ԵՍ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՍԵՐՈւՆԴ ԵՄ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

1

Սեպտեմբերի 21-ն  ինձ համար այլընտրանք  չունեցող իրողություն է. ես ծնվել եմ անկախ երկրում և դժվար եմ  ընկալում, որ այն ավագ սերնդի կյանքում նորագույն ձեռքբերում է: Մի բան ակնհայտ է՝ անկախությունը բացարձակ արժեք է բոլորիս համար և որ իրականում անկախ երկրի կառուցումը Հռչակագրով միայն սկսվել է:

Այս տարի Անկախության տոնը հոբելյանական հնչեղ թվով չէ, որ նշանավորվում է, ընդամենը և արդեն 27 տարվա անկախություն ունի Հայաստանը, որ մի կողմից խորհրդային փլատակներից է մաքրվում, մյուս կողմից՝ փորձում առաջ նայել ու գնալ:

Սակայն այս տարվա Անկախությունը մի այլ խորհուրդ ունի. 88 թվականից հետո, մեկ էլ 1918-ին մեր հասարակությունը համաժողովրդական կամք ցուցաբերեց և դրա շնորհիվ ու արդյունքում Անկախության  տոնն այս տարի դիմավորում ենք նոր իրավիճակում, նոր իրողություններով:

Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն.  քաղաքական տարբեր ճամբարներում որակումները տարբեր են, սակայն  իրականությունը մեկն է՝ այսօր ուրիշ, նոր Հայաստանում ենք  ապրում: Այսօր հասկացել ենք, որ մեր կամքն ուժ ունի ու մեր ձայնը որոշիչ է: Եվ մինչ քաղաքական թիմերը ակտիվ կռիվ են տալիս՝ հրատապ  առիթն էլ Երևանի ավագանու ընտրությունն է, ես իմ՝ քաղաքացուս պարտք ու պահանջը ձևակերպեմ:

Երբ մեր ծնողները նախորդ հեղափոխությունը հեղինակեցին ու Անկախության հռչակագրին հասան, անցան դժվարին մի ճանապարհ, ունեցան մեծ  հաղթանակներ ու նույնքան  մեծ հիասթափություններ: Մենք մեր տեխնոլոգիական բարձունքներից մեկ զարմանում,  մեկ մեղադրում ենք նրանց, թե կարող էին ավելի լավ երկիր կառուցել, ավելի ճիշտ ու ամուր հիմքերով: Իրենք կառուցել են՝ ինչ կարողացել են ու ինչ հնարավոր է եղել: Հիմա կրկին պատմական  հնարավորություն է ընձեռվել, արդեն՝ մեզ ու մեր իսկ ձեռքերով պիտի կառուցենք,  մեր ուզած Հայաստան պետությունը, որի պատկերացումը վստահաբար ունենք ամենքս:

Այսինքն՝ եկել է գործ անելու մեր ժամանակը: Ֆեյսբուքներից, դիվաններից/ բազմոց՝ չէ/, հրապարակներից բռունցք ճոճելուց և գրչի մի հարվածով, լեզվի ու մտքի մի պոռթկումով քարը քարին չթողնելուց  կամ  հենց թողնելուց այս կողմ, եկել է կոնկրետ գործի ժամանակը: Ով ինչ կարող է անել.  հարցնենք ինքներս մեզ ու գործի անցնենք ու բնավ  պարտադիր չի, որ ի լուր աշխարհի, մենք էլ հռչակագրերով ավետենք  մեր հաղթական ծրագրերը: Հաղթանակներն իրականում լուռ աշխատանք են սիրում, որովհետև այդ հաղթանակների մեջ, միտք ու ջանքից բացի, չարչարանք էլ  պիտի լինի, դիմանալ ու պայքարել պիտի լինի:

Ու ամենի հիմքում սեր պիտի լինի, անպաթոս, անպղպջակ սեր՝ երկրի, երկրացու, քաղաքի ու գյուղի,  ծառ ու թփի հանդեպ: Թե չէ՝ կոռուպցիայի դեմ սկսված պայքարը՝ չավարտված, մոլախոտը կծաղկի ու կծավալվի: Գիտեք, պիտանի բույսերն են, որ խնամք,  լույս ու ջուր են ուզում, մոլախոտն ասֆալտ ու քարն էլ ծակում է:

Երկիր ու մարդ սիրելը խոսքով չի՝  պետք չի խոսքով, քայլով է պետք,  մեկ-երկու չէ, անընդհատ քայլելով, առաջ գնալով, միտք ու հմտություն զարգացնելով, քաղաքացիական դիրքորոշումն ու սիրտը  տաք պահելով:

Հեղափոխությունից հետո՝ Անկախության առաջին տոններս շնորհավոր։ Տոնը մի քանի օր անց կլինի, բայց այսօր արդեն պետք է տոնական տրամադրվել։ Արժանի լինենք ուժեղ ու ամուր Հայաստանի, ամեն մեկս մեր բաժին Հայաստանը կառուցենք, որտեղ նաև հաղթանակած Արցախն է ու կարող երկիրը:

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register