«ՃԱՄՓՈՐԴ»-Ի ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԻՈՆՈՒՄ»

chernobil1

 «Ոչ միայն Անգլիան, այլև կղզի է յուրաքանչյուր անգլիացի »: Ուշագրավ այս արտահայտության նրբերանգները պարզելու , և Հայաստանից ստացած տպավորություններին ծանոթանալու  համար «Ճամփորդի» գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին որոշեց զրուցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:

 -Ձանձրալի չէ՞ Երևանի պես փոքրիկ քաղաքում ապրելը:

– Օ՜,ոչ, ըստ իս Երևանն այնքան էլ փոքր չէ, ինչպիսին Դուք եք ներկայացնում: Երևանն այնքան փոքր չէ, որ շուտ ձանձրացնի, սակայն այնքան մեծ էլ չէ, որ քաղաքի մեջ քեզ կորած զգաս: Ամուսինս ու ես մոտ մեկ տարի է, ինչ այստեղ ենք: Ես իսկապես  տպավորված եմ: Ինձ զարմացնում է  Երևանյան  համերգների  և  թատերական ներկայացումների մեծաքանակությունը: Մենք  այցելել ենք  հրաշալի  թանգարաններ  ու  ցուցահանդեսներ: Ինձ շատ է դուր եկել սրճարանային մշակույթը՝ հատկապես ամառային  ամիսներին: Առանձնապես  տպավորված  եմ  երևանցիների ջերմությունից և բարյացակամությունից:

– Իսկ Երևանից դուրս Ձեզ ի՞նչն է գրավել:

– Վերջերս մեծ ճանապարհորդություն եմ կատարել դեպի հարավ.  հասել եմ մինչև Մեղրի: Պետք է նշեմ, որ Հայաստանի գեղատեսիլ բնությամբ ցնցված և հիացած  էի: Չնայած   հարաբերականորեն փոքր  չափսերին, Հայաստանը բազմապիսի  լանդշաֆտներ ունի:  Շատ տպավորված  եմ  պատմական հուշարձաններից: Ես տեսա  ձեր  Սթոունհենջը (ինչպես  բոլորը  դա  կոչում  են), եղա  նաև  Տաթևի  վանքում: Ինձ հատկապես  դուր  եկավ   ժայռերի ետևում թաքնված Նորավանքը :

– Դա իմ սիրելի վանքն է: Իսկ Մեղրին Ձեզ դուր եկա՞վ:

– Մենք երկար կանգառ չունեցանք, սակայն կարող եմ ասել, որ այն այլ  տիպի ճարտարապետություն ուներ, իսկ  Մեղրիի  ժայռերն  ինձ  հիշեցրին Հարավային Իսպանիայի  որոշ  տարածքներ, որտեղ   ես եղել եմ: Այս  ճամփորդության ընթացքում ես իսկապես զգացի Հայաստանի բազմազանության ողջ հմայքը: Օրինակ՝ Կապանը  բոլորովին  այլ տեսք  ուներ,իսկ Գորիսը… Գորիսը   իսկապես սքանչելի էր: Ինձ շատ դուր եկավ  այնտեղի  ճարտարապետությունը:  Մենք այցելեցինք  քարանձավներ  և  տարբեր  պատմամշակութային  հուշարձաններ: Այն  ամենը, ինչ տեսա, շատ տարբեր  էր  և հետաքրքիր: Մտքովս իսկ չէր անցնի նման լանդշաֆտ և ճարտարապետություն տեսնել այսքան փոքր երկրում:

– Իսկ ուտելի՞քը, ինչպիսի՞ն է Ձեր քիմքի համար Հայաստանի ուտելիքը:

 – Ես բուսակեր եմ, իսկ ամուսինս՝ մսակեր: Հայաստանը ես  հատկապես  սիրում եմ  ամռանը, երբ  մենք   իսկապես  վայելում   ենք  տեղական  սքանչելի  միրգն   ու բանջարեղենը: Շատ հեշտ է այստեղ առողջ ապրելը, հատկապես ինձ՝ բուսակերիս համար:

– Դեմ չեք, եթե անցնենք  ավելի  լուրջ  հարցերի: Ինչպիսի՞ն  են  Միացյալ Թագավորության՝ Հայաստանի հետ կապված կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները:

– Մենք  ցանկանում ենք Հայաստանի՝ ժողովրդավարական, բարգավաճ  և  անվտանգ   երկիր  դառնալու  գործընթացի աջակիցը դառնալ:  Մասնավորապես, ցանկանում ենք սերտորեն համագործակցել կառավարության, Ազգային  Ժողովի և այլ կառույցների  հետ: Ցանկանում ենք մեր նպաստն ունենալ՝ դրանց   ինստիտուցիոնալ   կայացման  ու կարողությունների զարգացման գործընթացի  աջակցման հարցում: Մենք  շատ լավ պատմություն և մեծ  կենսափորձ ունենք,ինչը կարող է խիստ նպաստավոր լինել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական  կառավարման, թե՛ խորհրդարանական  ժողովրդավարության  հարցում: Ինձ գոհացնում է այն, որ մեր հայ գործընկերները   շատ  հետաքրրքված   են  մեզնից  սովորելու  հարցում: Ըստ իս, շատ  կարևոր է հասկանալ,  թե  ինչպես  է  Անգլիան  եկել  այն համակարգին, որն ունի այսօր, կարևոր է գիտակցելը, թե  ինչը կարող է աշխատել Հայաստանի պարագայում և ինչը՝ ոչ: Մենք նաև շատ  կայուն  և  ընդլայնվող   պաշտպանության ներգրավվածության  ծրագիր ունենք: Պատմության ընթացքում առաջին անգամ հայ ուսանող կհաճախի Արքայական  Քոլեջ՝ պաշտպանական   դասընթացների ( ի դեպ նշեմ, որ զինված  ուժերի   ներկայացուցիչների   համար դա ամենահեղինակավորներից  է համարվում ): Մենք  նաև  անգլերենի  ուսուցման  ծրագրեր ենք նախատեսել  խաղաղապահական գործունեություն իրականացնել ցանկացողների համար: Հայաստանը զգալի   ներդրում  ունի  աշխարհի տարբեր վայրերում իրականացվող խաղաղապահական առաքելություններում, հետևաբար անգլերենի  իմացությունը շատ կարևոր է: Մենք   սահմանել  ենք  այն  ոլորտները,  որոնք  շատ հեռանկարային   են Հայաստանում   բրիտանական  բիզնեսի  հետաքրքրությունների համար: Ես կարող   եմ   խոսել  երեք  հիմնականների  մասին՝  տեղեկատվական տեխնոլոգիաներ,  գյուղատնտեսություն  և  տուրիզմ: Սրանք են  այն  հիմնական ուղղությունները, որոնք մենք ցանկանում ենք ակտիվորեն խթանել:Տեղեկատվական  տեխնոլոգիաների  հետ կապված,   կարծում  եմ, այստեղ  մեծ ներուժ  կա: Դեսպանատունը Միացյալ Թագավորության   և Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների  միավորմանը միտված  մի ծրագիր է նախապատրաստում: Փորձելու  ենք  հստակ  սահմանել, թե   որտեղ   է  հնարավոր  պոտենցիալ համագործակցությունը, կան արդյոք համատեղ  իրագործելիք նպատակներ: Ինչ վերաբերում է  գյուղատնտեսությանը: Հայաստանում  գյուղատնտեսության  խթանման, այն առավել արդյունավետ դարձնելու  հոլովույթում  պետք է դիտարկել  Միացյալ  Թագավորությունից  գյուղատնտեսական  մեքենաներ   ներկրելու  մեր ցանկությունը: Ենթատեքստում  գյուղատնտեսության զարգացման  նպատակն է:  Երկրում տուրիզմի զարգացման հարցի հետ կապված՝ դեռևս մտորումների մեջ ենք: Ըստ իս՝ տուրիզմի ոլորտի զարգացմանն  ուղղված առավել  ամբողջական ու համապարփակ  մոտեցման անհրաժեշտություն  կա: Էկոտուրիզմը,  մշակութային,   պատմա-ճարտարապետական   տուրիզմն այսօր արդիական են Հայաստանում:

ddd

–  Ցանկանում եմ խոսել շատերին  հետաքրքրող մի հարցի մասին ևս: Ըստ  Ձեզ, որո՞նք   կարող  են  լինել ԵՄ-ից  դուրս  գալու  կարճաժամկետ   և երկարաժամկետ հետևանքները Հայաստանի համար: 

– Բրիտանիան լքում է ԵՄ-ն, սակայն մենք չենք լքում Եվրոպան, մենք չենք լքում աշխարհը: Մենք ցանկանում ենք շարունակել մեր կարևոր  դերակատարումը  ձեր  տարածաշրջանի  տնտեսական   և  անվտանգության   հարցերում:  Չեմ կարծում, որ  Հայաստանի  հետ   կապված   որևէ  բան  կփոխվի: Մեր նպատակն է  Հայաստանի  հետ  շարունակել  անկախությունից   ի վեր զարգացող  երկկողմ   հարաբերությունները: Միացյալ Թագավորությունը Հայաստանի հետ  ամուր  համագործակցության  ծրագրեր է ունեցել, որոնք  մտադիր ենք շարունակել:

 – Հետխորհրդային երկրներում ունեցած Ձեր հարուստ  դիվանագիտական փորձը հայտնի է շատերին: Ինչպիսի՞ ընդհանուր խնդիրներ կան այս երկրներում:

– Ապշեցուցիչը գիտե՞ք ինչն է: Բոլոր  այն երկրները, որտեղ ես աշխատել եմ դիվանագիտական ծառայությունը ստանձնելուց  ի վեր՝ 1991թ.հուլիսից սկսած ( օրինակ՝  Չեխիայի հանրապետություն, Ուկրաինա, Լատվիա, Կիրգիզիա, Հայաստան),  այդ   ժամանակ  իրենց   ներկայիս   կարգավիճակով  գոյություն չունեին:  Նրանք բոլորն էլ   իրենց   ինքնության վերահաստատման  խնդրի առջև  էին կանգնել: Այս  բոլոր  երկրներն էլ  սերում են միևնույն հիմքից՝  փոքրիկ   տարբերություններով,իհարկե: Այդուհանդերձ նրանք այս ընթացքում  զարգացել են շատ տարբեր ուղղություններով: Հայաստանն ունի իր երկար, տպավորիչ պատմությունն ու մշակույթը, ինչն այս երկիրը շատ տարբեր է դարձնում: Հիշատակածս  բոլոր երկրներն  էլ ինստիտուցիոնալ զարգացման  կարիք   ունեն: Միացյալ   Թագավորությունը  հարյուրամյակներ շարունակ զարգացել է, շարունակաբար փոփոխել  ու հղկել  քաղաքական  համակարգը, ինչը նույն այս երկրները ստիպված են անել կես տասնամյակում:

– Կարո՞ղ եք նշել որոշ մարտահրավերներ, որոնք հատուկ են հենց Հայաստանին:

– Այն փաստը, որ Հայաստանն իր երկու հարևանների հետ փակ սահման ունի,արդեն իսկ  խոչընդոտ է  նրա տնտեսական զարգացման համար: Այդ իսկ պատճառով էլ մենք  աջակցում  ենք  ԵԱՀԿ  Մինսկի  խմբի համանախագահների՝  Լեռնային Ղարաբաղի  խնդրի   լուծմանն ու տևական   խաղաղության հաստատմանն ուղղված  ջանքերին, քանի որ կարծում  ենք, որ դա  իր դրական ազդեցությունը  կունենա  ոչ միայն Հայաստանի   բարգավաճման   և անվտանգության, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Կարծում եմ՝ սա է այն հիմնական մարտահրավերը, որով Հայաստանն առաձնանում է այլ երկրներից:

 – Չխոսե՞նք մի քիչ ֆուտբոլի մասին. Հենրի Մխիթարյանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝  Ձեր  հայրենի  քաղաքի համբավաշատ  թիմ: Ֆուտբոլում համագործակցության  հնարավորություն  տեսնու՞մ   եք:

–  Ես իսկապես ուրախ  եմ, որ  Հենրիխն   ընտրեց  Մանչեսթերը,  և մասնավորապես՝            «Մանչեսթեր  Յունայթեդը»,  որն  իմ համոզմամբ  աշխարհի լավագույն  ֆուտբոլային   ակումբն  է:  Ես կարծում  եմ, որ դա խորհրդանշական է: Հարյուր տարի առաջ Միացյալ Թագավորությունում  հենց Մանչեսթերում է ձևավորվել առաջին հայկական  համայնքը: Առաջին հայկական եկեղեցին Միացյալ Թագավորությունում  կառուցվել է Մանչեսթերում:  Երկրպագուներն արդեն երգ են հորինել Հենրիխի մասին, նրանք սովորել են արտաբերել նրա ազգանունը: Դա վկայությունն է նրա, որ Հենրիխին նրանք ընդունել են: Ես նրան Թվիթերով մաղթեցի «Բարի գալուստ, Մանչեսթեր», և նա շատ սիրալիր կերպով «լայքեց» իմ ողջույնը:

Լավ, Դուք խորհուրդ կտայի՞ք Ձեր ընկերներին այցելել Հայաստան:

– Անկասկած, ես նրանց արդեն խորհուրդ եմ տվել:

– Ձեր դիտարկմամբ, որոնք են այն երեք հիմնական վայրերը, որ նրանք պետք է այցելեն:

– Ցանկացողներին  խորհուրդ կտայի  որոշ ժամանակ թափառել փողոցներում, ծանոթանալ  միջավայրին: Ես  խորհուրդ  կտայի  այն,  ինչ  խորհուրդ  եմ տալիս Միացյալ   Թագավորություն  այցելողներին. մի՛   մնացեք  միայն մայրաքաղաքում, ճամփորդե՛ք  երկրով  մեկ:  Խորհուրդ  կտայի նրանց  այցելել  Սևանա  լիճ, Նորավանք,   Տաթև… Եվ վերջինը, որ ես կասեի,այցելե՛ք  հայկական  լավ  ռեստորաններ  և մեկ-երկու  գավաթ  հայկական գինի խմեք: Գինեգործությունն  այն  ոլորտներից  է, որտեղ  Հայաստանն  սկսում է կայուն  հռչակ  ձեռք  բերել: Ես շատ տպավորված  եմ, թե   ինչպես   են գինեգործական  ընկերությունները  ոչ միայն  իրենց  գինիները   միջազգային  մրցույթների  ներկայացնում,  այլ  նաև  հաղթում  բավական   տպավորիչ մրցակցության պայմաններում:

 – Մոտենում է Հայաստանի Անկախության օրը: Այդ առիթով «Ճամփորդը» փողոցներում պատահական հարցումներ է իրականացնում, հասկանալու համար`  թե ի՞նչ է  իրականում ազատությունը մարդկանց համար: Իսկ ի՞նչ է այն  նշանակում Ձեզ համար:

– Իմ համոզմամբ, Միացյալ Թագավորությունում  ապրող մարդիկ  ազատությունն ու  անկախությունը  համարում  են այնպիսի արժեք, որն այսպես թե այնպես պետք է գոյություն ունենար: Անկախությունը  հասկանալու  հարցում  ինձ  մեծապես օգնել է սուֆրաժիստուհիների դպրոց հաճախելը: Դա  կարևոր  փորձ  էր, որն ինձ օգնեց հասկանալու, թե  ինչ է ազատությունը նշանակում ինձ համար: Մասնավորապես, որպես կին՝  դա ինձ համար  ընտրության  հնարավորությունն  էր:  Ես  երբեք  այն զգացողությունը չեմ ունեցել, որ որևէ բան հասանելի չէ ինձ համար, քանի որ ես կին  եմ: Անձնական  ազատություն  ձեռք  բերելն  իսկապես   կարևոր է, ինչը  ես իրոք գնահատում ու արժևորում եմ:                                                              Իսկ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի վերաբերյալ կասեմ հետևյալը: Մենք մեծ ուրախությամբ պատրաստվում ենք Անկախության 25-ամյակը նշել մեր հայ ընկերների հետ : Այս  25 տարվա ընթացքում Հայաստանը շատուշատ փորձությունների  միջով   է անցել: Մեզ հիացնում է այն, թե ինչպես է հայերին հաջողվում պահպանելով մշակութային և պատմական ինքնությունը՝ կերտել այսօրվա և ապագայի տեսլականը: Ապագայի կերտման այդ  ջանքերում  նրանց   բարին  եմ մաղթում: Ես ցանկանում եմ շեշտել, որ մենք այստեղ ենք և պատրաստակամ ենք սատարել նրանց այդ ճանապարհին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register