ԱՅԴ  Ու՞Ր, ԱՌԱՆՑ ԾԱՂԻԿ ԿԱՄ  ԵՐԲ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՀԱՆԴԻՄԱՆՈւՄ ԵՆ

1

Երթուղային տաքսում հարմարորեն նստած կամ շախմատաձև խցկված ես։ Ու մեկ էլ մի պաստառ որոշում է վրադ մատ թափ տալ․«Իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար»։ Մի պահ շվարում ես․ իսկ ի՞նչ պետք է անեմ, երբ ես Երևանում եմ, երբ իմ աշխատանքը ուղիղ կերպով կապ չունի ռազմավարության, Արցախի տնտեսության և այլ ոլորտների հետ։ Ի վերջո, նմանօրինակ  հարցեր լուծելու համար կառավարությունն է պատասխանատու, որը  ինչ-ինչ քայլեր, իհարկե, ձեռնարկում է։

Շատ հաճախ էլ կամավորական խմբերն են Արցախի գյուղական համայնքների դպրոցների համար գրքեր, հագուստ ու սնունդ հավաքում: Բայց դա իրավունք չի տալիս որևէ մեկին մատ թափ տալ ու  պահանջել, որ մենք Արցախի համար որևէ բան անենք։ Անում ենք ամենակարևորը՝ սիրում ենք, փայփայում ենք, ծառայում ենք այնտեղ։

Հասկանալի է, որ սրանով հեղինակները ցանկացել են մարդկանց մոտիվացնել, որպեսզի ավելի շատ հետաքրքրվեն մեր երկրորդ հայրենիքով, սակայն, իրականում, հակառակ  արձագանքն է ստացվում։ Մեղքի զգացում ես ունենում՝ անհիմն, անտեղի, անհասկանալի։ Որովհետև, ստացվում է, որ  կամավորական սկզբունքով օգնություն ուղարկելը քիչ է, հայրենիք սիրելը քիչ է, ծառայելը քիչ է, մեզնից էլի ինչ-որ բան է պահանջվում։ Մինչդեռ ցանկալի արդյունքին հասնելու համար կարելի էր ուղղակի ստեղծել ուղերձ, որտեղ կառաջարկվեր, օրինակ, ամառն Արցախում անցկացնել, քանի որ այն, իսկապես, դրախտավայր է երկրի վրա։ Կամ էլ առաջարկել  մասնակցել այս ու այն նախաձեռնությանը։ Բայց ոչ թե հրամայական տոնով, այլ՝ սիրով։ Ու համոզված եմ, որ արձագանքը շատ ավելի ճիշտ ուղով կգնար։Առհասարակ,  վերջերս տարատեսակ գովազդային պաստառները հաճախ են բղավում մեզ վրա։ Էլի ուզել են լավ արդյունք ստանալ, բայց ձախողել են ցանկությունը։ Որքան էլ հասկացնես գովազդային գործակալություններին, որ գովազդը չպիտի պարտադրող երանգներ ունենա, այլ պետք է ընկերական-բարեկամական տոնայնություն պարունակի, մեկ է, անընդհատ փորձում են մեզ վրա այս ու այն ապրանքանիշը փաթաթել, կամ ստիպել ինչ-որ մի բան անել։ Նման կերպ որոշ ժամանակ առաջ մի ֆիթնես ակումբ բավականին գռեհիկ գովազդ էր տեղադրել, որում գրված էր․«Սիրելիս, նիհարիր, և ես կվերադառնամ», այնուհետև զետեղված էր ակումբի հեռախոսահամարն ու հասցեն։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Կամ, եթե ավելի թարմ օրինակ է պետք, վերջերս քաղաքում տարածվեց «Մեր մեծերը» խորագիրը կրող պաստառների շարք, ու այդ շարքի որոշ անձանց մեծություն լինելը խիստ համեմատական էր՝ եթե համադրում էինք շարքի մնացյալ՝ իսկապես արժեքավոր ու իրենց անունը դարեդար ապրեցնող անձանց հետ։

Եվ ոչինչ, որ գոնե նմանօրինակ էժանագին տեքստեր ու հանդիմանություններ լինեն։ Երբեմն  պաստառներից  տգիտությունն է բղավում։ Օրինակ, Կիևյան փողոցում մի պաստառ կա,  հոգևորականի հագուստով տղամարդ է՝ մակագրված «Խրիմյան Հայրիկ»։ Ամեն բան կարգին է, միայն թե մի փոքր խնդիր կա․ լուսանկարի տղամարդը Խրիմյան Հայրիկը չէ։ Եվ սա միակ դեպքը չէ, երբ խեղաթյուրվում են փաստերը։Գովազդները,  թեմատիկ պաստառների շարքերն ամբողջ աշխարհում առանձին արվեստ են համարվում։ Մեզ մոտ դրանք որակապես հիմնականում զիջում են՝ չնայած հանուն արդարության պետք է նշել, որ որոշ հետաքրքիր գովազդներ արդեն ստիպում են ժպտալ, մտածել ու ակնկալել, որ մի օր այս ոլորտն էլ ավելի կբարելավվի։ Մնում է նաև հուսալ, որ ի վերջո պաստառները կդադարեն հանդիմանել մարդկանց։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register