ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ  ԼԻԳԱ.  «ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ»

2

Զինեդին Զիդան մարզչի հաղթական, շռնդալից ընթացքը շարունակվում է: Ֆրանսիացի ֆուտբոլային կուռքը 1.5 տարվա մարզչական կարիերայի ընթացքում «առինքնում» է ճանապարհին հանդիպող գրեթե բոլոր տիտղոսներն ու ռեկորդները: Զիդանի գլխավորած «Ռեալին» այս անգամ էլ հաջողվեց հասնել նրան, ինչին չէր հասել Չեմպիոնների լիգայում հաղթած և ոչ մի ակումբ: Երկրորդ տարին անընդմեջ արքայական ակումբը նվաճեց Եվրոպայի ուժեղագույնի տիտղոսը:

Եզրափակիչում  «Ռեալի» հետ ուժեղագույնի տիտղոսը վիճարկող  «Յուվենտուսը», ինչպես ասում են՝ հայտնվել է «փակ շրջանի» մեջ: Չեմպիոնների լիգայի վերջին 5 (այո՝ հինգ) եզրափակիչներում «Ծեր Սինյորան» պարտություն է կրում: 1997 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիայից», 1998-ին՝ Մադրիդի «Ռեալից», 2003-ին՝ «Միլանից», 2015-ին՝ «Բարսելոնայից» և 2017-ին՝ կրկին «Ռեալից»: Թվարկած վերջին երեք եզրափակիչներին մասնակցել է քսանմեկերորդ դարի լավագույն դարպասապահներից մեկը` Ջանլուիջի Բուֆոնը: Բոլորի կողմից սիրված 39-ամյա ֆուտբոլային «պապիկին» ոչ մի կերպ չի հաջողվում գլխավերևում պահել պարգևների հավաքածուում  այդքան պակասող մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: Անգամ հաջողակ Դանի Ալվեսին չհաջողվեց բեկում մտցնել խաղում( մինչ «Յուվենտուս» տեղափոխվելը բրազիլացուն հաջողվել էր հաղթել իր մասնակցությամբ  անցկացված Եվրոպական բոլոր 5 եզրափակիչներում):

Ռեալը» կարողացավ 4:1 հաշվով հաղթել «Յուվենտուսին»: Մրցավեճը ֆուտբոլային տեսանկյունից կարելի է բաժանել երկու խաղակեսի: Առաջին խաղակեսում փայլեց Իտալիայի չեմպիոնը և գավաթակիրը: «Յուվենտուսի» կիսապաշտպանությունը առաջին խաղակեսում կարողացավ «խեղդել» «Ռեալի» ֆուտբոլիստներին:  Կրիշտիանու Ռոնալդուի գոլի ժամանակ մադրիդյան ակումբը առաջին հարվածն էր կատարում դարպասին: 7 րոպե անց խորվաթ «մարդասպանը»` Մարիո Մանջուկիչը շտկեց իրավիճակը՝ խփելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության հավանաբար լավագույն գնդակը: Թիմերը 1:1 հաշվով գնացին ընդմիջման: Իսկ արդեն ընդմիջումից հետո Իսպանիայի նորընծա չեմպիոնը բովանդակային առումով միանգամայն այլ խաղ ցուցադրեց: «Յուվեի» մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին տակտիական սխալ գործեց` թիմին տեղափոխելով սեփական կիսադաշտ և շեշտը դնելով հակահարձակման վրա:

«Ռեալը» պարզապես քամեց մրցակցին. 61-րդ և 64-րդ րոպեին երկու գոլ խփելով` «Ռեալը» ըստ էության վճռեց խաղի ելքը: Խաղավերջում տհաճ միջադեպ գրանցվեց  խաղադաշտ դուրս եկած Խուան Կուադրադոյի և «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի միջև: Վերջինս դիմեց սիմուլյացիայի, ինչի հետևանքով կոլումբացին հեռացվեց խաղադաշտից: Խաղի վերջակետը դրեց «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Սերխիո Ասենսիոն: Անհավանական է, բայց եզրափակիչին նախորդած 12 խաղում Բուֆոնը և ընկերները ավելի քիչ գոլ(ընդամենը 3 գնդակ) էին բաց թողել, քան հենց մադրիդյան ակումբի հետ խաղում:

Մինչ եզրափակիչ հասնելը փլեյ-օֆֆ փուլում «Ռեալը» մրցաշարից դուրս էր թողել «Նապոլիին», «Բավարիային» և «Ատլետիկոյին», իսկ «Յուվենտուսը»` «Պորտուին», «Բարսեոնային» և  «Մոնակոյին»: Վերջին 4 տարում երեք անգամ (2014, 2016, 2017) դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող` «Ռեալը» գավաթների թիվը հասցրեց 12-ի, ինչը բացարձակ ռեկորդ է: Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Միլանը»(7), երրորդ տեղում` «Բարսելոնան»: «Բավարիան» և «Լիվերպուլը» գավաթի տեր են դարձել 5-ական անգամ:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը», որի առաջատար խաղացողներից է Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի սուպերգավաթի համար խաղում մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ: Խաղը կայանալու է օգոստոսի 8-ին՝ Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:

Յուվենտուս» – «Ռեալ»` 1:4:

Քարդիֆ, Ուելս

Գոլերը – Կրիշտիանու Ռոնալդու` 20, 64, Կասեմիրո 61, Մարկո Ասենսիո` 90

Մարիո Մանջուկիչ` 27 :

Հետաքրքիր  վիճակագրություն

Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 65 խաղում դաշտից չի հեռացել առանց խփած գնդակի, ինչը ռեկորդային ցուցանիշ է խոշոր առաջնություններում:

Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչում:

Մարիո Մանջուկիչը երրորդ խաղացողն է, որին հաջողվում է  ՉԼ-ի եզրափակիչներում գոլի հեղինակ դառնալ երկու տարբեր թիմերի կազմում:

Եվրոպական վերջին 11 գավաթներից (Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, Եվրոպայի Սուպերգավաթ)` 10-ը նվաճել են իսպանական թիմերը: Միայն «Մանչեսթեր Յունայթեդին» է հաջողվել խախտել իսպանական «հեգեմոնիան»: «Ռեալ» Մադրիդ (5), «Սևիլիա» (3), «Բարսելոնա» (2):

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը»  ՉԼ-ում ընդամենը 20 խաղի է մասնակցել և նվաճել 2 գավաթ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register