ՎՐԱՍՏԱՆՈւՄ ԿԿԱՌՈւՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

2

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել Քութայիսում կառուցվելիք համալսարանի համար: Ապագա համալսարանն ունենալու է տեխնոլոգիական և տեխնիկական ուղղվածություն և հագեցած է լինելու արդիական լաբորատորիաներով և ենթակառուցվածքներով: Այն ունենալու է կոնֆերանս դահլիճներ, գրադարաններ, ուսանողների և դասախոսների համար նախատեսված հանրակացարաններ: Համալսարանի տարածքում գործելու են նաև կինոթատրոններ, հանգստի ակումբներ, սրճարաններ, սպորտային ենթակառուցվածքներ՝ ֆուտբոլի և ռեգբիի մարզադաշտեր, թենիսի կորտեր, լողավազան և բասկետբոլի հարթակ: Համալսարանը հավակնում է դառնալ առաջին մասշտաբային կրթական կենտրոնը տարածաշրջանում, որտեղ ուսանելու է  60,000 ուսանող:

 Չերչիլի կտավը  վաճառվել է 473 հազար դոլարով

Լոնդոնում անցկացված «Sotheby’s» աճուրդում օրերս վաճառվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ 1962 թվականին վրձնած «Ոսկե ձկնիկներով լճակը» կտավը: 357 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 473 հազար ԱՄՆ դոլար)  գնահատված կտավում պատկերված է Չերչիլի ամենասիրելի վայրերից մեկը՝ Քենթ կոմսության Չարտվել կալվածքում գտնվող պարտեզը: Կտավը պահվել է Չերչիլի թիկնապահ Էդվարդ Մյուրեի ընտանիքում: Ուինսթոն Չերչիլը գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 40 տարեկանում: Քաղաքական գործիչը ավելի քան 500 կտավի հեղինակ է:

Եղիսաբեթ 2-րդը դարձել է աշխարհի ամենատարեց միապետը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն աշխարհի առաջնորդների շրջանում հերթական ոչ պաշտոնական տիտղոսն է ստացել: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո աշխարհի ամենատարեց ղեկավարի կոչումը փոխանցվել է 91-ամա թագուհուն: Սա Մեծ Բրիտանիայի թագուհու հերթական ռեկորդներից  է. 2015 թվականի սեպտեմբերին Եղիսաբեթ 2-րդը գերազանցել է Վիկտորյա թագուհու ռեկորդը՝ դառնալով Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետը: Իսկ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի մահից հետո Եղիսաբեթ 2-րդը դարձել է ներկայում ապրող ամենաերկար կառավարող միապետը:

Google»-ը հետևել է « Android»-ի օգտատերերին

Google» ընկերությունը խոստովանել է, որ 2017 թվականի հունվարից շարունակաբար հավաքել է «Android»-ի օգտատերերի աշխարհագրական դիրքին վերաբերող տեղեկությունները: Օգտատերերի գտնվելու վայրը որոշվել է բջջային կապի մոտակա աշտարակներից հեռավորությամբ և աշխատել նույնիսկ աշխարհագրական դիրքի որոշման ծառայությունն անջատելու և սիմ քարտի բացակայության դեպքում: Սմարթֆոնը «Google»-ին փոխանցում է գտնվելու վայրի մասին տեղեկություններն ամեն անգամ, երբ օգտատերը միացնում է Wi-Fi-ը և GPS-ը: «Google»-ի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ընկերությունն օգտագործել է բջջային կապի ինդիկատորը՝ սմարթֆոնին ծանուցումներ և հաղորդագրություններ ուղարկելու համար

 Կատուներին շոյելը՝ որպես աշխատանք

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի անասնաբուժական կլինիկաներից մեկը հատկապես կատվասերների համար՝ թափուր աշխատատեղի առկայության մասին գայթակղիչ հայտարարություն է հրապարակել: «Just Cats» անասնաբուժական կլինիկան փնտրում է կատուներ շոյող «մասնագետի»: Հաստատության կայքում ասվում է նաև, որ թեկնածուն պետք է «նուրբ ձեռքեր» և «կատուներին երկար ժամանակ շոյելու հնարավորություն» ունենա: «Դուք խելագարի պես կատունե՞ր եք սիրում: Քնելուց առաջ կատունե՞ր եք հաշվում: Կերակրո՞ւմ եք փողոցային կատուներին: Եթե պատասխանել եք «այո» այս հարցերից մի քանիսին, ապա կցանկանայի՞ք աշխատել «Just Cats» անասնաբուժական կլինիկայում»,-ասվում է թափուր աշխատատեղի նկարագրության մեջ: Կլինիկան պատրաստ է տարեկան 20-25 հազար եվրո աշխատավարձ վճարել՝ կախված նոր աշխատակցի փորձից: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register