ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ՝ ԹՎԵՐԻ ԼԵԶՎՈՎ

bruncq

Մտքի անկախության լավագույն դրսևորումներից մեկը հարցումն է. ազատ է այն հասարակությունը, որն իր անկեղծ միտքը խոսք է դարձնում՝ առանց երկմտության ու վախի:

«Ճամփորդ»-ի թիմը Անկախության տոնին ընդառաջ մոտ երկու շաբաթ «ճամփորդեց» երևանյան փողոցներով ու սոցցանցային արահետներով՝ հետաքրքրվելով,թե ի՞նչ է  անկախությունը մեր համաքաղաքացիների  համար, արդյո՞ք այն իսկապես այնքան կարևոր է, որքան թվում է, ի՞նչ է մեզ պարգևել սեփական գլխին ինքնուրույն տեր կանգնելու որոշումը, ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ենք արձանագրել ու  ի՞նչ փոփոխություններ են մեզ անհրաժեշտ՝ ավելի լավը դառնալու համար: Հարյուրից ավելի պատասխանների  տոկոսային պատկերն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 82.05% -ը Երևանից է, ընդ որում  նրանց 20.5%-ը Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ են:
Հարցմանը մասնակցել են 13-ից 39 տարեկան քաղաքացիներ: Հարցվածների՝ միջին տարիքը տատանվում էր 23-ից  24 տարեկանի միջակայքում: Մեզ համար սա հաճելի բացահայտում էր. Երևանը երիտասարդական քաղաք է՝ չնայած շատերիս թվում էր, թե երիտասարդները արտագաղթում են ու հարցումներն ավելի հասուն տարիքի մարդկանց հետ կանցկացնենք:
Հարցվածների 50 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են, 50-ը՝ իգական: Այլ կերպ՝ ապահովվել է գենդերային հավասարությունը:
Հարցվածների 56.4%-ն ունեն բարձրագույն կրթություն, 23.08-ը՝ թերի բարձրագույն, 12.82-ը՝ միջնակարգ, միջին մասնագիտական կրթություն ունեն հարցվածների 7.69 %-ը:

Ամփոփելով, կարող ենք կառուցել մեր հարցման մասնակցի հավաքական բնութագիրը: Նա Երևանի Արաբկիր շրջանի բնակիչ է, 24 տարեկան է և ունի բարձրագույն կրթություն և անկախ Հայաստանի գրեթե հասակակիցն է:

Հարցման մասնակիցների 45.7 տոկոսը, ըստ կարևորության դասակարգելով ‹‹Անկախություն, Ցեղասպանության ճանաչում, Խաղաղություն›› բառերը առաջնահերթ կարևորել է անկախությունը: 40 տոկոսի համար առաջնայինը խաղաղությունն է, այնուհետև  միայն՝ անկախությունն ու Ցեղասպանության ճանաչումը:
«Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի երրորդ հանրապետության ամենաակնառու ձեռքբերումներն ու բացթողումները» հարցին բնակիչների կողմից տրված ամենատարածված պատասխանը՝ անկախությունը, Արցախի ազատագրումն ու հայկական բանակի համալրումն է: Իսկ կոռուպցիան, հարևանների հետ ունեցած փակ սահմանները, ստեղծված  ռազմական իրավիճակը, արտագաղթը և իշխանությունների թերացումը՝ ներկայացված թերությունները:
«Եթե անցյալը սրբագրելու հնարավորություն ունենայիք, որ սխալը (ները) կուղղեիք (պետական մակարդակով)» հարցին մեծամասնության տված պատասխանը եղել է՝ Հոկտեմբերի 27-ի կանխումը և 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծումները:
«Անկախության խորհրդանիշը Ձեր ընկալմամբ»: Ամենատարածված պատասխաններն են՝ դրոշը, զինանշանը, Մոնթեն, բանակը, Արցախը:
«Ձեր կարծիքով, ի՞նչն է ամենաշատը վտանգում Հայաստանի անկախությունը»: Հիմնական պատասխաններն են՝ սխալ տնտեսվարումը, կոռուպցիան, արտագաղթը, սխալ արտաքին քաղաքականությունը:
Հարցվածների 42.86 տոկոսը կարծում է, որ անհատները, առաջնորդներն են կերտում ժողովրդի պատմությունը, իսկ մնացած 57.14-ը՝ ժողովուրդն է ծանր պահին գտնում իր լիդերներին:
«Ի՞նչն է պատճառը, որ հայերը համախմբվում են միայն ծայրահեղ վտանգի պահին» հարցին պատասխանել են՝ ազգային մտածելակերպը, մենթալիտետը, պատիվը, իշխանությունները, նորից առանց երկրի մնալու վախը:
«Կա մի բան, հանուն որի դուք կարող եք զոհել ձեր ազատությունը»: Հարցվածների 51.35 %-ը պատասխանել է այո, 48.65 %-ը՝ ոչ:
Վերոնշյալ հարցին դրական պատասխանողները որպես պատճառ նշել են ընտանիքը և մարդասիրությունը: (Մի սրամիտ երիտասարդ պատասխանեց, որ իր ազատությունը պատրաստ է հանուն սիրո զոհել, մյուսն էլ պատրաստ էր այն նվիրաբերել՝ Սքարլեթ Յոհանսոնի հետ ռոմանտիկ գիշերվա պայմանով: Ինչ խոսք, անգամ ամենալուրջ հարցումներն առանց հումորի անհամ կդառնային):
Հարցվածների 59.46 տոկոսի համոզմամբ՝ ազատությունը կարող է չափից շատ լինել:
86.5 տոկոսն էլ համաձայնել է, որ անկախությունը պահպանելու համար սեփական երկրին տեր կանգնելու ամենօրյա պարտավորություն է անհրաժեշտ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register