ՍԻՐԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈւԹՅԱՆ ՍՏՐՈւԿՆԵՐԸ

1

ԵՐԲ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ

«Ճամփորդ» շաբաթաթերթը շարունակում է հոգեբանական հոդվածաշարը՝ հոգեբան և հոգթերապևտ, «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ՝ Արման Բեգոյանի հետ: Հոդվածաշարի ընթացքում համատեղ կհուշենք՝ ինչից սկսել և ում դիմել այս կամ այն խնդրի դեպքում։ Եթե ունեք հարցեր, գրեք info@champord.am էլ․հասցեով, մենք անպայման կանդրադառնանք դրանց։Խմբագրությունը վերստին զգուշացնում է․ տվյալ հոդվածաշարը կրում է ինֆորմացիոն-կրթական-կողմնորոշիչ բնույթ, այդ իսկ պատճառով ներկայացվում է ոչ խորքային-մասնագիտական տարբերակով և չի կարող օգտագործվել ինքնաբուժման կամ  ինքնուրույն ախտորոշման համար։

«Հասկանում եմ՝ իրար հետ չենք կարող, բայց չեմ էլ կարողանում ազատվել զգացմունքներից»․ իրավիճակը շատերին է ծանոթ։ Սիրային կախվածությունը երբեմն ալկոհոլիզմի ու անգամ՝ թմրանյութերից կախվածության հետ են համեմատում․ մարդիկ տառապում են, բայց չգիտեն,թե ինչպես ազատվել դրանից ։ Եվ եթե վերջին երկուսի դեպքում խնդիրը շոշափելի է, ապա երբեմն թվում է, թե զգացողությունները փոփոխել հնարավոր չէ։ Իրականում, հնարավոր է։

Նախորդ համարներից մեկում խոսում էինք սոցցանցային կախվածությունից՝ ընթացքում նշելով, որ սոցցանցային կախվածության հիմքում հաճախ էլի սիրայինն է լինում, բայց երկուսից էլ ելք կա՝ հոգեբան Արման Բեգոյանը դրանում առավել քան համոզված է։ Անառողջ հարաբերությունները բերում են անձի քայքայմանը, տպավորություն է, թե մարդ կորցնում է սեփական «ես»-ն ու տարրալուծվում դիմացինի մեջ։ Եվ, իրոք, երբեմն նման մարդու հետ բաժանումը սարսափելի ցավոտ է լինում։ Բայց բաժանվել, այնուամենայնիվ պետք է, քանի որ քամող ու ճնշող հարաբերություններն այդպես էլ չեն դառնալու մտացածին իդելականը, դրանք չեն փոխվում, հակառակը, սովորաբար ավելի դժվար տանելի են դառնում։ Պետք չէ մոռանալ, որ կախվածություն կա ցանկացած հարաբերության մեջ՝ որոշակի առումով։ Ավելի ճիշտ կլինի այն «կապվածություն» անվանել, առանց դրա հնարավոր չեն ջերմ հարաբերությունները՝ ծնողի ու երեխայի, ընկերների ու գործընկերների, իհարկե նաև անձնական հարաբերությունների մեջ։ Բայց եթե հարաբերությունն ավելի շատ տառապանք է բերում, քան՝ հաճույք, եթե չի նպաստում անձնային աճին ու թույլ չի տալիս քեզ երջանիկ զգալ, ապա դա անառողջ շփում է, հետաբար չպետք է թույլ տալ, որպեսզի այն վնասի։ Ահա մի քանի խորհուրդ՝ սիրային կախվածությունից ազատվելու համար։Իսկ եթե ինքնուրույն չի ստացվում, հարկավոր է մասնագետի դիմել․ երկարատև տառապանքը միայն գրական հերոսներին է սազում, պետք չէ սեփական կյանքը վերածել դժոխքի։

Ավարտի գիտակցում։ Հարկ է գիտակցել, որ հարաբերություններն ավարտված են։ Սա ենթադրում է այսուհետ համապատասխան վարք ցուցաբերել, մոռացնել ու ջնջել կապող ցանկացած բան, դադարեցնել ընկերներից նորություններ ճշտելու, սոցցանցերում՝ արդեն նախկին հարազատ անունը փնտրելու փորձերը և այլն։ Սկզբնական շրջանում փոքր-ինչ բարդ է, բայց՝ հնարավոր։ Առանց կամքի ուժ դրսևորելու ոչինչ չի ստացվի։

Պետք չէ խուսափել ցավից։ Ամեն կապվածություն զգացմունքների փունջ է, որը խզելը, իհարկե, պետք է որ ցավոտ լինի։ Կորուստը բերում է տհաճ զգացմունքների, որոնցից փախչելը լավագույն լուծումը չէ, ուղղակի դրանք պետք է գիտակից վերապրել․ առանց ավելորդ դրամատիզմի, կյանքի վրա խաչ քաշելու։ Որքան էլ աբսուրդ է հնչում, բայց պետք է տանել կորուստը առօրյա կյանքին զուգահեռ՝ առանց տրվելու դրան, բայց և առանց փախչելու դրանից։

Սովորեք ձեր իսկ նախասիրությունները ամեն ինչից առաջ դնել։ Կարևորեք ձեր անձն ու ավելի մեծ ուշադրություն դարձրեք նրան։ Այն հաստատ չի ուզում տանջվել ու ապրել լարվածության մեջ։ Հետևաբար պարզ է, որ չպիտի ցանկանա հետ վերադառնալ։

Մի՛ զբաղվեք ինքնախաբեությամբ։ Հրաշքներ քիչ են պատահում, ձեզ մոտ չի ստացվի փոխել (բուժել) ավելի լավը դարձնել տվյալ անհատին։ Որովհետև վերադառնալով նախկին կետին, դուք նախ հենց ձեր մասին պետք է հոգ տանեք, իսկ հասուն մարդուն փոխել պետք չէ՝ հատկապես եթե ինքը չի խնդրում օգնել։

Զբաղվածությունը  հաճախ իսկական փրկություն է։ Մի տրվեք բացասական մտքերին։ Զբաղվեք այն ամենով, ինչով միշտ ցանկացել եք, շատ եղեք ընկերական շրջապատում, գրքերն ու ֆիլմերը ևս լավ ընկերներ են։ Եղեք առողջ, մտածեք առողջ, զգացեք առողջ ու կտեսնեք, որ այս խնդիրը ևս լուծելի է։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register