ՊԱՐԿՈՒՐ. ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱՅՈՎ «ՇՏԱՊՈՂՆԵՐԸ»

parkur2

Պարկուրը շարժման ու խոչընդոտների հաղթահարման (հիմնականում քաղաքային միջավայրում) ենթամշակույթ է։ Պարկուրով զբաղվողներից շատերի կողմից  այն ընկալվում է որպես կենսակերպ։ Շարժման գաղափարախոսները Դավիդ Բելն ու Սեբաստյան Ֆուկանն են։ Ներկա պահին պարկուրով զբաղվում  ու նրա զարգացմանը նպաստում են ինչպես շատ միություններ, այնպես էլ առանձին անհատներ աշխարհի տարբեր երկրներում։ Պարկուրի էությունը շարժումն ու խոչընդոտների հաղթահարումն է։ Այդպիսիք կարող են հանդիսանալ ինչպես գոյություն ունեցող ճարտարապետական կառույցները (պատեր, ցանկապատեր, պարիսպներ և այլն), այնպես էլ տարբեր միջոցառումների ու պարապմունքների ընթացքում գործածվող հատուկ կառույցները։ Պարկուրի՝ տարօրինակ այս ենթամշակույթի մասին է «Ճամփորդի» զրույցը Տիգրան Կոստանյանի հետ:

parkur

– Ե՞րբ և ինչպե՞ս եք  սկսել զբաղվել պարկուրով: – Որպես գոյություն ունեցող կանոնակարգված ուղղություն և շարժում՝ պարկուրը բացահայտել եմ մոտ 15 տարեկանում: Ներկա պահին ես արդեն 22 տարեկան եմ և մինչ այժմ զբաղվում եմ պարկուրով: Բացահայտել եմ ընկերոջս շնորհիվ, ով «13-րդ թաղամաս» ֆիլմը դիտելուց հետո պարկուրի մասին տեղեկություններ էր փնտրել ու գտել  համացանցում: Այդ ընկերոջս հետ էլ սկսեցի պարապել՝ յութուբյան էջում  պարկուրի դասընթացների հոլովակները դիտելով:

– Հետաքրքիր է, ինչու՞ եք զբաղվում պարկուրով: – Պարկուրն ինձ համար սոսկ զբաղմունք չէ: Ես ապրում եմ դրանով:

– Կա՞ թիմ: Ինչպե՞ս  և որտե՞ղ եք մարզումներն անցկացնում: Տեղանքի ընտրությունն ինչպե՞ս է կատարվում:– Այժմ պարկուրով զբաղվող թիմեր թեպետ ոչ շատ, բայց այնուամենայնիվ կան: Մեր թիմը, սակայն, Հայաստանում առաջինն էր և համարվում էր Հայաստանի առաջին պարկուրի ասոցիացիայի թիմը: Անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետև թիմի բոլոր անդամները, այդ թվում և ես, մեծացանք, սկսեցինք գումար վաստակել, երկրից դուրս եկողներ էլ եղան, իսկ նրանք, ովքեր մնացել են, նույն օրը, նույն ժամին թիմով հավաքվելու և թիմային պարապմունք անցկացնելու ժամանակ չեն ունենում: Սակայն ամենքս առանձին-առանձին շարունակում ենք պարապել: Տեղանքի ընտրությունը կախված է նրանից, թե որտեղ կան հաղթահարման «արժանի» ավելի մեծաքանակ ու  բարդ արգելքներ:

– Եթե չընտրեիք պարկուրը, ուրիշ ինչ սպորտաձև կընտրեիք:– Ես պարկուրն իբրև  սպորտաձև չէ որ ընտրել եմ: Պարկուրը մարդու մարմնի բնական հնարավորությունները առավելագույնս բացահայտելու  միջոց է, ճիշտ և ճիշտ նույն կերպ, ինչպես յոգան և քունգ-ֆուն:

– Եղե՞լ է պահ, որ մտածեք պարկուրով  զբաղվելու  անիմաստության մասին և փորձեք թողնել դա:– Ո՛չ, երբեք և, իմ կարծիքով, չի էլ լինի:

– Մարզումներն ըստ եղանակի՞  են անցկացվում: Տարբերություններն էակա՞ն են:– Տարբերությունը միայն զգուշության մեջ է, եթե խոսքը ձմեռվա մասին է, մեկ էլ տաքության, չնայած ինչքան էլ ցուրտ լինի, պարկուրով զբաղվողը շատ տաք չի կարող հագնվել, քանի որ դա հավելյալ ծանրություն է: Ճիշտն ասած դրա հարկն էլ չկա, քանի որ պարապմունքի ժամանակ, օրինակ՝ ես, 15-20 աստիճանի պայմաններում 15 րոպե հետո շոգում եմ:

– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:– Ինձ ոգեշնչում է այն, թե ինչքան բան եմ կարողանում հիմա, ու նաև այն, թե էլ ինչեր կկարողանամ անել, եթե շարունակեմ զբաղմունքս: Իսկ եթե խոսքը վերաբերում է մարդկանց, ապա  միանշանակ ինձ ոգեշնչում է Դավիթ Բելը, չնայած նրան, որ ներկա պահին նրանից ավելի բարդ հնարքներ կատարողներ էլ կան: Բելն է պարկուրի հիմնադիրը և ցանկացած պարապողի համար  հենց նա պետք է չափանիշ լինի:

– Փորձու՞մ եք տարածել պարկուրը:– Չեմ փորձում: Այս ուղղությունն ինքնըստինքյան կզարգանա, եթե Հայաստանը պատրաստ լինի դրան:

– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:

– Խորհուրդ կտամ չսկսեն, քանի  դեռ ուշ չէ: Իսկ եթե արդեն սկսել են, սովորեն միայն սեփական սխալների վրա, բայց միևնույն ժամանակ չանեն այն, ինչի վրա  այնքան էլ վստահ չեն: Խորհուրդ կտայի նաև ամեն մի բարդ վարժության մոտենալ աստիճանաբար, մինչև 100%-ով  վստահ չլինեն, որ պատրաստ են բարդությունների՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ինչն ավելի կարևոր է:

Զրուցեց՝ Գոյը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register