ԲԱԶՄԱԿԱՐԾՈւԹՅՈւՆԸ՝ ԱՌՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ՀԻՄՔ

1

Հնարավոր է հավանություն չտամ նրան՝ ինչ ասում ես, սակայն մինչ ի մահ ես կպաշտպանեմ քո՝ կարծիքդ բարձրաձայնելու իրավունքը։ Ինչպես որ դու պետք է պաշտպանես իմը: Հենց սա է բազմակարծությունը՝ հասարակությունը միասնական ու ուժեղ պահող ամենակարևոր  հիմնասյուներից մեկը։

Մեկ ուրիշ կարևոր սահմանում էլ կա, նույնքան կարևոր՝ հանրության միասնականության  ապահովման համար. ամեն ոք ունի իր տեսակետը պաշտպանելու իրավունք՝ միաժամանակ չհամաձայնելով, բայց և չբռնանալով դիմացինի կարծիքին։ Բազմակարծությունն առողջ հասարակության հիմքն է, ուստի բացարձակապես ցանկացած կարծիք ու ցանկություն՝ իրավունք ունեն ապրելու։ Մեդիան հենց սրանով է նաև չորրորդ իշխանություն․նա հասարակության, այսինքն՝ բազմակարծության բարձրախոսն ու բեմն է։ Բազմակարծության քարոզով զբաղվելը շատ կարևոր է, որովհետև բազմակարծությունը բերում է քննարկման, քննարկումը՝ որոշման, որոշումը՝ փոփոխության։

Առանց բազմակարծության մեզ սպառնում է ճահճացումը, որը կործանման ամենակարճ ու դյուրին տարբերակներից է։ Ուզում եք ռոբոտացված և անգրագետ հասարակությո՞ւն, ուրեմն ներշնչեք նրանց որ չի կարելի անձնական կարծիք ունենալ ու պետք է  կողմնորոշվել ամբոխի նախասիրություններով։ Հեռուստացույցը հաճախ փորձում է մարդկանց վերածել ամբոխի՝ օգտագործելով նաև լռեցնելու, մտածել չթույլատրելու տարբերակը, մինչդեռ գրագետ հեռուստացույցն անում է տրամագծորեն հակառակը․բացատրում է, որ բնական է, երբ հարևանդ քո պես չի մտածում, և դու անկեղծորեն ու անթաքույց կարող ես չկիսել նրա տեսակետը։

Բայց նրան լռեցնել չի կարելի, որովհետև  նա չի հատում քո ազատության սահմանները։ Կհատի, երբ սկսի  քարերով կոտրել քո տան պատուհանները,  քանի որ դու այլ գաղափարի հետևորդ ես։ Կհատի, երբ  փողոցում հարձակվի քեզ վրա, քանի որ դու շոկոլադե պաղպաղակ ես սիրում, իսկ նա՝ վանիլային։ Դու կարող ես անգամ պաղպաղակ չսիրել, և ես պարտավոր եմ համակերպվել այդ փաստի հետ՝ որքան էլ այն ինձ համար ցավոտ ու անընդունելի լինի։  Կհատի, երբ փորձի ճնշել ու արգելել քեզ ասել ու անել այն, ինչ ուզում ես։ Եվ դու ինքդ էլ կհատես դիմացինի կարծիքի սահմանագիծը, եթե քեզ նույն կերպ դրսևորես։Հենց այստեղ է, որ  պետությունը պետք է սահման դնի՝ օգնելով անձին պաշտպանելու իր շահը արդեն օրենքի ուժով՝ չհիմնվելով միայն բարոյական նորմերի վրա։  Երբ կարծիք արտահայտելն արդեն վերածվում է բռնության, պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն, քանի որ կարծիք ունենալն առավելություն է, բայց բռնություն կիրառելը՝  օրենքների կոպտագույն խախտում։

Պարտադիր չէ արդարացնել դիմացինին կամ փորձել հասկանալ նրան։ Սա նույնպես հաճախ կրկնվող անտեղի փորձ է, որովհետև եթե մենք ընկալում ենք բազմակարծությունը, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է փորձենք ընդունել նաև դրա բոլոր դրսևորումները։ Մեզնից հասնում է միայն «հումանիստորեն» արձագանքել դրանց, այլապես  բազմակարծությունը կվերածվի մեծագույն կեղծիքի։ Երբ դիմացինը հարգում է մեր կարծիքն ու տեսակետը, մենք միասնական ենք դառնում՝ ինչքան էլ հակառակը կարող է թվալ։ Իրար հարգող հասարակությունը երբևէ չի պառակտվի, որքան էլ բազմակարծությունը տարբեր  ճյուղավորումներ ունենա։ Կքննարկի, կբանավիճի, գուցե մի խումբը որոշի մյուս խմբին հակառակը համոզել։ Բայց չի պառակտվի, որովհետև հարգանքը ծնում է միասնականություն, կարծիքի նկատմամբ հարգանքը՝ առավել ևս։ Հենց այստեղից է ամեն ինչ սկսվում, հարգելու համար պետք է ընդունել, ընդունելու համար՝ հարգել։ Առողջ հասարակությունը սկսում է բազմակարծությունից։ Եկե՛ք թույլ տանք մեր մտքերին շնչել ու գոյություն ունենալ, բայց և չվախենանք  գաղափարական փոփոխություններից։

Սիրով՝ ձեր Արիանա

Ծաղրանկարը՝ Տոտո

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register