ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

1

Աշխարհին «Փոքրիկ իշխան» նվիրած Անտուան դը Սենտ Էքզյուպերիի նման, այդ օրը բոլորի հոգում քնած մանուկն է արթնանում: Մշտապես «կարևոր» գործերով զբաղված մեծահասակներին ավելի անկեղծ դերում տեսնելուն պես, կարելի է կռահել՝ այսօր  հունիսի մեկն է:

Երեխաների պաշտպանության օրը մնացած օրերից տարբերվում է իր նկատելի աշխույժով ու գունագեղությամբ: Որ կողմը նայում ես փուչիկներ են, պաղպաղակներ, ասես գունավոր հրավառություն լինի: Ամեն այգում մի միջոցառում է, օրն անմոռանալի դարձնելուն միտված զվարճանքներ ու խաղեր, համերգներ, նվերներ և անհոգ երեխաների ուրախ դեմքեր: Երկինքը պայծառ էր ու արևը շողում էր Ազգային ժողովի շենքի բակում հավաքվածների տոնը գեղեցկացնելու համար:

Իսկ «Պողոսյան պարտեզներում» («Սիրահարների այգի») բարեգործական միջոցառում էր կազմակերպել «Հայ Ձմեռ Պապ» ընկերությունը: Ընդհանրապես երեխաների ամենասիրելի բանը նվեր ստանալն է: Ու եթե հանրածանոթ Ձմեռ պապը միայն Ամանորին է փոքրիկներին  նվերներ բաժանում, ապա «Հայ Ձմեռ Պապը» իր տարատեսակ նվերներներով երեխաներին ուրախություն է պատճառում ամբողջ տարվա ընթացքում:

Ընկերությունն ամենատարբեր ծրագրեր է իրագործում մարզերում: Այս անգամ նրանք ներկայացնում էին Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղում կատարած իրենց ծրագիրը: Հանդիսությանը մասնակցում էին նաև գյուղի դպրոցի երեխաները, ովքեր իրենց գունավոր նկարները հանձնել էին տարբեր սրճարանների, որտեղ բարեգործական նպատակով գումար էր հավաքվում գյուղում իրականացվելիք մի քանի ծրագրի համար: Գյուղի դպրոցը քանի որ շատ մոտ է սահմանին և նրա պատուհանները փակված են, ստեղծվել է «Հավեսին սենյակ» կոչվող տարածք, որտեղ երեխաները դասերից հետո հավաքվում և իրագործում են իրենց ամենագունավոր մտքերը:

Միջոցառման անցկացման համար ընտրվել էր քաղաքի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ իր չքնաղ գետակով, կամուրջներով ու ամենատարբեր գողտրիկ անկյուններով: Հեռավոր Տավուշից եկած երեխաներին տոնական այդ օրը սպասվում էր նաև համերգային ծրագիր, որի վերջում հնչեց «Հուսո առագաստ» երգը: Այն ևս մեկ անգամ հույսի ժպիտ պարգևեց բոլորին: Տոնական  օրը դեռ երկար կմնա փոքրիկների հիշողության մեջ:

 

Արև Մախսուդյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register