ՊՈԶԻՏԻՎՆ  ԻԲՐԵՎ  ԼՈԿՈՄՈՏԻՎ

3

Այս անգամ նույնպես ցանկանում եմ խոսել ընտրություններին մասնակցության կարևորության մասին: Ցանկությունս է՝ ամեն կերպ քաջալերել սեփական քվեի արժեքն իմացող, իրենց վերապահված դերակատարության  պատասխանատվությունը գիտակցող, Երևանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցելու պատրաստվող  բոլոր քաղաքացիներին: Տարածում գտած թյուր կարծիք կա, թե սա կարևոր ընտրություն չէ: Իրականում, սակայն, դրանից մեծ, շատ մեծ բան է կախված: Դրանով է պայմանավորված ակնկալվող դրական փոփոխությունների հնարավորությունը: Եթե ձեզ մտահոգում են հանրային տրանսպորտին, հանրակրթական դպրոցների վիճակին, ճանապարհներին, քաղաքի մաքրությանն ու մասնավոր սեկտոր – կառավարություն համագործակցությանն առնչվող խնդիրները, ապա քվեարկեք: Չքվեարկելու և անտարբեր մնալու դեպքում դուք չեք կարող լինել փոփոխությունների կենտրոնում: Անտարբերությունը կործանարար երևույթ է:

Վերոնշյալով հանդերձ, ես հասկանում եմ, թե ինչու գալիք ընտրություններն այդքան էլ չեն կարևորվում: Դրա պատճառը նախ և առաջ վերջերս ավարտված խորհրդարանական ընտրություններն են, մարդիկ նոր-նոր են փորձում ընդարմացումից ուշքի գալ: Երկրորդը, որի մասին կցանկանայի նշել՝ «հանուն ինչի՞» և «դրանք ոչնչով չեն օգնի» մտայնության բացասական ազդեցությունն է:

Անտարբերության այսօրինակ դրսևորումները  սնող բազմաթիվ աղբյուրներ կան: Օդում առկախված բողոքն այդպես էլ բանավեճի չի վերածվում, ու մենք չենք կարողանում քննարկել, թե ինչու մեր ժողովրդավարությունը  հաջողություն չի արձանագրում, չի աշխատում այնպես, ինչպես պետք է որ աշխատեր: Որտե՞ղ է թաքնված բողոքի արմատը ու որտեղ պիտի փնտրել «չարի ծաղիկները»:

Հարկ է նկատել, որ օգտագործվող միջոցների ու եռանդի զգալի մասը ծախսվում է բացասական քարոզարշավի վրա: Մենք մշտապես լսում ենք, թե որքան կոռումպացված է մարդկանց մեծ մասը: Այդ իսկ պատճառով էլ հանրությունը նախ և առաջ պետք է հստակ գիտենա, թե ինչպես և որտեղից  է ֆինանսավորվում թեկնածուներից յուրաքանչյուրի քարոզարշավը: Այդ գործընթացն առավել թափանցիկ պետք է լինի, առավել տեսանելի (գալիք համարներում «Ճամփորդն» առավել խորությամբ կանդրադառնա այս հարցին): Եվ երկրորդ. քարոզարշավները պետք է առավել լավատեսական լինեն, զերծ բացասական լիցքերից: Բացասական քարոզարշավ ասելով՝  ի նկատի ունեմ այն դեպքերը, երբ թեկնածուները գրեթե ամբողջությամբ սևեռվում են մյուս թեկնածուների արատավոր կողմերի, թերությունների, բացերի, կոռումպացվածության վրա: Մինչդեռ դրական, լավատեսական քարոզարշավի դեպքում վատին զուգահեռ, կարելի էր անդրադառնալ նաև թեկնածուի ապագա ծրագրերին, չմոռանալով հիշատակել նրա ունեցած դրական ներդրման մասին ևս:

Բացասական քարոզարշավի գայթակղությունից  զերծ չեն կարողանում մնալ նաև ԶԼՄ-ներից շատերը: Լրատվամիջոցների ղեկավարներն իրենց լրագրողներին հանձնարարում են գրել ավելի շատ թերացումների, քան հաջողությունների մասին: Մինչդեռ լրագրությունը պետք է ցինիզմը, անտարբերությունը նվազեցնելու դերակատարություն ստանձնի և ուղղորդի մարդկանց՝ հնարավորինս օբյեկտիվ լինելով: Ներկայումս մամուլում լավատեսական պատմություններ գտնելու համար պետք է լամպեր վառել:

Մեր առօրյա կյանքում  տեղի ունեցող այս կամ այն երևույթի համար պատասխանատու են հազարներով հաշվվող պետական աշխատողները: Երբ պետական աշխատողներից մեկնումեկը սխալվում կամ սայթաքում է,  բոլորի ուշադրությունն անմիջապես կենտրոնանում է նրա վրա: Լրատվության բոլոր աղբյուրներով  այդ մասին են խոսում: Տպավորությունն այն է, որ ոչ ոք չի մտածում պետական համակարգում աշխատող գրեթե 7000 աշխատակիցների (պետական հիմնարկներում աշխատող քարտուղարուհիներից սկսած՝ մինչև հանրակրթական դպրոցների նվիրյալ ուսուցչուհիներ և անձնազոհ զինծառայողներ) անվան ու դրական աշխատանքի մասին: Սա այն դեպքն է, երբ մի գդալ ձյութը՝ մի ամբողջ տակառ մեղր է փչացնում: Այս կամ այն կառույցի անբարեխիղճ մեկ աշխատակիցը՝ շնորհիվ մեդիայի սևեռվածության ու մարդկանց վատատեսության՝ ստվեր է նետում ամբողջ կառույցի վրա: Մինչդեռ այդպես չպիտի լիներ: Եթե Ձեր երեխան կիրթ է, եթե Ձեր տան հարևանությամբ կա գեղեցիկ այգի կամ ծառատունկ է կազմակերպվել, եթե Ձեր տանը հոսանք ունեք, եթե գիշերը հանգիստ քուն եք մտնում չվախենալով հարձակումից, եթե երեկոյան կամ ուշ գիշերով առանց մտածելու հանգիստ քայլում եք քաղաքի ցանկացած մասով, շատրվանների մոտ նստած հաճելի երաժշտություն եք լսում, եթե հանրային տրանսպորտն օգտագործելով եք  գնում աշխատանքի, եթե վարում եք Ձեր մեքենան լավ կառուցված ճանապարհով, ապա պետք է երախտապարտ լինեք  պետական հիմնարկների նվիրյալ աշխատակիցների քրտնաջան աշխատանքին: Այս մարդիկ են նպաստում մեր առօրյայի դյուրինացմանը: Սակայն Աստված մի արասցե, հանկարծ մեկ կամ երկու քաղաքական գործիչ կամ իր գործում թերացած հանրային մի աշխատող սխալ թույլ տա… Հանուրի ուշադրությունն անհապաղ կենտրոնանում է դրա վրա: Իհարկե, նրանք բոլորն էլ պետք է հաշվետու լինեն իրենց գործողությունների համար, սակայն չմոռանանք նաև դրականի մասին: Եկեք չլինենք այդքան անտարբեր ու վատատես և լրջորեն մոտենանք գալիք ընտրություններին:

Շատ ոլորտներ կան, որ չեն գործում հավուր պատշաճի, սակայն պետք է խոսել, գրել նաև այն բաների մասին, որոնք  գործում են, որպեսզի մարդիկ ավելի շատ ընդգրկվեն իրենց քաղաքի հանրային և քաղաքական կյանքում: Դրական փոփոխությունները մեզ են սպասում:

 

Սիրով` ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register