ԱԽ ՎԵՐՆԻՍԱԺ, ԱԽ ՎԵՐՆԻՍԱԺ

ver

Անցած շաբաթ Երևանի քաղաքապետարանում շարունակվում էին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծային առաջարկների քննարկումները: Հերթական քննարկումը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ էր: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և ծրագրի պատասխանատուների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի ներկայացուցիչները, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, համայնքային թանգարանների տնօրեններ և ոլորտի ակտիվ ներկայացուցիչներ:

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ունի իր հստակ քաղաքականությունը: Առաջիկա մեր ծրագրերում «Վերնիսաժի» արդիականացումն այս առումով կարևորագույններից մեկն է»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Ոլորտի մասնագետները, ծանոթանալով նախագծերին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Մասնավորապես, «Վերնիսաժի» տարածքում զբոսաշրջային ավտոբուսների կայանման համար առանձին կայանատեղիներ ունենալու առաջարկի առնչությամբ քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այն անպայման հաշվի կառնվի նախագծերում:

Ընդգծելով, որ վերակառուցումից հետո «Վերնիսաժը» Երևան այցելող զբսաշրջիկներին ներկայացվելու է որպես մայրաքաղաքի և առհասարակ՝ հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող յուրօրինակ այցեքարտ, ներկաները կարևորել են նաև տարածքում արվեստանոցների ստեղծումը, որոնցում մայրաքաղաքի հյուրերը կկարողանան անձամբ, օրինակ, կավից որևէ առարկա պատրաստել կամ էլ գորգագործությանը ծանոթանալ:

Հաշվի առնելով «Վերնիսաժի» բազմաֆունկցիոնալ նշանակությունը առաջարկվել է նաև միջոցառումների կազմակերպման համար առանձին փոքր հրապարակ-հարթակ ունենալու գաղափարը, որտեղ շաբաթ-կիրակի, նաև տոն օրերին կներկայացվեն ազգային մշակութային միջոցառումներ:

Անդրադառնալով «Վերնիսաժում» վաճառվող ապրանքատեսականուն՝ ներկաներն առաջարկել են, որ տարածքում առևտուրն ամբողջությամբ կանոնակարգվի, և նախագծի իրագործումից հետո ներկայացվեն միայն վերնիսաժային ապրանքներ՝ արվեստի գործեր, ձեռագործ աշխատանքներ և այլն:

Ներկաներն առանձնացրել են նաև վաճառողների արտաքինի կանոնակարգման խնդիրը, ինչպես նաև տարածքում զբոսաշրջիկների համար սանհանգույցներ կառուցելու անհրաժեշտությունը:

  • Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով կազմված նախագծային առաջարկների էսքիզային տարբերակներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում:

Ծրագրի նպատակն է՝ ապահովել Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում բարեկարգված խաչքարերի պուրակի տրամաբանական շարունակությունը մինչև Խանջյան փողոց, չխաթարելով «Վերնիսաժի» աշխատանքը: Խնդիրը «Վերնիսաժը» ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է, տնտեսավարողների գործունեության կանոնակարգմամբ և զբոսաշրջության, հանգստի ու ժամանցի կազմակերպման համապատասխան պայմաններ սահմանելով:

Դիտարկելով ներկայացված առաջարկների տարբերակները, խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը և համաձայնել այն սկզբունքներին, ըստ որոնց այգու արդիականացման նախագծային նաև հաջորդ փուլերում նկատի են առնվելու տվյալ տարածքին առնչվող Երևանի կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները, ընդորում, տարածքում բացառվելու է քարե կամ բետոնե որևէ հիմնական կառույցի առկայություն: Առաջարկվել է նաև զերծ մնալ կանաչ գոտիներում կոնստրուկցիաներ տեղադրելուց և դիտարկել նաև ուղղաձիգ կանաչապատման հնարավորությունը:

Արդիականացման շնորհիվ «Վերնիսաժը» կունենա ոռոգման նոր ցանց, լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաև կսալապատվի: Առաջիկա օրերին կշարունակվեն հանրային լսումները:

Նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում քննարկում է անցկացվել նաև տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները:

Ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի «Վերնիսաժը»: Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի:

Հանդիպման մասնակցիներն իրենց հերթին նույնպես կարևորել են բարեկարգման ծրագիրը և ներկայացված նախագծերի վերաբերյալ արել իրենց դիտարկումներն ու առաջարկները, մասնավորապես հետաքրքրվելով, թե շինարարության ընթացքում «Վերնիսաժը» փակվելու՞ է, թե՞ ոչ, և արդյո՞ք արդիականացված տարածքում կապահովվեն բոլորի համար վաճառատեղեր:

Քաղաքապետի տեղակալը հավաստիացրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով՝ առևտրային գործունեություն իրականացնողներին հնարավորություն ընձեռելով չընդհատել իրենց աշխատանքը: Իսկ իրականացվող առևտրի հետ կապված՝ Դավիթ Օհանյանը նկատել է, որ տեղի առևտուրը որոշ առումով կանոնակարգվելու է:

  • «Վերնիսաժ» այցելող յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ գտնվում է հայկական արվեստը ներկայացնող մի անկյունում, ուր հնարավոր է նաև հաճելի գնումներ կատարել: Այդ նպատակով բարկարգման և արդիականացման ծրագրից հետո «Վերնիսաժում» կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի և հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները: Ինչ վերաբերում է տաղավարների քանակին, ապա տեղեկացնեմ, որ նախապես կատարվել են հաշվարկներ և բոլորը կունենան առանձին վաճառակետեր»,-նշել է Դավիթ Օհանյանը:

 

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register