000-ի սահմաններում: Ավելի հետաքրքրաշարժ և երեխային տանից դուրս բերող կարող է լինել 60000 դրամանոց «դրոնը»՝ թռչող, հեռակառավարվող, տեսանկարահանող սարքը: Կան նաև 100-ից ավել խաղ ունեցող, հեռախոսի չափ փոքր էկրանով խաղային սարքեր, որոնք մոտ 6000 դրամ արժեն: Այսպես, վերը նշված զավեշտալի դասակարգմանը հետևելով կարելի է «high» կարգի Ձմեռ պապի նվեր համարել նաև էլեկտրոնային «սքեյթը», որ վերջին շրջանում բավական հաճախ կարելի է տեսնել մայրաքաղաքում: Հոսանքից լիցքավորվող սարքի գինը տատանվում է 120.000-300.000-ի սահմաններում: Վաճառողների վկայությամբ գնային տարբերությունը հիմնականում դիզայնով է պայմանավորված: Վաճառողների համար խնդրահարույց է  շարունակում մնալմ ծնողների անուշադրությունը և անտարբերությունը՝ խաղալիքի վրա նշված տարիքային սահմանափակումներին: Իհարկե, ցանկացած ծնող մտածում է, որ իր երեխան անչափ խելացի է ու թեև 2 տարեկան է, բայց կարող է 3 և ավելի տարեկանների համար նախատեսված խաղալիքով խաղալ: Մինչդեռ հիմնականում տարիքային սահմանափակումը դրված է փոքր դետալներ ունեցող խաղալիքների վրա, որոնք կարող է անզգուշորեն կուլ տալ մանկիկը: Ամենատարածված, ոչ թանկարժեք և իսկապես օգտակար նվեր է մնում գիրքը: Գեղեցիկ նկարազարդված, բարի, ուսուցողական պատմություններով լեցուն գիրքը կարող է հրաշալի նվեր լինել ցանկացած տարիքի երեխայի համար: Հրաշալի և ոչ շատ թանկարժեք նվեր կարող են լինել նաև շախմատը, բադմինթոնը կամ մարզասարքը: Ինչ էլ լինի, շատ հաճախ երեխայի համար ամենալավ նվերը մնում է ծնողի հետ անցկացրած ժամանակը: Հատկապես այն ծնողների, որոնք ծանր գրաֆիկով աշխատում են, իսկ փոքրիկին հասցնում են ժպտալ և համբուրել միայն գիշերային քնից առաջ:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register