ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿՊՉՈւՆ ՎԱՐՔԻՑ

2

«Ճամփորդ» շաբաթաթերթը շարունակում է հոգեբանական հոդվածաշարը՝ հոգեբան և հոգեթերապևտ, «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ՝ Արման Բեգոյանի հետ միասին, որոնց ընթացքում համատեղ կհուշենք՝ ինչից սկսել և ում դիմել այս կամ այն խնդրի դեպքում։ Եթե ունեք հարցեր, գրեք info@champord.am էլ․հասցեով, մենք անպայման կանդրադառնանք դրանց։ Խմբագրությունը զգուշացնում է․ տվյալ հոդվածաշարը կրում է ինֆորմացիոն-կրթական-կողմնորոշիչ բնույթ, այդ իսկ պատճառով ներկայացված է ոչ խորքային-մասնագիտական տարբերակով և չի կարող օգտագործվել ինքնաբուժման, կամ ինքնուրույն ախտորոշման համար։

Հիշո՞ւմ եք միլիարդատեր Հովարդ Հյուզի մասին պատմող «Ավիատոր» ֆիլմը՝ Լեոնարդո դի Կապրիոյի հրաշալի դերակատարմամբ։ Գլխավոր հերոսը կլորիկ գումար ունեցող մեկն է, որը որոշում է ֆիլմ նկարահանել: Նա  անընդհատ լվանում է ձեռքերը և ամենուր աղտոտվածության նշաններ տեսնում՝ ժամանակ առ ժամանակ կրկնելով նույն նախադասությունը և չկարողանալով կանգ առնել։ Բայց այսօր ֆիլմի մասին չէ, որ ցանկանում ենք խոսել՝ չնայած, որ այն իսկապես որակյալ է, խորհուրդ ենք տալիս։ Կխոսենք կերպարի հոգեբանական խնդրի մասին, որը մեր ընթերցողներից մեկի առաջարկով՝ կրում է «օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում» անունը ։

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հիմնական բնորոշիչները օբսեսիաներն ու կոմպուլսիաներն են։  Եթե ավելի «մարդերեն» փորձենք բացատրել, օբսեսիաները  կարելի է բնորոշել որպես  անընդհատ կրկնվող, որոշակի կայունություն ու կպչունություն ունեցող մտքեր, մտավախություններ, որոնք ավտոմատ կերպով են առաջանում՝ ստիպելով մարդկանց անընդհատ մտածել դրա մասին՝ դառնալով անհանգստության ու սթրեսի աղբյուր։ Դրանք կարող են ուղեկցվել կոմպուլսիաներով, որն էլ հանդիսանում է  արդեն կպչուն վարքը։ Այ այստեղ պետք է մի փոքր կանգառ անել ու հստակեցնել։ Խոսքային և  վարքային կպչունության ինչ-ինչ դրսևորումներ ունենք բոլորս։ Օրինակ, ինչ-որ դժբախտ պատահարի մասին խոսելիս «Աստված չանի» կամ «թու-թու-թու»  ասելը՝  լինգվիստիկ կպչունություն է, իսկ երբ արդեն սկսում ենք սպիտակ կտոր փնտրել, որ կծենք, կամ երեք անգամ թխթխկացնում ենք փայտե մակերեսին, լինգվիստիկից արագ անցում ենք կատարում  վարքայինին։ Մի քանի անգամ դռան կամ ծորակի փակ լինելը ստուգելը ևս կպչուն միտք-գործողություն է։ Բայց սրանք «անմեղ խնդիրներ» են, որոնք, որպես այդպիսին, չեն խանգարում մեր առօրյային։ Հետո, որոշ մտքերի կպչունության սրացումները կարող են ժամանակավոր լինել․ եթե սթրեսային իրավիճակում ենք, նեգատիվ մտքերի ենք հակված լինում, որոնք, խնդրի լուծվելուն պես, անհետանում են։

Գործողություններն ու մտքերը դառնում են խնդիր, երբ նրանք  չենք կարողանում կառավարել։ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդիկ, սովորաբար, հատուկ «ծիսակատարություններ» են ունենում։ Օրինակ, դուռը բացելիս պետք է հինգ անգամ քաշեն բռնակը, և նոր ներս մտնեն։ Հինգից տասը անգամ պետք է լվան ձեռքերը, այլապես իրենց շատ կեղտոտ են զգում։ Լինգվիստիկ խանգարումների դեպքում կարող են մի նախադասությունը կրկնել այնքան ժամանակ, մինչև ուղեղը չգտնի՝ իր համար ավելի կատարյալ հնչողությունը։

Այս խանգարման հիմնական  ախտանիշներն են․

Օբսեսիաները՝ այսինքն՝ կրկնվող և կպչուն մտքերն ու մղումները։

Օբսեսիաներից ազատվելու կամ անտեսելու անհաջող փորձերը։

Կոմպուլսիաները՝ հաճախ կրկնվող վարքատեսակները։

Օբսեսիաները կամ կոմպուլսիաները շատ ժամանակ են խլում՝ խանգարելով կյանքի բնականոն ռիթմին։

Դժվարացնում են առօրյան՝ խանգարելով  սոցիալական  կամ անձնական կյանքին ու աշխատանքին։

Օբսեսիվ-կոմպուլսիվ  խանգարման առանձնահատուկ, նեգատիվ դրսևորումներից մեկն էլ այն է, որ այն ունեցող շատերին թվում է, թե ավելի լուրջ հոգեկան խնդիր ունեն։ Որպես կանոն կարծում են, թե, նախկին տերմինն օգտագործելով, փսիխոզ ունեն, նրանց թվում է, թե այդ մտքերն ու գործողություններն են իրենց կառավարում, դրանք հնարավոր չէ փոխել կամ վերացնել։

Հոգեբան Արման Բեգոյանը նշում է․«Այս տեսանկյունից, հաշվի առնելով օբսեսիվ-կոմպուլսիվ  խանգարման առանձնահատկությունները, հոգեթերապիայի առաջնային նպատակն է դառնում օգնել մարդուն հասկանալ, որ  այս կպչուն մտքերը հնարավոր է հաղթահարել, դրանք իր գլխում են, բայց կարող են ավտոմատ կերպով առաջանալ ու, անգամ, չենթարկվել, քանի որ նյարդային համակարգը ժամանակի ընթացքում շատ ինֆորմացիա է կուտակում, պահվածքն ամրանում է մեր նեյրոնային համակարգում ու հետագայում նաև դա է պատճառը, որ խնդիրը թվացյալ անլուծելի է»։

Բայց այն հնարավոր է լուծել։ Նախ պետք է հետևել սեփական  մտքերին ու վարքին, հասկանալ՝ ինչպես ու որտեղ է դրսևորվում կպչունությունը։ Հետո արդեն հետևել դրանց կրկնվելու  հերթականությանը, և փորձել ինքնուրույն մեղմել դրանք՝ փորձելով շեղվել, զսպելով իմպուլսները։ Դա, ինչ խոսք բարդ է, բայց՝ հնարավոր։ Իրականում, այս խնդրի դեպքում շատ ցանկալի է հոգեբանի հետ աշխատելը, որովհետև անհրաժեշտ է  օբյեկտիվ հայացք ու խնդրին քաջատեղյակ մեկը, որը կկարողանա  աշխատել ու օգնել դուրս գալ կրկնվող վարքից կամ մտքերի շարքից։

Կարևորը հիշեք, որ կպչուն վարքն ու մտքերը ևս լուծվող են, ուղղակի մասնագետի հետ է պետք աշխատել։ Հետևողական եղեք ձեր նկատմամբ, փորձեք ընկալել՝ երբ են առաջանում մտքերը, ինչ «հիմնաղբյուրից» են նրանք սնվում, և եթե զգում եք, որ դրանք իսկապես արդեն չեք կարող ինքնուրույն կառավարել, մասնագետները կօգնեն ձեզ։

Առողջ եղե՛ք։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register