ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. ՏԱՂԱՆԴԱՎՈՐ  ԵՆՔ,  ԲԱՅՑ՝  ԱԼԱՐԿՈՏ

аро

Խաչը վերջակետ չէ

 – Դուք Հայաստանից հեռացել եք 90-ականների վերջին, երբ 18 թե 19 տարեկան էիք:

– 2001 թվականին մենք ընտանիքով տեղափոխվել ենք Գերմանիա: Ստացվեց այնպես, որ ինձ օգնող հովանավորները, կարելի է ասել՝ խաչ քաշեցին ինձ վրա: Մտածեցին, որ այլևս առաջընթաց չեմ ունենալու, այդ պատճառով իմաստ չկա հավելյալ գումարներ ծախսել:

– Խաչ քաշեցի՞ն:

– Լինում է: Համեստ վարկանիշ ունեի այդ պահին, քանի որ քիչ էի մասնակցում մրցումների: 18 տարեկանում 2530 վարկանիշը նույնիսկ այդ ժամանակ դիտվում էր այսպես. կլինի գրոսմայստեր 2600-ից բարձր վարկանիշով և ի՞նչ. չէ՞ որ նման մարդիկ շատ կան:

– Որոշ ժամանակ մրցումներին ներկայացնում էիք Գերմանիան:

– Գերմանիան ներկայացրել եմ մոտ կես տարի: Այդ ժամանակ ինձ չընդգրկեցին Հայաստանի հավաքականի կազմում, որոշեցին ազատվել ավելորդ բեռից: Ես էլ փոխեցի ֆեդերացիան: Ոչ թե Գերմանիայի դրոշի տակ ելույթ ունենալու ցանկության պատճառով, այլ որպեսզի ցույց տամ, թե ինչի եմ ունակ: Վերադարձա, երբ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում փոփոխություններ տեղի ունեցան: 2003 թվականին ֆեդերացիան գլխավորեց Սերժ Սարգսյանը՝ երկրի ներկայիս նախագահը, այն ժամանակ նա պաշտպանության նախարարն էր: Ինձ առաջարկեցին, ես էլ որշեցի վերադառնալ:

– Ձեր կարիերայում ո՞ր հաղթանակներն եք համարում շրջադարձային:

– Իհարկե, մինչ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մարզչիս՝ Արշակ Պետրոսյայի խորհրդով 15-20 տարեկան հասակում ես ելույթ էի ունենում միային մինչև 20 տարեկանների առաջնությունում. մինչև 16 կամ մինչև 18 տարեկանների մրցաշարերում չեմ խաղացել: Հաղթեցի վերջին փորձից, 2002 թվականին, երբ արդեն 20 տարեկան էի: 2003 թվականին երրորդ տեղը զբաղեցրեցի Եվրոպայի առաջնությունում, իսկ 2004-ին կրկնեցի արդյունքը: Ի վերջո, 2005 թվականին հաղթեցի Աշխարհի Գավաթի խաղարկությունում, որից հետո սկսեցի ելույթ ունենալ ամենաբարձր կարգ ունեցող մրցումներում:

– Այժմ Հայաստանում առաջատար շախմատիստները՝ օլիմպիական եռակի չեմպիոնները, ազգային հերոսնե՞ր են:

– Տանը մենք մեզ շատ լավ ենք զգում: Ես, որպես հայտնի շախմատիստ, ծանոթանում եմ այնպիսի մարդկանց հետ, ում հանդիպելու մասին չէի էլ կարող երազել:

– Շարլ Ազնավուրը հատու՞կ էր ժամանել Ցյուրիխ. Ձեզ հանդիպելու՞ համար:

– Ոչ այնքան: Նա մինչ այժմ էլ Շվեյցարիայում Հայաստանի պատվավոր դեսպանն է, և երբ ես Ցյուրիխում էի, նա հարգանքի տուրք մատուցեց այդ հրաշալի մրցումին:

Նաև հանդիպել եմ մեծագույն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի, նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Մոտ եմ հանրահայտ ջութակահար Լևոն Չիլինկիրյան հետ, ում շատ եմ սիրում: Հայաստանում ապրելով՝ հնարավորություն եմ ունեցել շփվել, զրուցել այնպիսի մարդկանց հետ, ում կարծիքն ինձ համար կարևոր է:

 

Չարություն

 – Կորչնոյը իր մրցակիցների ճնշում էր յուրատեսակ չարությամբ: Դուք նման բան ունե՞ք:

– Ես շատ բարի մարդ եմ, ինձ միշտ լրացուցիչ «բացասական» գրգիռներ են հարկավոր:  Ցավոք, Լեոպոլդ կատվի մասին մուլտֆիլմի՝ կատաղություն առաջացնող դեղամիջոց «Օզվերինը» իրականում գոյություն չունի. սիրով կխմեի: Ես շատ եմ ջանում, բարկանում եմ ինձ վրա էլ, մրցակցի էլ, շրջակայքում ամեն ինչի վրա, բայց կեղծ է ստացվում, քանի որ իմ բնույթը չէ: Չեմ կարծում, թե շատ բարդ է, բայց  պետք է որոշակի ձևով քեզ այդ տրամադրությունը հաղորդես, չարությունը ներարկես, իսկ հետո՝ բաց թողնես, գնա:

– Դուք ցանկանո՞ւմ եք դառնալ աշխարհի չեմպիոն:

– Շա՛տ:

– Զգու՞մ եք, որ լավագույնն եք:

– Անկասկա՛ծ: Բայց դա որևէ նշանակություն չունի: Կարևոր են հաղթանակները, գերիշխելը երկար տարիների ընթացքում: Ինձ մոտ, չգիտես ինչու, այդ խճանկարը առայժմ չի հավաքվում: Այս մասին շատ դիպուկ ասել է Զիգբերտ Տարաշը. լավ շախմատիստ լինելը քիչ է, պետք է նաև շատ լավ խաղաս: Շուտով՝ մարտի 10-ին, մեկնարկելու է հավակնորդների առաջնությունը: Հենց այնտեղ՝ շախմատի սեղանի մոտ, պետք է ցույց տալ, թե ինչի ես ունակ իրականում:

– Դուք՝ ինքներդ հասկանու՞մ եք, թե ձեզ ինչը չի հերիքում:

– Այո, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Իհարկե, ցանկանում եմ ամեն տեղ լավագույնը լինել: Հավակնություններս մեծ են, սակայն հարկավոր է վճռական քայլի համար պատրաստվել:  2013 թվականին Լոնդոնում հավակնորդների առաջնությունում առաջին շրջանից հետո ես Կարլսենի հետ հավասար էի ընթանում, իսկ հետո ծանր դարձավ խաղալը, ինչ-որ պարտիայի եզրափակիչ հատվածում նույնիսկ հաշվարկել չէի կարողանում: Սակայն անգամ այդ դեպքում ես հանգիստ էի, ինչպես «Մաուգլի» մուլտֆիլմի Կաա օձը: Հնարավոր է, որ դա իմ գլխավոր խնդիրն է: Այնուամենայնիվ, որոշ չափով կարողանում եմ շախմատ խաղալ:

– Ո՞րն է շախմատում ամենակարևորը:

– Միանշանակ՝ շախմատի հանդեպ սերը: Երբ այն քեզ համար ծանր աշխատանք չէ, այլ խորը զգացում,  ամեն ինչ կտրուկ փոխվում է: Պետք է անվերապահորեն սիրես խաղը, իսկ մնացածը ժամանակի ընթացքում կլինի: Եթե չկա սերը, ուզում ես՝ քեզ կոտորիր, համաշխարհային մակարդակի գրոսմեյստեր չես դառնա:

 

Կովկասում խաղում են «ձեռքի հետ»

 – Հայաստանում շախմատիստները այժմ է՞լ վայելում են բոլորի աջակցությունը:

– Իհարկե՛: Մարդիկ ուշադիր հետևում են մեր թիմային ելույթներին, ինչպես նաև անհատական մրցելույթներին:

– Այնպիսի զգացում չունե՞ք, որ սերնդափոխությունը ձեզ մոտ ուշանում է:

– Այո, կա որոշակի «ընդարմացում»: Սերունդը, որն իմ կարծիքով՝ ահա-ահա շշմեցնելու էր բոլորին, մի տեսակ՝ արգելակեց:

– Տղաները հեռանում ե՞ն շախմատից:

– Շատերը մարզիչ են դառնում: Ուժեղ շախմատիստներ են, կարող են լավ խաղալ, բայց բնավորությունը մարտական չէ: Հենց այդտեղ է խնդիրը: Իհարկե, այստեղ նաև իմ և իմ ընկերոջ՝ Գաբրիել Սարգսյանի մեղքը կա:

– Ինչու՞:

– Շատ էինք փորձում նրանց օգնել, ուղղորդում էինք երիտասարդ շախմատիստներին: Սեփական տարբերակներ էինք առաջարկում, և ստացվեց, որ նրանք պատրաստի շատ բան ստացան: Իսկ նրանք չէին աշխատում քրտնաջան, ինքնուրույն աշխատանքի չսովորեցին:

 – Գուցե դա ժամանակի թելադրանքն է՞: Եթե որակյալ շախմատիստը դառնում է մարզիչ, ունենում է բազմաթիվ աշակերտներ և կայուն բարձր եկամուտ: Իսկ եթե շարունակի խաղալ, ապա պետք է փորձի ներխուժել էլիտա, ինչը բավական դժվար է…

– Հնարավոր է: Սակայն, կարծում եմ, որ այստեղ տարածաշրջանային մենթալիտետի խնդիր է: Գիտե՞ք՝ ինչպես են Կովկասում շախմատ խաղում: Բոլորը տաղանդ ունեն, սակայն խաղում են առանց լուրջ պատրաստության. մի տեսակ՝ «ոտքի վրա», «ձեռքի հետ»: Օրինակ՝ ինչպե՞ս եմ ես սկսել խաղալ: Որոշակի գիտելիքներ չունեի, ինձ ինչ-որ բան Գաբրիելն էր ցույց տալիս, և ես սկսեցի աշխատել նրա հետ: Իսկ այժմ ունենք 20-ամյա շատ տաղանդավոր շախմատիստներ, բայց ես չգիտեմ, թե ինչպես կարելի է նրանց փոխել: Չեն ցանկանում աշխատել, իսկ խաղալ ցանկանում են բոլորը: Աշխարհի չեմպիոնի ազդեցությունը կա, բոլորը ցանկանում են խաղալ Կարլսենի նման, բայց չեն գիտակցում, որ Կարլսենը շատ է աշխատում, որպեսզի հաղթի: Մեր սերնդակիցները օրինակ էին վերցնում Կրամնիկինց, փորձում էին խաղալ որոշակի հիմքով: Այնպես որ Կովկասում ժողովուրդը տաղանդավոր է, բայց ալարկոտ, և հասնակալի չէ, թե ինչպես կարելի է դա փոխել:

 

Երաժշտությունը

 – Դուք  կինոֆիլմերի, երաժշտության, բասկետբոլի մեծ երկրպագու եք… Շախմատային աշխարհում վաղուց հայտնի է, թե որքան բազմակողմանի զարգացած է Լևոն Արոնյանը:

– Շախմատի պատճառով ես կորցրեցի երաժշտությունը:  Մանկությանս տարիներին շախմատի հետ զուգահեռ դաշնամուր էի պարապում, ի վերջո՝ ստիպված էի ընտրություն կատարել: 90-ականներն էր, դժվար ժամանակներ էին: Երևանում տրանսպորտը անկայուն էր աշխատում: Երաժշտությամբ ընդամենը մեկ տարի եմ զբաղվել, բայց այն ողջ կյանքիս սերն է:

– Ե՞րբ ստիպված եղաք ընտրություն կատարել:

– Տասը տարեկան էի: Շախմատում որոշ բաներ արդեն ստացվում էին: Բացի այդ, հրաշալի մարզիչ ունեի՝ Մելիքսեթ Խաչիյանը, ով շատ ուժեղ մասնագետ է: Շատ լավ ոգեշնչվում էի, երբ տեսնում էի, որ այդ գործում առաջադիմում եմ, առաջ էի սլանում Փոքրիկ Մուկի (գերմանացի գրող Վիլգեմ Հաուֆի հեքիաթի հերոսը) հսկա կախարդական կոշիկներով… Դաշնամուր նվագելիս նման զգացողություններ չեմ ունեցել, չնայած կարծում եմ, որ որոշ հակվածություն ունեմ: Կարողանում եմ զզալ՝ որն է լավ երաժշտություն, իսկ որը… ոչ թե վատ, այլ, ասենք, անցողիկ…

– Երաժշտությունն օգնու՞մ է Ձեզ:

– Այո, ես այն տարբեր կերպ եմ օգտագործում: Լինում է, որ երաժշտությունն օգնում է լիցքաթափվել, իսկ երբեմն՝ ընդհակառակը: Առաջին դեպքում օգնում է դասական երաժշտությունը, երկրորդ դեպքում՝ ջազը:

– Իսկ եթե ընտրություն կատարեք Լենոնի և Բեթհովենի միջև:

– Միանշանակ Բեթհովենին կընտրեմ:

– Ինչու՞:

– Քանի որ Բեթհովենի մոտ տեսնում եմ մի աբողջ ազգի գեղագիտություն: Իտալական դպրոցն է, որը փոխվել, կատարելագործվել է, վերածվել է Վիենայի դպրոցի:

– Դուք այդ ամենն այդքան նրբորեն զգում ե՞ք:

– Իհարկե: Տեսնում եմ, թե մշակութային ինչ ահռելի ընդգրկում ունի այս կամ այն ստեղծագործությունը: Բացի այդ, նման զգացություն է առաջանում, երբ հասկանում ես մի ողջ ազգի երաժշտություն և գիտակցում ես, թե որքան հանաճարեղ է կոմպոզիտորն այդ ամենը համատեղել: Ռախմանինով լսելիս միշտ ինքդ քեզ ասում ես՝ ահա՛, սա ռուս է գրել:

-Իսկ սկզբունքորեն ձեզ «Բիթլզ» խմբի գործերը դուր գալի՞ս են: Չէ՞ որ որպես երաժշտություն հասկացող մարդ գիտակցում եք, որ լիվերպուլյան խումբը տասը տարվա ընթացքում երաժշտության բնագավառում իսկական հեղափոխություն է իրականացրել:

-Գիտեք, հնարավոր չէ, որ ամեն ինչ դուր գա: Կան գործեր, որոնք դիպչում են հոգուդ լարերին, կարելի է անվերջ լսել, իսկ կան ստեղծագործություններ, նույնիսկ դասականների մեջ, որոնց նկատմամբ ես անտարբեր եմ: Այ օրինակ, Չայկովսկու երկրորդ սիմֆոնիայի սկիզբը ֆանտաստիկ է, փոխարենը մի քանի այլ ստեղծագործությունների հանդեպ ամբողջովին անտարբեր եմ:

-Որտեղի՞ց է սկիզբ առել Ձեր սերը դասական երաժշտության նկատմամբ:

-Մայրիկիցս: Նա շատ է սիրում օպերա, և մեր ընտանիքում միշտ այն ներարկվել է: Անգամ հիմա, երբ ես նրա համար անծանոթ ստեղծագործություններ եմ միացնում, նա միանգամից զգում է որակյալ գործը: Օրինակ՝ ինձ հաջողվել է մայրիկին ծանոթացնել Լեոնտիա Պրայսի ձայնին, և նա միանգամից նշեց՝ այո, սա Մարիա Կալասից հետո երկրորդ երգչուհին է:

-Եթե համեմատենք շախմատիստներին երաժիշտների հետ, ապա ո՞վ կլիներ, օրինակ, Կարլսենը: Նրան շախմատային Մոցարտ են անվանում:

-Կարծում եմ՝ նա Բեթհովենն է: Մի կողմից նույնքան հասարակ, մյուս կողմից՝ բազմաբնույթ:

-Հույս ունենք, որ ձեր և Կարլսենի մրցամարտը կկայանա: Բոլորի համար դա իսկական ներկայացում կլինի:

-Աշխատում եմ այդ ուղղությամբ…

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register