ՍՈՑՀԱՐՑՈւՄ՝ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

serund

Անկախության տոնից հետո «Ճամփորդը» հարցում անցկացրեց երևանյան փողոցներում՝ փորձելով պարզել, թե ինչպես են գնահատում մեր համաքաղաքացիները արդեն 26-ամյա անկախությունը: Հարցումները բավականին հետաքրքիր պատկեր «գծագրեցին»:

Սկսենք Անկախության սերնդից. բոլոր հարցվածները՝ մեկ մարդու պես հպարտ են, որ հենց իրենց է բախտ վիճակվել ծնվել ու մեծանալ անկախ Հայաստանում։ Անգամ տպավորություն էր, թե նախապես պայմանավորվել են՝ ինչ խոսել, քանի որ իրար նման էին մտածում, և այս պարագայում դա ոգևորիչ էր։

Խոսքի մեջ գիտակցում կար, որ ոչ միայն անկախության կրողն են, այլև հենց իրենք են պարտավորություն զգում պահպանել ու պաշտպանել այսքան դժվար մեզ հասած անկախությունը․«Ապրիլյան   պատերազմը ոչ միայն դա ապացուցեց, այլև այն էլ ավելի ամրապնդեց մեր՝   Անկախության սերնդիս մեջ»,-  վստահեցնում էին երիտասարդները: Իսկ ամենակրտսեր սերունդը, որ հազիվ քայլում կամ եռագույնը ծածանելով հպարտորեն «Անկախ  Հայաստան» են վանկարկում, փոքրիկ գլխով, բայց մեծ ու սևուկ աչուկներով կարծես հաստատում են հայրիկի ու մայրիկի ասածները:

Միջին սերնդի հարցվածների գերակշիռ մասը համոզված է, որ անկախությունն իսկապես ամենակարևոր ձեռքբերումն է, առանց որի հնարավոր չէ պահպանել հայի ինքնությունը: Դժվարությունները համարում են բնական, ինչին պատրաստ են եղել դեռևս 26 տարի առաջ՝ անկախության համար պայքարելիս, սակայն անընդունելի են համարում անարդարությունը. «Սոցիալական  բևեռացվածությունը շատ ակնհայտ է. աղքատության շեմն իրականում ավելի մեծ է, քան ներկայացվում է»: Այս սերնդի  համար  ցավալի է նաև արտագաղթի պատկերը: Գրեթե  բոլորը համոզված են, որ օտար երկրում ապրելը դժվար է, սակայն սոցիալական դժվարություններն են ստիպում այլ երկրում բարեկեցիկ կյանք փնտրել կամ  ժամանակավոր լուծում գտնել օրվա հացը վաստակելու համար, հիշեցնելով, որ մարզերում արտագաղթի պատկերն ավելի ազդեցիկ է, քան մայրաքաղաքում: «Այնուամենայնիվ, Անկախությունը մերն է, և մենք՝ նրա  տերը»,- այսպես են գնահատում նրանք և չեն քննադատում նրանց, ովքեր, հեռանում են հայրենիքից, թեկուզ ժամանակավոր:

Իսկ ավագ  սերունդը դեռևս կարոտախտով շարունակում է հիշել սովետական   Հայաստանը, յուրաքանչյուր առիթ բաց չթողնելով քննադատել նոր բարքերն ու  ապրելակերպը, միանշանակ չարիք համարելով «համակարգչի դարը»: Ընդհանուր   առմամբ, խորհրդային իշխանության հատկապես վերջին տարիները, մասնավորապես   70-80-90-ականները համարելով լավագույնը, այնուամենայնիվ, հարցվածներից շատերը անկախությունը համարում են մեծագույն արժեք, իսկ դժվարությունից   տրտնջացողներին էլ հիշեցնում՝ Հայրենական պատերազմի դժվար ու քաղցած տարիները և հորդորում աչքի լույսի պես պահել հայրենիքի անկախությունը, միաժամանակ   խորհուրդ տալով՝ պահպանել նաև սեփական անձի անկախությունը, որովհետև «իրենց ժամանակներում» դա չէին սովորեցնում: Իհարկե, սովորել, սովորել, սովորել. հանրահայտ պատգամն այսօր ավելի արդիական է. նրանց համար թոռնիկի կամ  ծոռնիկի բարձր գնահատականն ու հաղթանակները միշտ էլ ուրախացնում են ու   մեծավարի խորհուրդ տալիս՝ երբեք չբավարարվել ձեռք բերածով:

Ստացվում է՝ մեզ ավելի ամուր անկախություն է պետք՝ ոտքերի վրա ամուր կանգնած ու ոչ երերուն։ Բայց փաստը փաստ է․ օրեր առաջ մեր լավագույն տոներից մեկն էր՝ մեծ խորհրդով ու կարևորությամբ։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register