ՊԼԱՍՏԻԿԵ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՕՎԿԻԱՆՈՍ

Համաշխարհային օվկիանոսն աստիճանաբար վերածվում է գերհսկա աղբավայրի: Դրա պատճառը յուրաքանչյուր օր ջրային տարածք նետվող միլիոնավոր պլաստիկե շշերն են: Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված իրերը հայտնվելով ջրային տարածքում այն վերածում են աղբավայրի՝ վտանգելով մարդկության համար կենսական նշանակություն ունեցող ջրամբարը:
Եթե հաշվի առենք, որ հենց համաշխարհային օվկիանոսն է համարվում թթվածնի հիմնական մատակարարը, որ հենց նա է կանոնակարգում մեր կլիման և հանդիսանում Երկիր մոլորակի վրա բնակվող էակներից շուրջ 80 տոկոսի տունը, ապա պատկերն առավել քան խոսուն կդառնա:
Գիտնականների վերջին ուսումնասիրություններն առավել քան մտահոգիչ են: Այդ ուսումնասիրություններից պարզվել է, որ օվկիանոսային ձկներից շատերը սկսել են ընտելանալ պլաստիկե սննդին: Ըստ կանխատեսումների, 2050 թվականի մոտակայքում համաշխարհային օվկիանոսում ձկներից ավելի շատ պլասիկ է լինելու:
Այս փաստը հարկադրել է բոլորին առավել զգոն լինել ու հրաժարվել վտանգավոր շատուշատ նախաձեռնություններից: Հանրային ճնշման ներքո Արտանետումների ծավալով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Ինդոնեզիան վերջերս հայտարարեց պլաստիկե մնացորդների 70 տոկոսի կրճատման մասին: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը մտադիր է մոտակա օրերին համաշխարհային օվկիանոսի մաքրությանը նվիրված հավաք կազմակերպել: