ԲԱՆՏԵՐԻ  ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ

1

Ժողովրդական իմաստնության համաձայն՝ բանտերը կարող են «հոնքի տեղը աչքն էլ հանել»՝ վատ մարդուն՝ ավելի վատը դարձնելով: Եվ այսպիսի օրինակները,ցավոք  քիչ չեն: Դատավորներից  ծանրագույն դատավճիռներ պահանջելը թանկ արժեք ունի: Հարկավ, որքան շատ հանցագործներ են ազատազրկվում, այնքան հասարակությունն ավելի ապահով է դառնում: Այս մեթոդի արդյունավետությունը,սակայն, գնալով նվազում է: Ու գալիս է մի պահ, երբ ազատազրկման ծախսերը գերազանցում են ձեռնարկի շահեկանությանը: Բանտարկյալները պետբյուջեի և  հարկ վճարողների համար թանկ են արժենում. բանտապահներ, բանտախցեր, սնունդ, տարածքի ընթացիկ սպասարկման համար նախատեսված ծախսեր, և այլն: Գումարներ, որոնք կարող էին օգտագործվել, ասենք՝ հանցավորության մակարդակը նվազեցնող միջոցառումների վրա (օրինակ՝ լրացուցիչ ոստիկանների ընդգրկում, հանցավորության առավել բարձր ցուցանիշ ունեցող թաղամասերի  բարելավում և այլն):

Ինչպես անչափահասների, այնպես էլ թեթև հանցագործությունների դեպքում երկարաժամկետ ազատազրկումը  ենթադրում է, որ հերթական մարդը չի աշխատի երկրի տնտեսության համար, հերթական մարդը չի վճարի հարկեր… և հավանաբար՝ բանտում կդառնա էլ ավելի վատը: Վերջինը հատկապես մտահոգիչ է անչափահասների պարագայում: Նրանցից ոմանք թեթև հանցագործություններ են գործում հուսահատությունից դրդված,մինչդեռ դատապարտվում են իբրև վտանգավոր հանցագործեր: Երիտասարդ տարիքում հայտնվելով բանտերում, նրանք շտկվելու փոխարեն առավել հաճախ  անցանկալի  «հմտություններ» են ձեռք բերում և բանտից դուրս գալով՝ կրկնում արդեն իսկ գործած հանցագործությունը, երբեմն անգամ՝ ավելի ծանրը:Եվ այսպես, «թանկարժեք» ցիկլը պտտվում է՝ վերադառնալով դարձ ի շրջանս յուր: Հետազոտությունններից մեկի համաձայն, բանտում անցկացրած յուրաքանչյուր ավել տարին՝  6%-ով բարձրացնում է կրկնահանցագործության  հավանականությունը:

2

Չափից դուրս երկարաժամկետ բանտարկումը նաև ընտանիքների տրոհման պատճառ է դառնում՝  հաճախ էլ ավելի խորացնելով  առկա խնդիրները և հուսահատության մատնելով ընտանիքներին: Սա նպաստում է արդեն իսկ անապահով ընտանիքների աղքատության մակարդակի բարձրացմանը: Իսկ աղքատության ավելի բարձր մակարդակն էլ հանգեցնում է հանցավորության ավելի բարձր մակարդակի:

Չմոռանանք  նաև այն մասին, որ երբեմն պատիժ են կրում իսկապես անմեղները… Ցավալի է, բայց՝  իրականություն:

Պետությունների կառավարությունները պետք է համատեղեն պատժի, կանխարգելման և ռեաբիլիտացիայի գործառույթները:

Պատիժը կարևոր է, քանի որ հասարակության մեջ ապրող մարդիկ պարտավոր են ենթարկվել գործող օրենքին: Այն, ինչ անում ես քո անձնական տարածքում` քո գործն է, սակայն երբ անում ես մի բան, որն ազդում է այլ մարդկանց վրա, ապա պետք է դա անես օրենքի սահմաններում, հակառակ դեպքում հասարակությանը վնաս կհասցնես: Այսպիսով, պատիժն, իհարկե, հանցագործություն  կատարած մարդուն սովորեցնելու  ու կարգի հրավիրելու միջոց է և հասարակությանն իրազեկելու եղանակ, որ օրենքներ խախտելը և մյուսներին վնասելը  հանրության համար միանգամայն անընդունելի է: Առանց պատժի՝ օրենքը կորցնում է իր ուժը:

Կանխարգելումը կարևոր է, քանի որ կապված է պատժի հետ: Կանխարգելումը՝ անօրինական քայլերից քաղաքացիներին ետ պահելուն միտված ազդակ է, որը ենթագիտակցորեն փոխանցվում է անգամ երեխաներին: Նրանք քաջ գիտակցում են, որ եթե անեն ծնողների կողմից  անընդունելի մի բան, ապա դրա համար կպատժվեն: Միևնույն ժամանակ նրանք գիտեն նաև,որ եթե մի լավ բան անեն, ապա կխուսափեն պատժից: Այս կերպ կանխարգելումը դառնում է հասարակության բարոյական կողմնացույցը:

Ռեաբիլիտացիան կարևոր է, քանի որ հանցագործություն կատարած մարդկանց օգնում է ուղղվել: Այլ կերպ ասած՝ նպաստում է նրանց  կողմից  հանրությանն ինտեգրվելու հմտություններ յուրացնելուն կամ ազատվելուց հետո նորմալ աշխատանք ստանալու հնարավորություն ունենալուն: Կարևոր է, որ բանտից դուրս գալուց հետո նրանք չհայտնվեն փողոցներում և մեկ այլ հանցագործություն չկատարեն: Ռեաբիլիտացիան ենթադրում է աշխատանք, ինչի շնորհիվ ազատազրկման վայրերում հայտնված մարդիկ դառնում են հասարակության կողմից ավելի ընդունելի: Շնորհիվ դրա, ազատության մեջ հայտնված բանտարկյալներն ունակ կլինեն ապրել և համագործակցել մյուս մարդկանց հետ: Պատիժը կարևոր է: Այն ստիպում է բանտարկյալներին զգալ, որ իրենք մնացած քաղաքացիների նման չեն, քանի որ նրանք փաստացի՝ քաղաքացիներ չեն: Ահա թե ինչու են նրանք հագնում մյուսներից  առանձնացնող համազգեստ, ինչը ընդգծում և նրանց առանձնացնում է հասարակության մյուս՝ օրինավոր անդամներից: Ահա թե ինչու են նրանք ազատազրկված, ինչու նրանց չի թույլատրվում անել այն՝ ինչ ցանկանում են:

3

Եվ այս ամենը հասարակությանն ուղղված կարևոր ազդակ է, ազդակ այն մասին, որ ազատազրկվածներն իրենց չեն դրսևորել օրինավոր քաղաքացիների նման: Այնուամենայնիվ, այս գործընթացը երկար տարիների ընթացքում կարող է բանտարկյալների մտավոր առողջության վրա նաև ծանր, վնասակար ազդեցություն ունենալ, հաճախ նրանց դարձնելով հասարակության համար էլ ավելի վտանգավոր: Հետևաբար, առանց ռեաբիլիտացիայի պատիժը՝ վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն, որ դատապարտյալներն ազատ արձակվելուց հետո ի վիճակի չեն լինում աշխատանքի անցնել: Բանտարկյալների հետ աշխատող, նրանց կրթելու կոչված ինստիտուտներն ու ՀԿ-ները ռեաբիլիտացիոն գործընթացում, հատկապես ազատվելուց հետո բանտարկյալներին աշխատանք գտնելու հարցում հնարավորություն ընձեռելու առումով՝ կարևոր դերակատարություն ունեն: Ռեաբիլիտացիան և հանցանքի դրդող վայրերից, իրավիճակներից և մարդկանցից բանտարկյալներին խուսափել սովորեցնելը (բիհեյվորիստական թերապիա)՝ հանցանքի կրկնությունը նվազեցնելու գործում էական դերակատարություն  ունեն: Քիչ հավանական է, որ աշխատանք գտած և հասարակությանն ինտեգրված նախկին դատապարտյալները կրկին հանցավորության  ուղին ընտրեն:

Անցած շաբաթ հնարավորություն ունեցա շախմատային համաժամանակյա խաղի սեանս անցկացնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներից  20-ի հետ: Ես դա արեցի, քանի որ հավատում եմ, որ ռեաբիլիտացիոն փուլում` բանտերի երրորդ գործառույթում, շախմատն ունի իր բարերար ներգործությունը:

Սովորաբար կալանավորներն անապահով ընտանիքներից են և ունեն կրթության ցածր մակարդակ: Կամ առհասարակ կրթված չեն և բանտում գտնվելու ժամանակ ունեն  սահմանափակ հնարավորություն՝ դրական էներգիա և հույզեր ստանալու համար… Շախմատը բարելավում է կալանավորների՝ հարաբերություններ կառուցելու, հաղորդակցվելու, քննադատորեն մտածելու, խնդիրներ լուծելու և պարտականություններ ստանձնելու հմտությունները: Դրանց առկայությունը երկարաժամկետ դրական ազդեցություն կարող է ունենալ՝ հատկապես նրանց բանտից դուրս գալու փուլում:

Երբ խաղից առաջ խաղացողների դիմացով շրջան արեցի ու ընդունված կարգի համաձայն, ձեռքսեղմման համար բոլոր խաղացողներին ձեռքս մեկնեցի, բոլորը սեղմեցին իմ ձեռքը, բացի մի բանտարկյալից: Իրանցի էր: Նա նշեց, որ մահմեդական է և չի սեղմի ձեռքս: Մի քանի ժամ անց,սակայն, տեսնելով  թե ինչպես են մյուս հանցագործները հանձնվում և զգալով, որ ինքը նույնպես պարտվում է,հանդարտվեց և սկսեց ժպտալ, հաճախ խոսել մյուսների հետ: Վերջիվերջո նա  նույնպես հանձնվեց և սեղմեց ձեռքս: Նա դարձավ իսկական տղամարդ՝ իրեն չպահելով  «ես»-ի հետ խնդիրներ ունեցող վախկոտի պես:

Շախմատը բոլորին հավասարեցնում է, կանգնեցնում միևնույն հարթակին: Ու ամենևին էլ կաևոր չէ մարդու մաշկի գույնը, տարիքը, կրոնը, գիրությունը կամ նիհարությունը, գործած հանցանքն ու անմեղությունը: Շախմատը հավասարապես  մարդկայնացնում է բոլորին: Ու սա շատ կարևոր է ազատազրկվածների համար: Կարևոր՝  իրենց մտքում հպարտություն զգալու, պարտությունների համար պատասխանատվություն կրելու և մյուսների հետ միասին համերաշխ ապրելու  գիտակցումն ունենալու առումով: Դա նրանց վստահություն է տալիս՝ ինչը կարևոր է հասարակության համար դրական մարդ դաստիարակելիս:

Հուսով եմ՝ բանտ այցելությունը դրական ազդեցություն ունեցավ,որոշ ժամանակ անց՝ գուցե էլի հյուրընկալվենք: Իսկ մինչ այդ, առաջարկում եմ շախմատ խաղալ սովորել: Այդ ժամանակ կզգաք, թե ինչպես եք փոխվում: Գուցե մի օր էլ միասի՞ն խաղանք: Իհարկե … բանտի պատերից դուրս:

 

Սիրով՝ ձեր  Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register