ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵՔ

1

Հունիսի մեկը տոնական լինելուց բացի նաև կարևոր ենթատեքստ ունի։ Օրը կոչվում է «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր», բայց այն հաճախ դառնում է ուղղակի լավ առիթ՝ փոքրիկներին տոն պարգևելու համար, և օրվա կարևորությանը հատուկ ուշադրություն չենք դարձնում։

Երեխաների պաշտպանության անհրաժեշտություն իսկապես կա։ Եվ առաջնահերթ այդ պաշտպանությունը հարևան թշնամիներից չէ։ Եվ անգամ փոքրերի՝ օրենսդրական իրավունքների պաշտպանությունը պետք է սկսի ամենակարևորից՝ որքան էլ զարմանալի հնչի՝ սեփական ծնողներից պաշտպանությունից հետո։

Գաղտնիք չէ, որ սովորաբար երեխաները տուժում են սեփական ծնողների անգրագիտությունից․ առողջական լուրջ խնդիրներ են ունենում, որովհետև ծնողները որոշել են, թե բոլոր պատվաստումները «ֆարմացեվտիկ բիզնես են», հազը դառնում է  սուր թոքաբորբ, որովհետև բժշկի դիմելու փոխարեն փորձում են հարցը տնական մեթոդներով լուծել՝ երբ ակներև է, որ բժշկի միջամտության կարիք կա, թեթև մրսածություն չէ։

Սա՝ ֆիզիկականը, ընդամենը մի քանի օրինակ, թե չէ անվերջ կարելի է շարունակել։ Հոգեկան «վնասները» ավելի շատ են։ Ծնողների ստվար մաս ուղղակի ժամանակ չունի՝ սեփական երեխայի հետ զբաղվելու համար, փոքրիկի ցանկացած հարցին ի պատասխան հնչում է ամենահաս «սուս մնան», «քո գործը չին», «ձենդ կտրին», «խելոք մնա՝ հորդ կասեմը», «գնա մորդ հարցրուն»։ Անվերջ համեմատություններ՝ այլ բալիկների հետ, ցանկացած երազանք հիմարություն ու ժամանակի կորուստ համարելը, երեխայի նկատմամբ անտարբերությունը, նրան՝ որպես «ամբողջական մարդ» չգիտակցելն ու չընդունելը։ Իսկ դե հոգեկան ու ֆիզիկական բռնության մասին, ինչպես ասում են՝ նո քոմենթ։

Այս՝ թվում է աննշան-առօրյա խնդիրներն ի վերջո երեխաներին մեծացնում են կոմպլեքսավորված, անհավատ՝ սեփական ուժերի նկատմամբ, նրանք չեն կարողանում իրենց ցանկությունները հստակ շարադրել, որովհետև դրա հնարավորությունը փոքր տարիքից սկսած չեն ունեցել։ Ու քանի որ չեն կարողանում ընկալել սեփական ցանկությունները,  չեն էլ կարողանում նաև հետագայում կյանքը հարմարավետ ու խաղաղ կառուցել, քանի որ չգիտեն՝ ինչ են ուզում, որտեղ են իրենց տեսնում ու, առհասարակ, ինչպես պետք է ապրեն այս կյանքը։ Դժբախտ մեծահասակները լսելի չդարձած ու չհասկացված մանուկներն են՝ սրա մասին չի կարելի մոռանալ։

Սոցիալական ցանցերում, ինչ խոսք, երեխաների հետ լուսանկարները, տեսանյութերը, տեքստային մեջբերումներն ամենաշատ հավանումներ ստացողներից են։ Երեխաները հրաշալի ու անփոխարինելի գովազդային «հումք» են․ սա հասկացել են մեզնից հարյուրավոր տարիներ առաջ անգամ։ Բայց  չեք հավատա, երեխաների առաքելությունը մեր կյանքում ավելին է, քան ուղղակի նրանց՝ մեր հագուստի  տոների մեջ հագցնելն ու գեղեցիկ լուսանկարվելը։

Դուք չեք ունեցել երեխա, որպեսզի ձեր փոխարեն դառնա բալետի պարուհի։ Երեխան պարտավոր չէ իրականացնել ձեր երազանքները, և առհասարակ՝ բացարձակ ոչինչ պարտավոր չէ։ Եվ եթե մի օր պիտի կանգնեք-ասեք․ «Ես քեզ համար այսքան բան եմ արել, իսկ դու չես գնահատում», հիշեք, որ նախ՝ ծննդաբերելիս իր կարծիքը չեք հարցրել, հետո՝  երեխային կրթելու, աշխարհը ցույց տալու, մեծացնելու բոլոր փուլերը մեծագույն երջանկություն են՝ անկախ դժվարություններից։ Իսկ եթե մայրությունն ու հայրությունը ընկալում եք որպես ռեսուրսների կորուստ, որը երեխան մի օր պետք է վերադարձնի, ապա՝ կներեք, ձեզնից լավ ծնող դուրս չի գա։

Դուք չեք  ունեցել երեխա, որ «օր ծերության ձեզ մի բաժակ ջուր տվող լինի», չեք ունեցել աղջիկ երեխա՝ պարտավորվելով «մի հատ էլ տղա երեխա բերել, որ հետո ձեզ պահող ունենաք»։ Երեխաները չեն բաժանվում երկու սեռի՝ տղա ու «ուղղակի առողջ երեխա»։ Կա երկու սեռ՝ տղաների ու աղջիկների՝ նույնչափ սիրելի, սպասված։ Ու հղիությունն էլ պիտի գիտակից որոշում լինի, որի գերնպատակը սիրո մարմնավորում ունենալն է՝ հիմքում ձեր որոշումը՝ երջանիկ ու աշխարհին պիտանի մարդ մեծացնելու։

Երեխաներին պետք է պաշտպանենք մեր անգրագիտությունից, կոմպլեքսներից, ինֆանտիլությունից,  մեր՝ սեփական երեխաների հաշվին ինքնահաստատվելուց, նրանց որպես զենք օգտագործելուց, իրար մեջ  կռվախնձոր դարձնելուց ու բաժան-բաժան անելուց, մեր վախերի պատճառով իրենց էլ վախկոտ մեծացնելուց․․․շարունակեք ցուցակը՝ ըստ ձեր փորձի։

Մենք պիտի լինենք առողջ տրամաբանությամբ մեծեր, որպեսզի երջանիկ փոքրիկներ ունենանք։ Այդժամ մնացյալ՝ երեխաներին վերաբերող «տեխնիկական» խնդիրներն ու ոտնահարումները շատ ավելի արագ կլուծվեն։ Եթե երեխան ընտանիքում լիիրավ անդամ է, ում կարծիքի հետ մշտապես հաշվի են նստում,  որի հետ զրուցում են մեծի պես (հավատացեք, նրանք հասկանում են շատ ավելին, քան կարող ենք պատկերացնել), որին սեփական անձով են օրինակ ծառայում ու սովորեցնում են իր  բոլոր դրական կողմերը նաև այլոց հետ կիսել, նման երեխան ուղղակի դատապարտված է բազմաշերտ ու հետաքրքիր կյանքի։ Մի խանգարեք ձեր երեխաներին երջանիկ լինել։

Սիրեք, անկեղծ ու անսահման սիրեք ձեր երեխաներին, նրանք միակն են, որոնց երջանկացնում է ուղղակի ձեր գոյությունը։

Սյունե Սևադա

Լուսանկարը՝ Գարեգին Ալեքսանյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register