ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ «ՊԱՅԾԱՌԻԿԸ»

f

Չկա վատ եղանակ, կա վատ տրամադրություն և եղանակի նկատմամբ կանխակալ վերաբերմունք՝ համոզված է հոգեբան Աննա Բադալյանը: Աշնանային դեպրեսիայի մասին հասարակական պատկերացումներին հակառակ՝ հոգեբանը կարծում է, որ անգամ ցուրտ եղանակի և գորշ երկնքի պայմաններում կարելի է բարձր տրամադրություն ունենալ:

«Ցանկացած եղանակի մեջ կարելի է դրական բան գտնել, հատկապես որ մեր ազգի համար աշունը ոչ թե վատ տարամադրության հետ է ասոցացվել, այլ՝ բերքահավաքի, ձմռան համար սնունդն ամբարելու: Անգամ հարսանիքները հին հայերը հիմնականում աշնանն են արել, այսինքն՝ աշունը հայերիս մոտ լավ տրամադրության և ուրախ առիթների հետ է կապված եղել »,- ասում է նա:

Սառը եղանակի ու անձրևի պատճառով մարդիկ հաճախ ավելի մելանխոլիկ և ինքնամփոփ են դառնում: Մինչդեռ աշունը պետք է ոչ թե ընկճվածության առիթ դառնա, այլ բնության բազմագույն խաղով հիանալու, կիսատ գործերն ավարտելու, տաք թեյի սուրճ մտերիմների հետ զրուցելու լավագույն տարբերակ լինի: Հոգեբանը մելամաղձոտ եղանակի դեմ պայքարի իր տարբերակներն է առաջարկում:

«Աշնանը մարդիկ հաճախ ստիպված են լինում տանը մնալ, դա լավ առիթ է, որպեսզի, ասենք, տնային տնտեսուհիներն իրենց տան ինտերիերը ձևափոխեն՝ աշնանային գույներին համապատասխան: Մյուսները կարող են պարզապես սիրելի գիրքն ավարտեն, զանգեն բարեկամին, որին վաղուց չեն տեսել, և թեյի հրավիրեն»…,- ասում է հոգեբանը:

Անգամ գորշ երկնքում կարելի է լուսավոր բան տեսնել, չդադարող անձրևի մեջ կարելի է երաժշտություն լսել: Ներքին տրամադրվածության հարց է: Հոգեբանի խորհուրդը մեկն է՝ դրական ֆոնի վրա պահեք ձեր ներքին տրամադրությունը, փորձեք արթնացնել ձեր ներքին «պայծառիկին», և ոչ մի եղանակ չի կարող փչացնել այն:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register