Օ, «ՀԱՅՐԵՆԻՔ» ԴԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ…

3

Հայաստանում այս օրերին կրկին արդիական է Հայրենիք-Սփյուռք ձևակերպումը, մայրաքաղաքում հյուրերը շատ են, ոգևորության ու անկեղծ ցանկությունների պակաս   չի զգացվում: Հայաստան-Սփյուռք համաժողովի հերթական գումարումն է Երևանում, որին  աշխարհ տարբեր ծագերից ժամանած հարյուրավոր մարդիկ են մասնակցելու:

Նրանցից ոմանք հաճախակի են հյուրընկալվում հայրենիքում, ոմանք առաջին, վախենամ ասել, գուցե և վերջին անգամ են մասնակցում: Ամեն դեպքում նրանց բոլորին Հայաստան է բերում անկեղծ մղումը՝ տեսնել, զգալ, գուցե նաև՝ աջակցել: Հայաստանը նրանցից շատերի աչքում տարեց ու հիվանդ ծնողի է նման, որին պետք է մի բաժակ ջուր ու քաղցրավենիք հասցնել, հարցնել, թե սիրտն  ինչ է ուզում:

Զգայական դաշտից գանք իրականին, մանավանդ, որ համաժողովի ընթացքում պաթոսի պակաս հաստատ չեղավ  ու տարիների վիճակագրությունն այս տարվանն էլ է մաղելու, տակը թողնելով իրականացված խոստումների ու ծրագրերի համեստ  չափաբաժինը:

maxresdefault

Քսանհինգ տարին  անկախության, ավելի  ճիշտ առողջ հիմքով պետություն կառուցելու համար շա՞տ է, թե՞ քիչ: Երևի թե  քիչ է, որովհետև անհատն անգամ այդքան տարում դեռևս ամբողջությամբ չի ձևավորվում: Սակայն եկեք միայն հիմքը նայենք, շենքը հարկ առ հարկ  կբարձրանա, եթե հիմքը պինդ ու ճիշտ եղավ: Ահա այդ հիմքն է, որ այսօր շատերին է մտահոգում ու ստիպում մտածել՝ կպահի արդյոք, հնարավոր կլինի ամուր կառույց ունենալ«Հայրենիք» անունով:

Լավ օրից չի, որ այսօր կարող ենք գլուխ գովել, թե Սփյուռք ունենք, աշխարհը չունի: Եվ հրաշալի է, որ ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները կարողացել են սերունդներով պահել այն առողջ հատիկը, որ այսօր էլ հայերեն է պահում նրանց խոսքը, ժպիտը, սիրտն ու հոգին: Եվ եթե պատերազմի տարիներին հայրենիքը Սփյուռքից բաց տեքստով օգնություն էր ակնկալում և ստանում, ապա այսօր ակնկալիքը վերաձևակերպված է. այսօր Հայաստանին կենարար ներդրումներ, զարգացման ծրագրեր են անհրաժեշտ: Դրսից շատերը այստեղ գալու, նոր գործեր հիմնելու ցանկություն ունեն, սակայն հաճախ գալիս ու հասկանում են, որ միայն  բարի ցանկությունն ու փողը բավարար չեն:

Քիչ առաջ հեռուստատեսությամբ Հալեպի պատերազմական դժոխքից փրկված ու Հայաստանում նոր բիզնես հիմնած մեր հայրենակիցը պատմում էր, թե ինչ փորձություններ է հաղթահարում մաքսային սահմանին՝ իր խանութի կտորեղենը ներմուծելիս: Մարդն այդքան չէր նեղվել նրանից, որ հատիկ – հատիկ, հրամայողաբար ստիպել են ապրանքը մեկ առ մեկ բացել, ցուցադրել, այլ այն, որ մարդու երեսին չեն էլ նայում: Սա ձեռագիր է, ախտորոշում: Մարդը իրավացիորեն ակնկալում է, որ սահմանից սկսած, շարքային մաքսավորից սկսած պիտի ողջունեն իրեն ու առնվազն չխանգարեն, որ նոր   արժեք ստեղծի, աշխատի ու այլոց աշխատանք տա, հարկեր վճարի, որոնցից հենց այդ մաքսավորն էլ պիտի աշխատավարձ ստանա: Բայց արի ու տես պահվածքը, որից մարդը քիչ է մնում արդարանա, թե ինչու և ինչպես է կարողանում սեփական  գործը Հայրենիքում էլ հիմնել:

Համաժողովները, հյուրերը կգան ու կգնան, մենք  տնեցիներով միշտ այստեղ ենք ու չպետք է միայն հյուր ընդունելիս հյուրընկալ դառնանք: Անկախության սերունդը սահմանի վրա, չինովնիկական գրասենյակներում փող շորթողներին պիտի տեղը նստեցնի: Սահմանը գռփելու  համար չի, սահմանը պահելու համար է, այնպես ինչպես անում են 18-20 տարեկան մեր տղաները: Թե չէ ստացվում է նրանք այդ  սահմանի համար կյանք ու առողջություն են տալիս, իսկ ոմանք էլ՝ դրանից փող սարքում: Այսօր տոնական օրեր է։ Բայց մտածելիքը շատ է։

Սյունե Սևադա

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register