ԾԱՂԻԿՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

2

Վերնիսաժը հիշեցնում է փոքրիկ Հայաստանը: Այստեղ ամեն ինչ հնարավոր է գտնել՝ ավանդական զարդանախշերով գորգերից՝ մինչև ժամանակակից հուշանվերներ, հարյուրամյակների պատմություն ունեցող մեդալներից՝ մինչև նորաոճ զարդեր… Հայերիս երևակայությունն ու ստեղծարարությունը սահմաններ չեն  ճանաչում, դա է պատճառը, որ Վերնիսաժում սովորական զբոսանքն էլ նոր բացահայտման է վերածվում:

4

Արսեն Մխոյանը «ծաղիկների մասնագետ» է, նա բոլորից լավ գիտի, թե որ ծաղիկն ինչ բնավորություն ունի, ինչպես է պետք հավերժացնել նրա գեղեցկությունը: Շուրջ 3 տարի է՝ Արսենը զբաղվում է բնական ծաղիկներից  զարդերի, հուշանվերների պատրաստմամբ:

– 2 տարի չարչարվել եմ, մինչև կարողացել եմ ստանալ ծաղիկների այս խորությունն ու տեսքը: Չորացած՝ հարթ ծաղիկների հետ աշխատելը շատ հեշտ է, բայց այնպես անել, որ ապակու մեջ ծաղիկը պահպանի իր տարածական չափումները, շատ բարդ է,- ասում է նա:

Մեր հանդիպման օրը Արսենը նոր էր վերադարձել հերթական «ծաղկաքաղից»: Ասում է՝ Հայաստանում ամեն եղանակ առանձնանում է ծաղիկների իր տեսականիով, պետք է ուշադիր լինես, որ հանկարծ քեզ ներկայացած պատեհությունը ձեռքից բաց չթողնես: Զարդերի պատրաստման համար օգտագործվում են միայն ամենաառողջ ծաղիկները, որոնք նախ մշակվում են հատուկ նյութերով և հետո միայն տեղավորվում մատանու, վզնոցի, թևնոցի կամ այլ հուշանվերի մեջ:

3

– Սկզբում դու չգիտես՝ թե ինչ ես ստանալու, որովհետև  զարդի տեսքը միայն հղկելուց հետո է երևում,- ասում է Արսենն ու ցույց տալիս վնասված մատները:

– Էս զարդերը ոնց որ երեխեքս լինեն, էդպես սրտատրոփ սպասում եմ, որ տեսնեմ վերջնական արդյունքն ինչ է լինելու:

Ծաղիկների հետ աշխատանքն այնքան է կլանել Արսենին, որ նա որոշել է մարգագետնի  վերածել տան սեղաններից մեկը:

1

– 3 ամիս աշխատել եմ այս սեղանի վրա, պատկերացնու՞մ եք: Ամեն տեսակի ծաղիկ այստեղ կգտնեք,- ասում է նա ու  հավելում,- ընկերներս շատ են հարցնում՝ բա չե՞ս վաճառում, բա ինչքանո՞վ կվաճառես… Ասում եմ՝ չէ, երբ երկրորդը կստեղծեմ կամ պատվեր կլինի, այդ ժամանակ էլ կբաժանվեմ այս սեղանից:

Շատ  շուտով բնական ծաղիկներից պատրաստված զարդերը կունենան իրենց ապրանքանիշը և  կվաճառվեն «Ars Magic» մակնշմամբ:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register