ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ
Անցած շաբաթ տոնական տրամադրության մեջ էր Արցախը: Ստեփանակերտում անցակցվում էին ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից սեպտեմբերի 2-ին առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելեց Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ինչպես նաև՝ Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ խոնարհեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
—
Աշխարհի ուշադրությունն անցած շաբաթ տեղափոխվել էր Չինաստան: Հանչժոու քաղաքում անցկացվում էր G20 գագաթնաժողովը: «Նորարար, առողջ, փոխկապակցված և ինկլյուզիվ համաշխարհային տնտեսության կառուցումը»: Ահա սա էր գագաթնաժողովի հիմնական թեման: Լուսանկարվելու արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգնեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողքին, այնուհետև դահլիճ մտավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը, ձեռքով ողջունեց միայն Պուտինին և կանգնեց նրա կողքին:
—
G20-ի շրջանակում հանդիպեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը: Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ժնևյան բանակցություններից հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայում փոխգործակցության շուրջ: Գագաթնաժողովի շրջանակում կայացած Պուտին- Մերկել հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն առնչվող հարցեր:
—
Սիրիայում ռազմական փոքրիկ հաջողությունից ոգևորված Թուրքիան ակնկալում էր, որ Գերմանիան կարող է հրաժարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևից: Սակայն կանցլեր Անգելա Մերկելը անցած շաբաթ RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում հստակ հայտարարեց. «Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկիՀայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»:
—
Շաբաթն անհանգիստ էր Վենեսուելայում: Ընդդիմության համակիրները հավաքվելով մայրաքաղաք Կարակասում, բողոքի հուժկու ցույցեր անցկացրեցին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով: Ըննդիմադիրների հաշվարկով ցույցերին մասնակցել է 1 մլն մարդ: Կարակասի շուրջ տեղակայվել էին ոստիկանության լրացուցիչ ուժեր և բանակի զինծառայողներ: Նախագահի կողմնակիցները պատասխան հանրահավաք կազմակերպեցին և քննադատեցին ընդդիմադիրներին: Բնական պաշարներով հարուստ Վենեսուելան տևական ժամանակ է, ինչ գտնվում է տնտեսական աղետի շեմին, ինչն էլ հակակառավարական զանգվածային ցույցերի հիմնական պատճառն է:
—
Անցած շաբաթ անհարմար վիճակում էր հայտնվել Ուզբեկստանի ղեկավարությունը, որը մի քանի օր չէր կարողանում հաստատել կամ հերքել երկրի նախագահի մահվան մասին լուրը: Շաբաթվա սկզբում ԶԼՄ-ները հաղորդեցին Իսլամ Քարիմովի մահվան մասին: Սակայն լուրը պաշտոնապես հաստատվեց միայն ուրբաթ օրը: Հուղարկավորությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին՝ Սամարղանդում :Քարիմովի հուղարկավորությանը Հայաստանից մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: