7 ՀԱՐՑ. ՌՈՒԶԱՆՆԱ  ՈՍԿԱՆՅԱՆ

AKA_8453

Խորագրի հյուրն է երիտասարդ գրող Ռուզաննա Ոսկանյանը: 

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Աշխարհում տարածում գտած «writer-in-residence»(գրողների կացարան,-խմբ.) հասկացությունը, որը գրողին՝ աշխարհայացքն ընդլայնելու, գրական և մարդկային նորանոր բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս: Կուզեի՝ Հայաստանում էլ այն գործեր: Այն մեր երկիրը այլերկրացու աչքերով տեսնելու, ներկայացնելու, թերությունները շտկելու և դրականն ընդգծելու առիթ կընձեռեր:

– Եթե  Դուք լինեիք  Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ Ձեր առաջին հանձնարարականը:– Մի շարք խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ) մշակութային օջախներ այցելությունն անվճար կամ հնարավորինս մատչելի կդարձնեի: Քաղաքի փողոցներում կհնչեցնեի որակյալ երաժշտություն: Վերոթվարկյալը թերևս մշակույթի նախարարի գործառույթն է… Իբրև քաղաքապետ՝ նվազագույնի կասցնեի գովազդային վահանակների չափաքանակը քաղաքում, տեղադրել կտայի փողոցներն ու տեսարժան վայրերը ներկայացնող քարտեզ-ցուցանակներ:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծում, իրական խաղաղության հաստատում և հետաքրքիր գաղափարների աջակցում՝ պետական մակարդակով:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– «Լուսավոր» բառն այս դեպքում ընկալում եմ իբրև այն մարդկանց բնութագրիչ, որոնք իրենց ասպարեզում կատարած փոփոխությամբ, շրջադարձով պատմությունն ուղղորդել են նոր հուն: Քանի որ այդպիսիք շատ են, կառանձնացնեմ միայն գրականության մեջ ուղենշային դերակատարություն ունեցածներին՝ Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Եղիշե Չարենց:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – 2008 թվականի մարտի 1-ը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ապրիլի 7-ին՝ խանութում: Վաճառողուհին ընկերուհուն ուրախությամբ պատմում էր,որ առաջին անգամ է ծաղկեփունջ : Մեկ հատ ծաղիկ, փափուկ խաղալիքներ, այո՛, ստացել է, բայց ծաղկեփունջ՝ երբեք: Ինձ զարմացրեց այդ աղջկան շրջապատող տղամարդկանց  «անփութությունը»:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Պարտվելուց, ձախողվելուց չվախենալը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register