ԷԹՆԻԿ ԶԱՐԴԵՐԻ ՀՄԱՅՔԸ

2

Վերջին շրջանում հետաքրքիր միտում է նկատվում․հայ կանայք սկսել են ավելի հաճախ հայկական զարդանախշերով մատանիներ, վզնոցներ ու ապարանջաններ կրել։ Դեռ տասը տարի առաջ անգամ՝ «Վերնիսաժում» դժվար կլիներ նմանօրինակ զարդեր գտնել, իսկ հիմա կան «հատուկ մասնագիտացած» բրենդներ, որոնք, օրինակ, զբաղվում են բացառապես հայկական շեշտադրությամբ զարդերով։

Շուշան Ավագիմյանը՝ «Կոկչյան» զարդերի համահիմնադիրը, շատ լավ է հիշում տվյալ ժամանակաշրջանը: Ասում է՝ դեռ մի քանի տարի առաջ միայն հատուկենտ մարդիկ էին հայկական զարդանախշերով, ավելի երևացող, «տեսանելի չափսերի» մատանիներ ու վզնոցներ պատրաստում, նուրբ-փոքրիկ զարդերի միտում կար շուկայում։ Հիմա, ընդհակառակը, մարդկանց ճաշակը փոքր-ինչ փոխվել է։

Իսկ Շուշանի՝ զարդերի նկատմամբ սերը «թրծվել» է նախ որպես ուղղակի «զարդասեր», հետո վերաճել արդեն համահեղինակած զարդերի․«Երբեք չեմ սիրել ոսկեղենը, փոքր տարիքից   անընդհատ կրում էի մայրիկիս զարդերը, որոնք այն տարիներին առանձնապես որակյալ չէին, կամ վատորակ արծաթ էին պատրաստված, կամ՝ մելխիորից։ Հասկացա, որ ինձ դուր է գալիս արծաթագույնը, ու մեծանալուց հետո հաճախ էի կրում հենց արծաթագույն զարդեր։ Սկզբում էլի փոքր զարդեր էին, հետո արդեն «Վերնիսաժից» սկսեցի գտնել ու կրել ավելի էթնիկ, երևացող զարդեր։ Ու մատանիներ, սովորաբար, շատ եմ կրում՝ գոնե չորսից հինգ հատ։ Ու ինձ հաճախ էին հարցնում, թե որտեղից եմ  գտնում դրանք, իսկ մատանիները սկսել էի պատվիրել ու պատրաստում էին ըստ իմ երևակայության: Նկատեցի, որ  խանութներում սկսել են միանման գործեր պատրաստել։ Այդ ժամանակ արդեն կար «Կոկչյան» բրենդը, որը պատրաստում էր ոսկյա իրեր՝ եզակի տարբերակով։

Հանդիպեցի հիմնադրի հետ, ասացի, որ արծաթեղենի հետ կապված որոշակի մտքեր ունեմ, այդպես սկսեցինք համագործակցել։ Այսպիսով արծաթեղենի շարքն արդեն մեկուկես տարեկան է»,-պատմում է Շուշանը։Ի տարբերություն արծաթագործական այլ բրենդների, այստեղ օգտագործում են ոչ միայն հայկական, այլ առհասարակ՝ տարբեր երկրներից վերցրած էթնիկական  նախշեր, քանի որ հետաքրքրությունը ոչ միայն հենց հայկականի, այլ առհասարակ՝ էթնիկ ոճի նկատմամբ է․ «Մենք հատուկ չենք օգտագործում միայն տիպիկ հայկական կամ այլ երկրի զարդանախշեր: Նախընտրում ենք համադրել մի քանիսն իրար հետ։ Վերցնում ենք մի քանի կարևոր դետալ ու դրանց հիմքով ժամանակակից զարդեր պատրաստում»։

Առհասարակ, զարդերը որոշակի ասելիք են ունենում: Դեռ  նախորդ դարերում զարդերի օգնությամբ կարող էին հասկանալ  կրողի աշխարհայացքը, սեռատարիքային կարգավիճակը, անգամ տոնական օրերն իրենց հատուկ զարդերն էին պարտադրում։ Օրինակ, չամուսնացած աղջիկներն իրավունք չունեին արծաթե կամ ոսկե գոտի կրել, մինչդեռ տղամարդիկ կրում էին դրանք, արծաթյան՝ որպես տղամարդկության, ոսկյան՝ ունևորության ցուցիչ։ Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր, նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցությունից, մյուս կողմից դառնալ ավելի հմայիչ և գեղեցիկ:  Շուշանից հետաքրքրվում ենք՝ այսօրվա՝ կոնկրետ տեսակի զարդեր կրող մարդիկ ունե՞ն իրենց առանձնահատուկ «դիմագիծը»։ Պարզվում է՝ այո․ «Մեր բրենդն ընտանեկան է, իսկ զարդերի ներշնչանքը կինն է, ուժեղ կինը։ Մեր զարդերը կրում են ինքնաբավ, կայացած, երջանիկ կանայք, որոնք իրենք իրենցով արդեն իսկ երջանիկ են և չունեն որևէ մեկի թույլտվության կարիքը՝ երջանկությունը վայելելու համար»։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register