ՄԵՐ «ՆԱՎԹԸ»…

5

Երկարատև տնտեսական զարգացման համար ամուր մեջք ունեցող կրթություն է անհրաժեշտ: Սա վերաբերում է բոլոր երկրներին, բայց մեր պարագայում դա  առավել քան կարևոր է, քանի որ մենք ցածր եկամուտներով երկիր ենք ու չունենք արտահանվող պաշարներ, օրինակ՝ էներգետիկ ռեսուրսներ՝ նավթ ու գազ: Մենք ունենք ոսկի, բայց այն չի արդյունահանվում և արտահանվում լայն մասշտաբներով: Իսկ քիչ ռեսուրսը՝ քիչ եկամտի հոմանիշն է:  Այդ դեպքում որտե՞ղ  պետք է փնտրել լուծումը: Ներդրումները պետք է կրթության ոլորտ ուղղել. սա, թերևս, լավագույն տարբերակն է: Մեր նավթը՝ մեր գիտելիքն է, արտահանվող ռեսուրսը՝ խելացիությունը:

Բայց  մի քանի դպրոց կառուցելով հարցը լուծում չի ստանա: Կրթությունը երկարաժամկետ ներդրում է պահանջում: Կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար  շարունակական աշխատանք է հարկավոր, որտեղ նոր կրթօջախները ոչ թե պետք է հատ-հատ հաշվեն, այլ մտածելակերպն ու կրթական ամբողջ համակարգը ալիք-ալիք ու փուլ առ փուլ փոփոխությունների պետք է ենթարկվեն ու ավելի ամուր կանգնեն իրենց ոտքերի վրա:

Կրթությունը հարստացնում է մարդկանց, նպաստում հասկանալու աշխարհն ու ներաշխարհը:  Կրթական բարելավված մակարդակը հանգեցնում է ընդլայնված  հասարակական բարիքների և՛ անհատների, և՛ հասարակության համար: Քաղաքացիները որակապես աճում են, դառնում են ավելի լավը, հանցագործության մակարդակը նվազում է: Կրթությունը մարդկանց հույս է տալիս, իսկ երբ մարդը հույս ունի, նա ձգտում է կյանքը լավագույնս ապրել ու օգտակար լինել հասարակությանը: Կրթությունը բացում է մարդկանց աչքերը, ցույց տալիս, որ այլըտրանք կա՝  նստելու և դրսից գումարի սպասելու, գողանալուց և ոչինչ չանելուց բացի:

Կրթությունը ուժ է տալիս մարդկանց.  հատկապես կանանց:

Երկիրը աղքատությունից հանելու  և  ցածր եկամուտներով երկրին երկարատև  ու կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել  երկու ֆունդամենտալ գործոնի: Պետք է  կանանց ուժ, իշխանություն և կրթություն տալ:

Ընդունված կարգի համաձայն, զարգացող երկրներում, որտեղ ՀԿ-ներ կան, գումարը տրամադրում են  կանանց, ոչ թե՝ տղամարդկանց, քանի որ նրանք ավելի ճիշտ են կողմնորոշվում գումարային հարցերում ու հեռու են մնում անպետք ու չպլանավորած ծախսերից՝ թե՛ իրենց ընտանիքում, թե՛ համայնքում, թե՛ աշխատանքի մեջ:

Կրթությունը բարձրացնում է մարդկանց արդյունավետությունը և կրեատիվությունը, խթանում ձեռնարկատիրությունը և տեխնոլոգիական զարգացումը: Տնտեսությունում արդյունավետության բարձրացումը և տնտեսական աճը խթանելու համար տեխնոլոգիաները մեծ դեր ունեն, քանի որ դրանք ավելի արդյունավետ են դարձնում մարդկային ռեսուրսներն ու կապիտալը , այսինքն՝ քո ունեցածով ավելի շատ բան կարող ես անել: Իսկ ինչպե՞ս է պետք աջակցել տեխնոլոգիական հեղափոխությանը: Երիտասարդների համար լավ միջավայր ապահովելով, նրանց կրթելով, ոգևորելով ու կրետիվությունը խթանելով:

Կրթությունն ունի վճռական դեր նաև տնտեսական և սոցիալական զարգացման և եկամուտների բաշխվածության բարելավման ու ապահովման հարցում: Այլ կերպ ասած՝ այն օգնում է տարածել հարստությունը և  ոչ թե կենտրոնացնել այն՝ միայն հասարակության վերնախավում: Կրթությունը  բոլոր ոլորտները միասին է վերև բարձրացնում, քանի որ դրանց բոլորի սնող երակը գիտելիքն է: Ունես գիտելիք՝ ունես լավ կյանք, և սա ազնիվ ճանապարհ է:

Երբ շեշտը ուղեղի վրա դնենք, դրական փոփոխություններն  անխուսափելի կլինեն: Մեզ մնում է ամրացնել մեզ ու սպասել դրանց:

Սիրով՝ ձեր  Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register