ՃԱՄՓՈՐԴՈւԹՅՈւՆԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՂ ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ՝ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ

2

Այս տարվա հուլիսին կայացած «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ժամանակ ներկայացված նախագծերի զգալի մասը` մարդու ամենաթանկագին հարստության` ժամանակի խնայողության նպատակ էր հետապնդում: Նման առաջարկությամբ էր հանդես եկել նաև «tripplannera.com» նախագիծը:

Վրանային ճամբարում ծանոթանալով ծրագրի համահիմնադիր Սերգեյ Ասատրյանի հետ, որոշեցինք այս հետաքրքիր նախաձեռնությանն անդրադառնալ արդեն Երևանում, երբ նրանք Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ իրենց կայքում որպես տուրիստական ուղղություն առաջին անգամ կներկայացնեն նաև Երևանը:

Ինչպես և պայմանավորվել էինք, հանդիպեցինք «Tripplannera»-ի  (թարգմանաբար` ճանապարհորդության պլանավորող) թիմին և խնդրեցինք պատմել այդ ուշագրավ ծրագրի մանրամասների մասին: Ինչպես արդեն կռահեցիք թարգմանությունից, այս ծրագիրն օգնում է ցանկացողներին ծրագրել մոտալուտ ճամփորդությունը, եթե այն տուրիստական է: Կայքում ներկայացված են հանրաճանաչ 60 զբոսաշրջային ուղղություններ (քաղաքներ):

Ընտրելով ձեր ճամփորդական ժամանակացույցը, քաղաքները, նախասիրությունները (օրինակ` պատմակա՞ն, թե՞ զվարճանքի վայրեր եք ուզում այցելել, գուցե երկուսը միասի՞ն) կստանաք ճամփորդական ծրագիր: Ծրագրի համահիմնադիրներն են Սերգեյ Ասատրյանը և Հմայակ Տիգրանյանը: Ճամփորդական ուղևորությունները ծրագրելու վրա Հմայակը շատ ժամանակ է ծախսել: Այդ կերպ նա որոշել է հեշտացնել, թե՛ իր, թե՛ մյուսների կյանքը:

«Ընդհանրապես, միջինացված տվյալներով ճանապարհորդները երկար ժամանակ՝ 15 -20 օր են ծախսում ծրագրման վրա: Հենց դա էլ միտք հուշեց օնլայն գործիք ստեղծել՝ հեշտացնելով այդ պրոցեսը: «TripPlannera»-ն լիովին անվճար է այցելուների համար, պարզապես պետք է գրանցվել: Կայքը պլանավորում է ժամանակացույցը՝ հիմնվելով այցելուների ընտրության ու հետաքրքրությունների վրա, թե որ օրը՝ որ քաղաքում ես ցանկանում լինել: Եթե պահպանում ես պլանը հեռախոսում կամ համակարգչում, հետագայում առանց ինտերնետի առկայության կարող ես այն օգտագործել»,- նշում է «TripPlannera»-ի մարքետինգի մենեջեր Լիլիթ Օհանյանը:

Կայքում աշխատանքային լեզուն անգլերենն է: Առայժմ հիմնական օգտվողները ԱՄՆ-ից և Եվրոպայից են: «Հետաքրքիր է, ինչո՞ւ մեկ տարվա աշխատանքից հետո միայն այժմ է  որպես տուրիստական ուղղություն Երևանը ներառվում ծրագրում» հարցին ի պատասխան՝ Լիլիթը նշեց. «Տուրիստական ուղղություններին ծանոթանալու դեպքում կնկատեք, որ, ցավոք, Երևանն ամենատարածված 100 ուղղությունների ցանկում ընդգրկված չէ: Սակայն որպես մեր քաղաք, չէինք կարող նրան չանդրադառնալ: Խորհրդանշական է, որ մենք հենց սեպտեմբերի 21-ին Երևանը ներառեցինք մեր կայքում»:

1

Այս պահին հնարավորություն կա տուրիստական ծրագրեր կազմելու 60 ուղղությունների համար: Ամենատարածված տարբերակներն են` Փարիզը, Լոնդոնը, Նյու Յորքը, Հռոմը, Բարսելոնան: «TripPlannera»-ում առաջարկվում են նաև այսպիսի պատրաստի ծրագրեր, օրինակ` «Փարիզը` 6 օրում» կամ «Լոնդոնը՝ 7 օրում»: Օրինակ` վերջինիս դեպքում ծրագիրը կազմում է 26 տեսարժան վայր, բացի այդ` 8 ռեստորան այցելելու և 3 ուղեպտույտ կատարելու տարբերակ: Ուղերթն այնպես է կազմվում, որ մարդը քաղաքի մի ծայրից մյուսը չկտրի մեկ օրվա ընթացքում, այլ այցելության կետերը հնարավորինս մոտ լինեն իրար:

Գրանցվելով «TripPlannera»-ում` կարելի է փոփոխել արդեն իսկ կազմված ծրագիրը, դիտել քարտեզը, առցանց պատվիրել տոմսեր թանգարանների համար, ամրագրել սեղան ռեստորանում և այլն: «TripPlannera»-ի թիմն այժմ աշխատում է ամբողջացնել ծրագիրը` ներառելով նաև հյուրանոցներն ու հոսթելները: Ժամանակացույցը կազմվում է ընդհանուր վիճակագրության վրա: Օրինակ` Հռոմում, Կոլիզեումի գեղեցկությամբ հիանալու համար առաջարկվում է 3.5 ժամ, իսկ, օրինակ, «Բորգեզե» պատկերասրահում անցկացնելու համար` 2 ժամ: Պետք է հաշվի առնել այն, որ որքան քիչ է ճամփորդության համար նախատեսված ձեր ժամանակը, այնքան կայքի կողմից առաջարկվելիք ցանկում գերակշռող են լինելու տուրիստների կողմից «ամենաքրքրված» վայրերը: Եթե Ձեզ հետաքրքրում են առավել քիչ հայտնի վայրերը, ապա կարող եք նշել, որ ձեր ճամփորդությունը պիտի տևի ոչ թե մեկ շաբաթ, այլ ասենք մեկ ամիս, որը հնարավորություն կտա լինել ձեր նախընտրած վայրերում:

TripPlanner կայք կարող եք այցելել հետևյալ հղումով:

Զրույցը գրի առավ՝

Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register