ՄԻ ՓՈՂՈՑԻ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

aramasatryan

«Գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում: Նա գուսան մարդ է, ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի մեծ սիրուն: Հայրս 700 երգի հեղինակ է, 400-ից ավելի հիթեր ունի, որոնք մինչ օրս լսվում են, մինչ օրս շատերի կողմից կատարվում են: Հայրս իր կենդանության օրոք սեր է տվել ժողովրդին, սեր է ստացել ժողովրդից, որը մինչ օրս պահպանվում է, իսկ շատ արվեստագետներ այդ սիրո և երկրպագության պակասն իսկապես ունեն: Արամ Ասատրյանի տիտղոսին դեռ ոչ մեկը չի հասել»,- խոսելով Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելու մասին ասել է երգչի որդին՝ Արտաշ Ասատրյանը: Լռենք այն մասին, որ տվյալ յոթ հարյուր երգերի մեծ մասը վերցված է հարևան՝ կլկլոցների երկրպագու երկրների ձայնապնակներից, կամ ստեղծված է դրանց նմանությամբ և ընդամենը «թարգմանված» է հայերեն: Շարունակենք լռել նաև վերոնշյալ համեմատության մասին: Սակայն, ինչպես ասում են, կլիներ բավականին զվարճալի, եթե չլիներ այսչափ տխուր:

Արամ Ասատրյանի անվամբ փողոց կոչելու կրքերը շարունակում են եռալ: Արվեստագետները ցասման մեջ են, հասարակությունը՝ տարակուսանքի: Եվ ի վերջո անհասկանալի է մնում՝ ինչպե՞ս և ինչ սկզբունքով են անվանակոչվում փողոցները, ինչպե՞ս են ընտրում՝ որ փողոցն ում անունով կոչել, կա՞ն արդյոք օրինաչափություններ:

Ցավոք, հարցերի պատասխանն անձամբ ճշտել չի ստացվում, պատկան մարմիններն էլ չեն պատասխանում զանգերին, կամ տեղում չեն, կամ էլ ձևացնում են, թե տեղում չեն: Անգամ համացանցում փնտրտուքը չօգնեց. ոչ մի լրատվական կայք չէր անդրադարձել այն չափորոշիչներին, որոնք օգնում են փողոցների անվանակոչության հարցում: Համոզված եմ, որ նրանց զանգերը նույնպես անպատասխան են մնացել:

Ստացվում է, որ մարդկանց փոքր խումբ որոշում է որ փողոցը կարող է անվանափոխվել, և անվանափոխում է: Սա հիշեցնում է հին պապական մեթոդը, երբ երեխային, առանց ծնողների ցանկությունը հարցնելու, պարտադրում են անվանակոչել տատիկի-պապիկի անունով: Փորձը ցույց է տալիս, որ այդ անունները ժամանակավրեպ են, ծնողները փորձում են ըմբոստանալ, բայց՝ ապարդյուն:

Փաստորեն, կարող եմ մեր փողոցը «Փինք Ֆլոյդի» ծառուղի դարձնել, միայն թե անհրաժեշտ է վերևներում ծանոթ գտնել: Ինչպիսի հրաշալի նորություն: Որևէ մեկն ունի՞ թաղապետի հասցեն կամ հեռախոսահամարը, խնդրում եմ տրամադրել, բարեկամական նպատակներով է:

Իսկ եթե լուրջ…Եթե լուրջ, ապա սարսափը սկսում է այն պահից, երբ հիշում ենք, որ մենք պետություն ենք: Սահմանադրություն ունեցող պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժո-ղո-վըր-դին, այլ ոչ թե մարդ-կանց-խըմ-բին: Զգո՞ւմ եք տարբերությունը: Հավանաբար զգում եք, սակայն պետական աթոռ զբաղեցնող որոշ մարդիկ մոռանում են այս մասին:

Ավագանին որոշել է անվանափոխել, դիմել է Էջմիածնի քաղաքապետին, նա էլ չի մերժել և վերջ: Շատ ներողություն, կներեք, որ խանգարում ենք, իսկ մե՞նք: Լավ, դիցուք՝ երևանաբնակների գլուխը մայրաքաղաքային գործերով է զբաղված, իսկ չէ՞ր կարելի հարցնել Էջմիածնի ժողովրդին: Ասում են՝ տվյալ փողոցի բոլոր մարդիկ համաձայն են, Արամին շատ սիրել են, փողոցը հենց «արամենց փողոց» էլ անվանում են…Քավ լիցի, ճանաչված պետություն ենք, ունենք խղճի, խոսքի, մտքի, հետևաբար՝ ճաշակի ու կարծիքի ազատություն (համենայն դեպս՝ այդպես է գրված, ուղղակի ցիտում եմ), կարող ենք սիրել և լսել ում ուզում ենք, բացարձակ կասկած չկա, որ Արամ Ասատրյանը հարգված անձ է եղել, և սա բացարձակ կապ չունի մեր ու այլ մարդկանց երաժշտական ճաշակների տարբերության հետ: Բայց արդյո՞ք կարելի է փողոց անվանափոխել միմիայն մարդկանց որոշ խմբի հորդորով:
Ստացվում է, որ պետական որոշումները կայացվում են բակային մասշտաբներում: Արդյո՞ք սա լուրջ աշխատաոճ է պետության համար: Ինչո՞ւ չտեսանք, որ պետական պաշտոնյաներից մեկն իր մոտ հրավիրի անվանափոխողների խմբին ու փորձի տեղեկանալ՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ օրը ցերեկով վեր կացան մի օր հինգ ու վեց հոգով ու որսի գնալու փոխարեն փողոցի անուն փոխեցին:

Արդեն անհարմար է անգամ խոսել այն մասին, որ գոնե կարելի էր արվեստագետների հետ զրուցել: Մաեստրո Մանսուրյանին հարցնել՝ մեր սիրելի-սիրելի մաեստրո, Դուք համաձա՞յն եք, որ փողոց անվանակոչվի Արամ Ասատրյանի անունով, որը, ինչ խոսք, ժողովրդի մեջ մեծ սեր է վայելում, բայց պետական մասշտաբով փողոց անվանակոչելը մի քիչ սխալ մոտեցում է՝ մեր կարծիքով: Մաեստրոն կմտածեր՝ կատակում եք: Բայցևայնպես, եթե փորձենք այս ամենն ամփոփել, ստացվում է, որ մեր պետության դժբախտություններից է նաև ինքնագլուխ որոշումներ կայացնելը՝ առանց հանրության կարծիքը հարցնելու:

Թույլ տվեք մենք որոշենք՝ ուզու՞մ ենք Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի կողքին Արամ Ասատրյան տեղավորել, թե՝ ոչ: Եթե մեկի համար այս անունները համարժեք են, չի նշանակում, որ շատերն են այս կարծիքին: Իսկ եթե, այնուամենայնիվ, բակային-խմբակային հոգեբանությունը դեռևս առկա է, և մոռացած, որ պետություն ենք, մեր բոլոր հարցերը լուծում ենք շատ ցածր՝ ընկեր-բարեկամական մակարդակով, խնդրում եմ իմ սիրուն աչքերի համար մեր փողոցն անվանակոչել «Փինք Ֆլոյդի» անունով: Ծանոթներ հաստատ կգտնենք, ուրիշ մարդկանց էլ, որ սիրում են «Ֆլոյդ»:

Փաստորեն, Սովետի ժամանակ այս խնդիրը հեշտ էր լուծվում. փողոցները միանշանակ ու համատարած կրում էին կարկառուն քաղաքական գործիչների անունները: Սակայն կյանքը ցույց տվեց, որ մնայունը պատմության մեջ մշակույթի ու գիտության մարդիկ են: Մնում է, որ մեր օրերի չափորոշիչները պարզ ու ընդունելի լինեն այսօր, և հետո էլ:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register