25 – ԱՄՅԱ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ 

5

Կանաչի մեջ կորած կարմիր տանիքներով տներ, անտառների փեշերին ծաղկած շեներ ու անուշ մի բարբառ, որ ջերմացնում է սիրտ ու ականջ: Այստեղ ապրում է հպարտ մարդկային մի տեսակ, որի համար գերագույն արժեքն ազատությունն է: Այստեղ ծնված մանուկն անգամ գիտի ազատության գինը, որովհետև իրենց կամ հարևանի տանն անպայման պատերազմի, կորստի ու հաղթանակի  հիշողություն կա…

Սա Արցախն է, գեղատեսիլ մի երկրամաս, որի ժողովուրդը մի ամբողջ բռնապետության դեմ դուրս եկավ. դուրս եկավ մեն մի պահանջով՝ ազատություն, անկախություն: Դա հեռավոր 88-ին էր, իսկ 91-ին արդեն խաղաղ պայքարը պատերազմի շեմին էր: Յուղոտ պատառ կորցնելու ահից՝ Բաքվի համար Արցախի ինքնորոշումն անմարսելի էր: Ու սկսեցին ահաբեկել, սպառնալ, թիկունքից հարվածել: Սա ամենևին չկանգնեցրեց արցախցուն, այլ ստիպեց ավելի վճռական լինել: Այդպես ծնվեց Արցախի անկախության օրը: Մարդիկ միասնական հանրաքվեով այո ասեցին անկախությանը:

Ամիսներ հետո չհայտարարված պատերազմը հայ-ադրբեջանական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով էր: Միայն  հային հասկանալի ուժով կասեցվեց թուրք-ադրբեջանական հարձակումն ու թշնամուն հրադադար պարտադրվեց՝ ազատագրված տարածքների անվտանգության գոտիով հանդերձ: Սա ազատության տարեգրության ամենավճռական շրջանն էր:

Ազատությունն Արցախում այսօր մեծանում է ինչպես մի հրաշամանուկ, իր շնչով ու ուժով վարակելով մեծ ու փոքրին: Այդ Հրաշամանուկն ամեն տանը տեղ ունի, վերածնվում է բոլոր մանուկների հետ ու շարունակում զորանալ: Արցախի հանրապետության դրոշի ծալքերում այդ Հրաշամանուկի ժպիտն է, սահմանը գիշերով հսկող զինվորի թիկունքին՝ ամուր ձեռքը:

Եվ այդպես արդեն՝ քսանհինգ տարի, քառորդ դար. Արցախի հանրապետությունը դարձել է ազատության խորհրդանիշ՝  աշխարհում: Եվ մինչ աշխարհի խոշոր ու մանր խաղացողները քաղաքական ու տնտեսական խաղեր են տալիս, Արցախ աշխարհս իր լեռների պես վերևից նայելով, իր գործին՝ դավերից հեռու իր ազատ ու անկախ կյանքին է: Դե թող բազում քաղաքագետներ ու վերլուծաբաններ գլուխ ջարդեն, առաքելություններ ու լուծումներ գտնեն, ազերիների հետ տան ու առնեն, Արցախիս պետքը չի. մեր բարձունքներին չեն հասնում քաղաքական փոշիները:

Սեպտեմբերի երկուսի խոհերի շրջանակում միտքս պարզեմ. անկախության անցած քառորդ դարն Արցախում ծնունդ է տվել նոր մի սերնդի, որը պատկերացում անգամ չունի սովետի ու իր հետևանքների մասին: Հաջորդ սերունդը շատ ավելի առաջ է գնալու: Եվ գալու է պահը, երբ դարձի են գալու անգամ Ալիևի թոռները:   Եվ քաղաքական խաղիկները ՝ Արցախի շուրջ դադարելու են սնունդ լինել պարապ նկրտումների համար: Արցախս գիտի ուր է գնում ու գիտի նաև՝ ետդարձ չկա:

Այո՝ անկախությանն ու ինքնորոշմանը, այո՝ ինքնությանն ու զարգացմանը:  Այս գիտակցությամբ քառորդ դար առաջ վերածնվեց ազատ Արցախը, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ աշխարհի քաղաքական  քարտեզին ամրագրելով իր տեղն ու իրավունքը:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register