7 ՀԱՐՑ. ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ

Zara

Խորագրի հյուրն է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորության թեկնածու՝ թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն): Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Շատ կցանկանայի ժողովրդավարությունը և դատական համակարգի անկախությունը «հայաֆիկացնել»: Իրավական պետության մոդելը, որտեղ բոլոր քաղաքացիները հավասարապես հարգված են, պաշտպանված և արժանապատիվ կյանքով են ապրում:

– Ձեր կարծիքով որո՞նք են առաջնահերթ լուծման խնդիրները Երևանում:– Առաջնահերթ խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումն է: Մշակութային կենտրոններ և դպրոցներ հիմնանորոգելիս, սրճարաններ կամ այլ կառույցներ կառուցելիս այդ խնդիրը չգիտես ինչու անտեսվում է: Նույնիսկ նորակառույց շինությունների դեպքում անհրաժեշտ նորմերը չեն պահպանվում: Հատկապես ուշացել ենք քաղաքային տրանսպորտի մատչելիությունն ապահովելու հարցում: Չի կարելի խոսել տարին 10-15 ավտոբուսի հարմարեցումից և միևնույն ժամանակ նոր տրանսպորտային միջոցներ շահագործման հանձնել, առանց մատչելիության նորմերն ապահովելու: Սա խտրական վերաբերմունք է:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Արդարության և օրինականության հաստատում, զբաղվածության ապահովում, արցախյան հակամարտության կարգավորում:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, Զապել Եսայան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Շատ կցանկանայի, որ 1915 թվականի ողբերգական էջը չլիներ: Բոլոր մյուս էջերը, կարծում եմ, պետք չէ սրբագրել կամ մոռացության մատնել, եթե նույնիսկ դրանք մեր սրտով չեն: Մարդիկ և ազգերը իրենց անցյալով են հարուստ: Ծեծված խոսքեր են, բայց այլ բան չեմ գտնում ասելու: Պետք է պարզապես դասեր քաղել և հետևությունններ անել պատմությունից, ինչը շատ դժվար է, բայց անհրաժեշտ:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ինձ միշտ զարմացնում և հիացմունք են պատճառում մարդիկ, ովքեր պատրաստ են անշահախնդիր աջակցել, իրենց ժամանակն ու մասնագիտական հմտությունները  ծառայեցնել ուրիշին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընկերներիցս մի քանիսն առաջարկեցին կայք պատրաստել ինձ համար, ոմանք էլ պատրաստակամություն հայտնեցին  օժանդակել տեղեկատվական բուկլետների տարածման հարցում: Թեև նման մարդկանցով շրջապատված լինելու հարցում  հաջողակ եմ, այնուամենայնիվ,  այդօրինակ որակներ ունեցող  մարդկանց հանդիպելիս ամեն անգամ հաճելիորեն զարմանում եմ:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Արդյունքի հասնելու ամենամեծ գրավականը հետևողականությունն է: Երբեմն նույնիսկ ամենաանհավատալի թվացող բաները կարող են իրականություն դառնալ, եթե վստահում ես սեփական ուժերիդ, հավատում ես այն գործին, որն անում ես և հետևողական ես:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register