ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄՐԳԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

cover

Օրգանական գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում արագ զարգացող ճյուղերից է: Առանց քիմիական հավելումների աճեցված միրգն ու բանջարեղենն ավելի օգտակար և առողջարար են ոչ միայն մարդու համար, այլև անվտանգ՝ բնության ու բնական պաշարների սպառման տեսանկյունից: Օրգանական մթերքի պահանջարկը հատկապես մեծ է եվրոպական և ամերիկյան շուկաներում: Հայաստանի համար սա արտահանման լուրջ հնարավորություն կարող է դառնալ: Եվրամիության ֆինանսավորմամբ և «Ավստրիական զարգացման գործակալության» ջանքերով Հայաստանում 2015-ից մեկնարկել է «ՕԳԱՆ» ծրագիրը (Օրգանական գյուղատնտեսության աջակցման նախաձեռնություն), որն օրգանական գյուղատնտեսության զարգացման առաջին համապարփակ նախաձեռնությունն է մեր երկրում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն Եվրո: 2015-ից ի վեր բազմաթիվ հայ գյուղատնտեսներ խորհրդատվություն են ստացել «ՕԳԱՆ»-ի կողմից, մասնակցել սեմինարների: Նրանցից 45-ը սկսել են օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվել,իսկ արդեն զբաղվողներն էլ ընդլայնել իրենց գործունեության ոլորտները: Ինչպիսի՞ն է օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակը Հայաստանում, օրգանական ի՞նչ մթերք է արտադրվում Հայաստանում և իրացման ինչ հանրավորություններ կան: Այս ու այլ հարցերի մասին է «Ճամփորդի» զրույցը՝ «ՕԳԱՆ» ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբերի հետ:

1

– Պարոն Մուքենհուբեր, ներկա պահին Հայաստանի տարբեր մարզերում 45 գյուղատնտես զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ: Չէի՞ք ասի, թե հիմնականում ինչ է արտադրվում Հայաստանում:
– Նախ նշեմ, որ մինչ արտադրությամբ զբաղվելը մենք տեղեկատվական մեծ արշավ ենք իրականացրել, բոլոր լրատվամիջոցներով ցանկացողներին իրազեկել ենք ծրագրի մեկնարկի մասին: 100-ից ավել դիմում ստացանք: Մեզ համար բավականին դժվար էր ընտրություն կատարելը: Ի վերջո ընտրեցինք 45 նախաձեռնություն, որոնցից 18-ին հատկացվեց դրամաշնորհ: Եթե աշխարհագրորեն նայենք, Հայաստանի բոլոր մարզերն էլ ընդգրկված են օրգանական արտադրության էքսպերիմենտալ արժեշղթայի մեջ: Հիմնականում՝ մրգերի, հատապտուղների, խոտաբույսերի, մեղրի:

– «ՕԳԱՆ»-ն ի՞նչ տիպի աջակցություն է ցուցաբերել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին:

-18 կազմակերպության դրամաշնորհ է տրամադրվել: Նրանց մի մասը հատկացված ֆինանսների շրջանակում ոռոգման նոր համակարգ է անցկացրել, ոմանք էլ հատկացված միջոցները ծառայեցրել են՝ նոր տեխնիկա, մեքենաներ ձեռք բերելու նպատակին: Որոշ կազմակերպությունների տրամադրել ենք սերմեր, աջակցել սարքավորումների ձեռքբերման հարցում: Սկզբնական փուլում թրեյնինգներ ենք կազմակերպել, ներկայացրել՝ ինչ է օրգանական գյուղատնտեսությունը, ինչպես պետք է վերահսկել այն, սերտիֆիկացման գործընթացին ինչպես մասնակցել, ինչ է օրգանական պարարտանյութն ու ինչպես է պետք այն օգտագործել: Հաջորդ փուլում արդեն բրենդինգի, մարքեթինգային նրբություններին էինք անդրադառնում, անգամ դիզայներ վարձեցինք, որ աջակցեր ֆերմերներին այդ հարցում:

-Հայերն ավանադական մշակաբույսերի մշակման հարցում մեծ փորձ ունեն, սակայն նոր փոփոխություններին դժվարությամբ են հարմարվում: Հե՞շտ էր նրանց «ստիպելը» օրգանականի անցնել:

-Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ֆերմերները պահպանողական են: Այս խնդրին անգամ Ավստրիայում ենք բախվել, երբ մարդիկ ասում էին՝ իմ հայրը զբաղվել է սրանով, իմ պապիկը զբաղվել է սրանով, ինչո՞ւ պետք է ես օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվեմ: Մենք ստիպված էինք շրջել Հայաստանի տարբեր մարզերով և բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Ամեն մարզում մի հաջողակ ֆերմեր էր ընտրվում, որն էլ մյուսներին ներկայացնում էր, թե ինչ առավելություններ ունի օրգանական գյուղատնտեսությունը:

-Ինչու՞ էին համաձայնում զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ՝ որովհետև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությո՞ւն կար, թե՞ իսկապես կարևորում էին առողջ արտադրությունը:

-Դրամաշնորհներն, իհարկե, դրական ազդեցություն ունեցան, որովհետև նվազեցրին ռիսկերը. ավանդականից օրգանական գյուղատնտեսության անցումը երկարատև պրոցես է՝ մոտ 3 տարի է պահանջում: Ուստի դրամաշնորհները որոշակիորեն մեղմում էին այդ ժամանակի կորուստները:

3

-Հայաստանում ի՞նչ նորարարական արտադրանք են ստանում:

-Հայաստանում զարգացման առաջնահերթություն են ճանաչվել մրգերը, հատապտուղները, խոտաբույսերը, մեղրն ու էքսպերիմենտալ արժեղթան: Առանձին էքսպերիմենտների խումբ առանձնացնելը փոքրիկ հնարք էր մեր կողմից, որ մարդիկ մտածեին՝ էլ ինչ կարող են արտադրել բացի այն ամենը, ինչ մենք արդեն գիտենք: Օրինակ, մի ֆերմեր առաջարկեց օրգանական ձիթապտղի յուղ արտադրել, ինչը Հայաստանում առաջինն էր: Այս խմբում է նաև օրգանական գինին, որը շուտով կարտադրվի Հայաստանում:

-Հայկական օրգանական արտադրանքներից որի՞ պահանջարկը կա տեղի և միջազգային շուկայում:

-Հայկական շուկան զարգանում է, եթե նախկինում միայն մի խանութում կարելի էր օրգանական մթերք գտնել, ապա հետագայում Քարֆուրում անկյուն ունեցանք, Հալեպ խանութների ցանցում, Նոր զովքում… Այնպես չէ, որ մեկ գիշերվա ընթացքում ամբողջ ապրանքը սպառվում է, բայց պահանջարկը գնալով մեծանում է: Ինչ վերաբերում է դրսի շուկաներին, ավելի շատ եվրոպական շուկաների վրա ենք շեշտը դնում, քանի որ նախ՝ ծրագիրը ԵՄ ֆինանսավորմամբ է իրականացվում, երկրորդ՝ այդ շուկային ավելի լավ ենք ծանոթ: Բայց հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, մենք ճանապարհներ ենք փնտրում նաև Միջին Արևելքում ներկայացված լինելու համար: Դուբայի էքսպոյին ենք պատրաստվում մասնակցել…Հայկական արտադրանքը չի կարող մրցակցել չինական կամ թուրքական ապրանքների հետ, քանի որ այնտեղ ծավալները մեծ են, ինքնարժեքն՝ ավելի ցածր: Այդ պատճառով մենք պետք է ներկայացնեք հայկական արտադրանքի յուրահատկությունները. սա մրցունակ կդարձնի մեր մթերքը դրսի շուկայում:Այժմ բանակցություններ են ընթանում Հայկական զարգացման հիմնադրամի հետ, որպեսզի Մոսկվայում ևս ներկայացված լինենք, քանի որ այնտեղ լավ գին կարելի է ստանալ օրգանական արտադրանքի համար: Եկող տարվանից կփորձենք ներկայացված լինել նաև Ամերիկայում. այնտեղ հայերի թիվը մեծ է, և հայկական արտադրանքի պահանջարկը պետք է որ մեծ լինի:

2

-Հայաստանում հանքերի թիվը գնալով ավելանում է: Դա որքանո՞վ է խանգարում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:

– Իհարկե, աղտոտումը կրճատում է օրգանական տարածքների թիվը: Դավիթ Պիպոյանը վերջերս հայտարարություն էր տարածել, որ Երևանում վաճառվող պտուղ-բանջարեղենի մեջ մեծ քանակությամբ ծանր մետաղներ են հայտնաբերվել, ինչը հանքարդյունաբերության հետևանք է: Պետք է ասեմ, որ դա քաղաքական հարց է, և Հայաստանն ինքը պետք է որոշումներ կայացնի: Այստեղ խնդիրը շարունակականությունն է. դու ի՞նչ ես ուզում՝ կարճ ժամանակում շատ շահույթ ունենա՞լ, թե՞ երկարաժամկետում գործել և ունենալ կայուն եկամուտ: Երբ օգտագործում ես արհեստական պարարտանյութ, ստանում ես փքված, գեղեցիկ արտադրանք, մեծ եկամուտ, սակայն մի քանի տարի անց հողի որակն ընկնում է և դու ունենում ես խնդիրներ: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելիս հողը որակը չի կորցնում, և դրանից լավ բերք կարող է ստանալ անգամ քո որդին, քո թոռը…

– «ՕԳԱՆ» ծրագրի ավարտը նախատեսվում է 2018-ի օգոստոսին: Ի՞նչ է նախատեսվում ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

-Կան կազմակերպություններ, որոնք դիմել են սերտիֆիկացման համար, սակայն մինչև 2018-ի օգոստոս սերտիֆիկատը ստացած չեն լինի: Մենք շարունակելու ենք ևս մեկ տարի պահել կապը նրանց հետ և աջակցել որոշակի հարցերում: Երկրորդ՝ մենք պայմանագիր ենք կնքում նախագծերն իրականացնողների հետ, որ նրանք առնվազն 3 տարի օրգանական գյուղատնտեսության ոլորտում մնան և շարունակեն գործունեությունը: Լուրջ աշխատանք ենք կատարել նաև սերտիֆիկացման, իրավական դաշտում: Ինչ վերաբերում է կրթությանը, «ICARE» հիմնադրամի և Ավստրիական զարգացման գործակալության հետ պլանավորում ենք օրգանական գյուղատնտեսության ուսումնական ծրագիր մշակել և ներդնել Ագրարային համալսարանում:

– Ավստրիայում գյուղատնտեսության 20%-ը բաժին է ընկնում օրգանականին: Հետաքրքիր է, Հայաստանում որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ այդ ցուցանիշին հասնելու համար:

– Ավստրիայում այդ գործընթացը 100 տարի տևեց: Հուսամ՝ Հայաստանում դրա համար այդքան երկար ժամանակ չի պահանջվի (ժպտում է՝ հեղ.): 1920-ականներից սկսած մենք աշխատում էինք այդ ուղղությամբ, սակայն Ավստրիայում կառավարությունը չփորձեց միանգամից ոգևորել ֆերմերներին: Երբ բազմաթիվ մարդիկ սկսեցին պահանջել օրգանիկ արտադրանք, դրանից հետո միայն կառավարությունը սկսեց սուբսիդավորել և աջակցել օրգանական գյուղատնտեսությանը: Այն, ինչ մենք անում ենք Հայաստանում, ժամանակի կրճատում է, որպեսզի Հայաստանը ոչ թե 100 տարում, այլ 10 տարում հասնի այսպիսի արդյունքի:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register