ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՏԱՐԵԿԱՆ  ՓԻՂ ԵՎ ԵՐԿՆԱՔԱՐ` ԲԱՂՐԱՄՅԱՆՈւՄ

11

Բաղրամյան 24ա հասեցում է գտնվում պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը: Մի նոր, չքնաղ աշխարհ` հին աշխարհի մասին: Այստեղ կարելի է ժամեր, օրեր անցկացնել և չհասցնել բացահայտել առկա գանձերի գոնե կեսը: 1937 թվականին հիմնադրված թանգարանն ունի հնէաբանության, հրաբխականության, հանքաբանության, օգտակար հանածոների, հանքային ջրերի և ապարաբանության բաժին: Թանգարանի 11000 նմուշներից  ներկա պահին ցուցադրված է 2700-ը:

14

Երկրաբանի օրվան (ապրիլի առաջին կիրակի օրը) ընդառաջ «Ճամփորդն» այցելել է թանգարան: Թանգարանի ապշեցուցիչ հավաքածուին 2012 թվականին ավելացել է ամերիկահայ կոլեկցիոներ Արա Դիլդիլյանի միներալների հավաքածուն ( 750 նմուշ աշխարհի տարբեր հանքավայրերից, ամեթիստներ, հերկիմեր ալմաստ, ցիտրին և այլն): Արա Դիլդիլյանի անվան սրահում է ցուցադրվում նաև թանգարանի ամենաուշագրավ նմուշներից մեկը` 36.8 կիլոգրամանոց երկաթյա երկնաքարը, որ 1947 թվականի փետրվարի 12-ին հազարավոր այլ կտորներով թափվել է Ռուսաստանի արևելքում գտնվող Սիխոտե-Ալին լեռնաշղթայի վրա: Երևանի թանգարանին երկնաքարի կտորը նվիրել են գիտաժողովներից մեկի ժամանակ: Ասում են, որ միջմոլորակային տարածությունից ընկած երկնաքարն օժտված է հրաշագործ հատկությամբ և կատարում է մարդու առաջին ցանկությունը:

8

Երկրաբանական թանգարանի հիմնական սրահ մտնելիս ակամայից խոնարհվում ես հսկայական չափեր ունեցող տրոգոնթերյան փղի կմախքի առջև: Առաջին հայացքից այն կարծես մամոնտ լինի, սակայն պարզվում է, որ փիղ է, որն ապրել է մեր տարածշրջանում՝ 600 հազարից մեկ միլիոն տարի առաջ: Փղի ոսկորները գտել են Գյումրիում՝ 1927 թվականին, ավազահանքի տեղամասից` երեք մետր խորությունից:

Անշուշտ հայկական փղի վերականգնված կմախքը թանգարանի զարդն է և ամենամեծ նմուշը, որի երկարությունը կազմում է 4.5, իսկ բարձրությունը` 3.5 մետր, ունի մեծ ժանիքներ: Ցուցադրված են նաև նախապատմական ձիու, ուղտի, եզան և եղջերուի կմախքների քարացած մնացորդներ:Թանգարան այցելող դպրոցական երեխաների ուշադրությունը գրավում է փղի կմախքը, սակայն որ կողմ էլ նայես կան շատ հետաքրքիր նմուշներ, յուրահատուկ բնական հանածոներ, հնագույն բուսականության մնացորդներ(հատկապես ծառերի տերևների գերազանց պահպանված դրոշմներ), եռաչափ, ռելիեֆային քարտեզներ, ՀՀ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի քարտեզը, Հայաստանի նորագույն հրաբխականությանը նվիրված երկրաբանական գունավոր քարտեզներ, զարմանալի բազմաթիվ նմուշներ, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ երեխաների երևակայության վրա: Հնէաբանությունը հնարավորություն է տալիս վերականգնելու մեր տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմությունը, որտեղ բազմիցս հերթագայել են ծովերն ու ցամաքները:

3

«Եթե նախկինում թանգարանի առաջնային խնդիրն առկա նմուշների պահպանությունն էր, ապա ժամանակակից թանգարանի խնդիրը,ինչպես  ամբողջ աշխարհում, այստեղ ևս փոխվել է: Թանգարանի նմուշները պետք է ծառայեն գիտության և կրթության զարգացմանը: Թանգարանը կրթական լուրջ կառույց է, ոչ ֆորմալ կրթության միջավայր: Լինելով ճարտարապետաշինարական համալսարանի դասախոս, «Ընդհանուր երկրաբանություն» և այլ դասընթացներն այստեղ եմ անցկացնում, փոքր, թանգարանից անբաժան լսարանում»,- նշում է թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, ով գործող երկրաբան է:  Որքան էլ զարմանալի է, թանգարանի ամենաթանկարժեք նմուշը համարվում է մեկ լիտր տարողությամբ նավթը, որը խորհրդային տարիներին Գառինում՝ 3500 մետր խորությունից է հայտնաբերվել: Ընդհանուր երեք լիտր նավթ է դուրս բերվել, մեկ լիտրը մնացել է թանգարանային ցուցանմուշ, մյուս երկուսն ուսումնասիրվել է. պարզվել է, որ անորակ նավթ է և Հայաստանը բարենպաստ չէ նավթագոյացման համար: Ինչո՞ւ է ամենաթանկարժեքը: Որովհետև այն հայտնաբերելու համար 3.5 կիլոմետրանոց հորատանցք է փորվել, ինչն ահռելի ֆինանսական միջոցներ է խլել: Այսօրվա չափանիշներով` հորատանցքը մեկ մետր փորելու համար միջինը 1000 դոլար գումար  է անհրաժեշտ:

111

«Թանգարանի ամենամեծ խնդիրը աշխատողների թվաքականի պակասն է, որ առաջացել է անցած տարվա կրճատումներից հետո, երեք մասնագետից զրկվեցինք: Այժմ 7 աշխատակից ունենք, երկուսը` կես հաստիքով: Ունենք ֆոնդապահ, արխիվավար, որ հարկ եղած դեպքում էքսկուրսիաներով է զբաղվում: Թանգարանը հուշանվերների փոքր խանութի կարիք ունի, քանի որ ցանկացած այցելու ցանկանում է  իր հետ որևէ հուշ տանել թանգարանից: Խնդիրներից են նաև հարկերը, որ բավական մեծ են մեզ համար: Կխնդրեի, որ պատկան մարմինները մտածեին այս մասին, քանի որ թանգարանը շահույթ չհետապնդող ձեռնարկություն է և շահույթն օգտագործվում է թանգարանի բարելավման համար, այս առումով լավ կլիներ, որ գոնե չհարկվեր թանգարանը: Կուզեինք, որ թանգարանի աշխատողների աշխատավարձերը բարձրանային»,- մեզ հետ զրույցում նշում է Գայանե Գրիգորյանը:

8

Թանգարանն ունի «Բնագետ» էկոակումբ, որի միջոցով դպրոցահասակները ամիսը երկու անգամ հանդիպում են, իրականացվում են դասընթացներ տարբեր թեմաների շուրջ (օրինակ` անտառների ուսումնասիրություն): Թանգարանը տարբեր տարիքային խմբերի հետ իրականացնում է «Օբսիդիանի ճանապարհը…» բացօթյա կրթական ծրագիրը` Երևան-Ագարակ-Թալին-Թաթուլ-Արտենի լեռ-Դաշտադեմ-Երևան երթուղով: Անցյալ տարի թանգարանն ունեցել 18.000 այցելու: Ներսում առկա վիրտուալ աուդիոգիդի տարբերակները մի քանի լեզուներով են` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն: Հնարավոր է տեղում լսել սմարտֆոնների օգնությամբ` օգտագործելով ներկայացված «QR»-կոդերը:  Դպրոցականների և ուսանողների մուտքի տոմսը 200 դրամ է, մեծահասակներինը` 500 դրամ, հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսը` 1500, օտար լեզվով էքսկուրսիայի տոմսը` 2000 դրամ է:  Կրթական ծրագրերի («Քարերի զարմանահրաշ աշխարհը», «Հրաբուխներ», «Ամեն ինչ փղերի մասին» և այլն) տոմսի արժեքը 400 դրամ է:  Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը բոլոր այցելուների համար գործում է 50 տոկոս զեղչ: Թանգարանն աշխատում է երեքշաբթիից մինչև շաբաթ, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register