ԱՆՎՃԱՐ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

C05BD04B-6E1A-4854-B9AC-18C1EE4FFDB4

Գրեթե կես տարուց ավելի է, ինչ գործում է շատ հեռանկարային և կարևոր, անվճար «Բունուս»(www.boonus.am) առցանց կրթական հարթակը: Հարթակում առայժմ ներկայացված են հանրակրթական դպրոցներում պարտադիր ուսուցանվող, 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված «Հասարակագիտություն» առարկայի դասընթացները: «Բունուսը» կյանքի է կոչվել «Բուն»(boon.am) գիտամշակութային հիմնադրամի կողմից` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ։ Այս հետաքրքիր նախագծի մասին «Ճամփորդը» զրուցել է «Բուն» հիմնադրամի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանի հետ:

Ի՞նչ է «Բունուսը»
«Բուն TV»-ն՝ առաջին հայկական գիտամասնագիտական առցանց հեռուստատեսությունը, գործարկվել է 2013 թվականին: Ի տարբերություն «Բուն TV»-ի, «Բունուսում» պարզապես տեսանյութեր չեն պատրաստվում և ցուցադրվում, այն ավելի ինտերակտիվ է, ունի գրադարան, ֆորում, քննությունների հանձնման հնարավորություն:

Ավելին, քննությունները հաջող հանձնելուց հետո, մասնակիցը կարող է անցնել նախագծային կրթության: Եթե «Բուն TV»-ն չունի տարիքային սահմանափակում, ապա այստեղ՝ հիմնական թիրախային խումբը դպրոցահասակներն են, թեև տեսանյութերին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք: Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիները (և ոչ միայն) նույնպես ծրագրի միջոցով կարող են հայերենով որակյալ կրթություն ստանալ: «Որպեսզի անցնենք մտքերի փոխանակման փուլին, մենք պետք է ուշադրություն դարձնենք հանրակրթությանը: Ստեղծենք այն շերտը, որն ավելի լայն իմաստով կներգրավվի մտքերի փոխանակման «արտադրությանը», գաղափարների, իմաստների ստեղծման գործին: 2015 թվականի սկզբին առցանց կրթական ինտերակտիվ հարթակ ստեղծելու գաղափարը որոշակի տեսք ստացավ: Դիմեցինք «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին, բավական երկար աշխատեցինք հիմնադրամի հայաստանյան ծրագրերի խորհրդատու Համազասպ Դանիելյանի հետ: 2017 թվականի սկզբից արդեն սկսել ենք իրականացման գործընթացը: Արդեն հոկտեմբերին սկսել է գործել «Բունուսի» կայքը»,- նշում է Գեմաֆին Գասպարյանը:

Հասարակագիտություն
«Հասարակագիտությունն» այն առարկան է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին: Դասընթացներն առնչվում են մարդու իրավունքներին, քաղաքացիական կրթությանը, արժեքներին (ազատություն, տոկունություն, բարեվարքություն), ֆինանսական կրթությանը, մեդիագրագիտությանը և այլն: Ինչպես նշում է կրթության փորձագետ, «Բունուս» նախագծում «Հասարակագիտություն» առարկայի բովանդակության պատասխանատու Սերոբ Խաչատրյանը` «Աշխարհում դպրոցների կրթության որակը չափելու կարևորագույն գործիքներից մեկը հասարակագիտությունն է: Այսինքն՝ որքանով են երեխաները տեղյակ մարդու մասին գիտելիքներին, հասարակությանը: Մենք բոլորս ունենք տարբեր մասնագիտություններ, բայց կա մի բան, որը միավորում է մեզ`բոլորս ապրում ենք հասարակության մեջ: Հետևաբար, մեզ շատ հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է մարդը, ի՞նչ է հասարակությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից հասարակությունը»: «Բունուսը» նպատակ ունի հետզհետե նոր առարկաներ ներկայացնել կրթական հարթակում: Իսկ այս տարի արդեն սպասվում է 10-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասընթացը:

E09872E5-3BF3-4BA1-A83B-DF658D545F44
«Ինչո՞ւ սկսեցինք «Հասարակագիտություն» առարկայից: Դրա համար երկու հիմնական պատճառ կա: Առաջինը` երբ ուսումնասիրեցինք դաշտը, հասկացանք, որ ամենախոցելի առարկան է` ուսուցիչների, ծրագրի, ուսուցման ձևի մասով: Դասավանդման իմաստով «Հասարակագիտությունը» ամենապրոբլեմատիկ առարկան է: Երկրորդը` կոնկրետ մեր իրականացման հնարավորություններից ելնելով: Արեցինք այն, ինչը մեր ունեցած մարդկային և ֆինանսական ռեսուրսների պայմաններում կարող էինք առաջին փուլում ավելի որակյալ իրականացնել »,- խոստովանում է Գեմաֆին Գասպարյանը:

Կրթությունը պետք է լինի հասանելի
Զրուցակիցս վստահ է, որ այսօր կրթական համակարգը էլիտարանում է, ինչն իրենից խնդիր է ներկայացնում: Ստեղծվում են կոնկրետ, փոքրիկ օջախներ, որոնք թանկ արժեն, դժվարհասանելի են, ենթադրում են որոշակի բազիս (գիտելիք կամ ֆինանսներ) այնտեղ գնալու համար: Այդ իսկ պատճառով էլ՝մի մեծ մաս դուրս է մնում որակյալ կրթության շրջանակից: «Մենք գտնում ենք, որ կրթությունը պետք է լինի բոլորին հասանելի` անկախ նրանից, թե մարդը որտեղ է ծնվել, որտեղ է ապրում, ընտանիքն ինչ սոցիալական վիճակում է գտնվում, արդյոք ունի լավ դասատուներ, թե ոչ, իր դպրոցն ինչիպիսին է: Հանրակրթությունը, որպես հանրային բարիք, պետք է հասանելի լինի բոլորին: Ինտերնետն այդ հնարավորությունը մեծ մասամբ ընձեռում է: Գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի «սկայպ»` արտերկրում ապրող բարեկամների հետ խոսելու համար, ուրեմն` երեխան էլ կարող է ինտերնետն օգտագործել իր դասապատրաստման, լավ որակի դասընթաց ստանալու համար և այլն: Մեր համոզմունքն է՝ յուրաքանչյուր ոք կարող է որակյալ և ամենակարևորը` անվճար կրթություն ստանալ: Հենց այս պատճառով է ստեղծվել «Բունուսը»:

Ապագայի ուսուցիչներ
«Բունուսում» մատուցվող դասընթացները համապատասխանում են դպրոցական ծրագրին, սակայն զուգահեռաբար ներկայացվում են նաև մտածելու, խորանալու հնարավորություն տվող նոր թեմաներ: Այս հարթակը բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել նաև ուսուցիչներին՝ դասապատրաստման պրոցեսում, վերապատրաստման, փորձի փոխանակման առումով : «Ուզում եմ շեշտել, որ «Բունուսը» չի ստեղծվել ուսուցիչներին փոխարինելու համար: Սակայն կան դպրոցներ, որտեղ համապատասխան ուսուցիչներ պարզապես չկան կամ, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը միաժամանակ նաև հասարակագիտություն է դասավանդում:Իմ համոզմամբ՝ ապագայի դպրոցում ուսուցիչներն իրենց վրա ավելի շատ մոդերատորի ֆունկցիա են վերցնելու: Այսինքն` տրված նյութի շուրջ բանավեճեր են ծավալելու, կազմակերպելու են քննարկումներ, վարժություններ և այլն. պատմողական մասը գոնե դուրս է գալու և ավելի ինտերակտիվ, ստեղծագործական, քննական վերաբերմունքով դասընթացներ են լինելու: Մենք ծրագիրը ներկայացրել ենք բազմաթիվ դպրոցներում: Գնացել ենք տարբեր մարզեր` Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, այժմ էլ պատրաստվում ենք մեկնել Արցախ: Ծրագիրը ներկայացնելու ենք Ստեփանակերտի, Շուշիի և Ասկերանի ուսուցիչներին»,- նշում է Գեմաֆին Գասպարյանը:

FFAB9E0C-378D-4528-8731-7C25BAA7903C
Դասընթացը
Դասընթացն ամբողջությամբ անցածները ստանալու են մասնակցության սերտիֆիկատ, բացի այդ 8-9-րդ դասարանի առարկայի մասնակիցները կարող են քննությունները բարեհաջող անցնելուց հետո, անցնել նախագծային ուսուցման և վերջում դիմել դրամաշնորհային փոքրիկ ծրագրերի: Մասնակիցներն իրավունք ունեն երեք անգամ հանձնել քննությունը, որի յուրաքանչյուր հարցի համար տրվում է միջինը 2.5 րոպե: Դրամաշնորհային ծրագրի հաղթողներն իրենց ստացած գիտելիքի հիման վրա կարող են իրականացնել նախագիծ իրենց համայնքում: Այսինքն, «Բունուսը» չի լինելու պարզապես գիտելիքի փոխանցման, միայն տեսական բնույթ ունեցող կրթական նախագիծ:

Թիմային մեծ աշխատանք
Նախագծի վրա աշխատում են «Բուն TV»-ի թիմը, Սերոբ Խաչատրյանը, Համազասպ Դանիելյանը, Լիլիա Խաչատրյանը, Հայաստան Գրիգորյանը, Արաքս Մանուչարյանը, Զինա Ղուկասյանը, Արթուր Փոքրիկյանը, Կարինե Հարությունյանը, Աշոտ Ալեքսանյանը, Մարինե Մելքումյանը, Նարեկ Գալստյանը, Տարոն Սիմոնյանը, ուսուցիչներ տարբեր դպրոցներից: Մեդիագրագիտությանը վերաբերող դասերն իրականացվել են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ: Անի Ղարաբաղցյանը ներկայացնում է «Բունուսն» Արցախում, Արթուր Աթայանը վեբ ադմինիստրատորն է, եղել են ծրագրավորողներ, որ կայքն են ստեղծել:

Աջակիցներ
8-9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասընթացները ստեղծվել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ: 11-րդ դասարանի նույն առարկայի առցանց դասընթացների ստեղծման համար «Բունուսը» համագործակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ: 10-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի առցանց դասընթացներն իրականացվելու են «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register