ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻՆ, ԼՈԼԻԿԸ, ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴԸ

Tsitsik-F

Հայ – Ամերիկյան առողջության կենտրոնը» զբաղվում է կանանց կրծքագեղձի, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ծրագրերով, ինչպես նաև նպաստում է ընտանիքի առողջության պահպանմանը՝ առողջ պրելակերպի քարոզչությամբ ու կրթական ծրագրերի միջոցով։ «Ճամփորդի» հարցերին պատասխանում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

– Տիկին Հակոբյան, ինչու՞ է  մամոգրաֆիայի կենտրոնը կոչվում  «Հայ – Ամերիկյան առողջության կենտրոն»,  ինչպե՞ս է այն ստեղծվել: – 1995-ի դրությամբ Հայաստանում ընդհանրապես չկար մամոգրաֆիա հասկացություն. լայն հասարակությանը նույնիսկ հայտնի էլ չէր այդ բառի նշանակությունը: Նեղ մասնագետներից բացի՝ որևէ մեկը չէր պատկերացնում, թե որքան կարևոր հետազոտություն է սա. միայն ձեռքերով շոշափելով կամ ռենտգեն հետազոտությամբ բժիշկները որոշում էին քաղցկեղ կա՞, թե ոչ և մարդկանց տանում էին վիրահատության: Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես. Չինաստանում կանանց համաժողովի ժամանակ Հիլարի Քլինթոնը առ է ասում՝ նշելով, թե որքան կարևոր է մամոգրաֆիան կանանց համար: Մեր կենտրոնի ապագա համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը հարցնում է իր կողքին նստած ամերիկահայ կնոջը` Ռիտա Պալյանին, թե ի՞նչ է մամոգրաֆիան: Եվ ծնվում է Հայաստանում մամոգրաֆիայի կենտրոն հիմնելու գաղափարը: 1996-ին Ռիտա Պալյանի ջանքերով արտերկրից մամոգրաֆիայի սարքերը և համապատասխան բժիշկները ժամանում են Հայաստան, Հրանուշ Հակոբյանը Կառավարության հետ մեկտեղ լուծում է կենտրոնի տարածքի խնդիրը: Նորավարտ բժիշկներից ընտրվում են լավագույնները՝ կենտրոնում աշխատելու համար: 1997-ի ապրիլին բացվում է «Հայ -Ամերիկյան Առողջության կենտրոնը» և սկսում իր գործունեությունը: Եկող տարի նշելու ենք մեր 20-ամյակը:

– Քաղցկեղը ընդհանրապես բուժելի՞ է:

– 21-րդ դարում քաղցկեղի անբուժելիության մասին խոսելն անընդունելի է և անգրագիտություն: Բայց անընդունելի է նաև այն, երբ մարդիկ են գալիս են բժշկի մոտ՝ վերքը կրծքի վրա և մետաստազները արդեն տարածված: Քաղցկեղի ցավոք միակ բուժումը, որն առայժմ հայտնի է բժշկությանը՝ կանխարգելումն է:

Այժմ մենք ունենք շատ լավ սարքեր, թվայնացված, գերժամանակից, որոնք մեզ մոտ համակցվում են հրաշալի թիմային աշխատանքի հետ, այսինքն չորս – հինգ ռադիոլոգներ հավաքվում են միասին պատասխան որոշելու համար: Մեր սարքերը հնարավորություն  են տալիս կրծքի մեջ տեսնել նախաքաղցկեղը՝ այն բջիջները, որոնք դեռ չեն ձևավորվել, առայժմ քաղցկեղ չեն, բայց արդեն ահազանգում են: Մեր մասնագետները տեսնում են այդ նախաքաղցկեղը և հեռացնում այն. կինը ձերբազատվում է հիվանդությունից:

– Ո՞րն է մարդկանց՝ ուշ դիմելու պատճառը: – Պատճառները տարբեր են: 16 տարի է ես աշխատում եմ այս կենտրնում, և սկզբում օրական ընդամենը 5-6 հոգի էր գալիս հետազոտվելու: Մենք սկսեցինք մարդկանց բացատրել, որ նրանք պետք է ժամանակին գան հետազոտվելու, իսկ ժամանակը տարին 1 անգամն է, անգամ եթե կինը իրեն միանգամայն առողջ է զգում, ցավ չունի, խնդիր, բողոք չունի: Կարող եմ անգամ ասել, որ ցավը լավ է, քանի որ կրծքի քաղցկեղը նենգ հիվանդություն է, այն չի ցավում, ոչ մի պրոբլեմ չի առաջացնում. թվում է՝ մարդը խնդիրներ չունի: Եվ հենց այդ ժամանակ է, որ նա ունենում է ամենալուրջ խնդիրը, եթե շոշափվում է ինչ-որ մսագունդ կրծքագեղձում: Մարդիկ սարսափում են հետազոտության գալուց: Առաջին խոչընդոտը  հոգեբանականն է, երբ կինը պատկերացնում է, որ կարող է գալ և բեկում ունենալ ճակատագրում: Նա մտածում է՝ «ավելի լավ է չգնամ, խնդիր չունենամ»: Վախը առաջին խանգարող գործոնն է: Այժմ մենք օրական 150- 180 այցելու ենք ճանապարհում և բոլորի մոտ էլ կա վախը: Կրծքի քաղցկեղը ունի մի «լավ» հատկանիշ՝ այն ձևավորվում է 5-6 տարի, այսինքն՝ երկար ժամանակ է պահանջվում, ուստի մենք մարդկանց խնդրում, բացատրում, հորդորում ենք, որ տարեկան մեկ անգամ հետազոտվեն առանց մեծ ֆինանսական ծախսերի և ամեն ինչ լավ կլինի: Երկրորդն, իհարկե, հարցի ֆինանսական կողմն է, որովհետև շատ հաճախ մենք ունենում ենք այցելուներ, ովքեր ի վիճակի չեն լինում վճարելու և դրա պատճառով մենք օրական մոտավորապես 10 հոգու անվճար հետազոտություն ենք կազմակերպում: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ մեկին մերժեմ և ասեմ, որ նա չի կարող անվճար հետազոտվել: Տարվա ընթացքում մեկ անգամ հետազոտվելը շատ փոքր գումար է. 20 հազար դրամը համատեղ մամոգրաֆիա և սոնոգրաֆիա անելու համար չնչին գումար է, որովհետև մի ամբողջ տարում հաստատ կարելի է 20 հազար հավաքել, օրական թեկուզ 100-200 դրամ գցելով ձեր առողջության համար նախատեսված արկղիկի մեջ:

– Հայաստանում քաղցկեղով հիվանդ կանանց թիվը  բա՞րձր է,  թե՞ նորմայի շրջանակներում է:- Ընդհանրապես, կանանց` հիվանդություններից մահացությունների աղյուսակ ոյություն ունի, որտեղ կրծքի քաղցկեղը առաջին տեղում է: Հայաստանում այդ առումով նույն վիճակն է, ինչ ամբողջ աշխարհում: Ոչ մի երկիր ավելի բարվոք չէ:

– Մեզ մոտ բժշկությունը թույլ տալի՞ս է ամբողջությամբ բուժվել քաղցկեղից: Տարածված մոտեցում կա, որ հատկապես քաղցկեղ հայտնաբերելու դեպքում պետք է մեկնել արտերկիր, իսկ ով դրա հնարավորությունը չունի, կարծես  դատապարտված է։– Հայաստանը ախտորոշման համար ունի բոլոր ամենաժամանակակից մեթոդները, գոնե մեր կենտրոնում դրանք կան: Աշխարհի ընդամենը 52 երկրում էին տեղադրված մամոգրաֆները, և մենք դարձանք 53-րդ երկիրը: Իսկ դա արդեն կարևոր ցուցանիշ է: Ճիշտ ախտորոշումը բուժման կեսն է, որովհետև դու իմանում ես ամենակարևորը: Երբ մենք հայտանբերում ենք քաղցկեղը զարգացման շատ վաղ փուլում, որի մասին է մեր ամբողջ մտահոգությունը, մեր աշխատանքի մեխը, մենք կարողանում ենք լիովին բուժել կնոջը: Բարեբախտաբար, մենք ունենք նաև վիրահատարան, որը հնարավորություն է տալիս ապահովել մարդուն եվրոպական և ամերիկյան ստանդարտների ծառայություն: Ցավոք, կան դեպքեր, երբ մենք հեռացնում ենք օջախը, կինը գնում է տուն և մեկ տարի անց մոռանում, որ ինքը քաղցկեղ է ունեցել: Մեր կանայք այսօր առաջին հերթին մտածում են երեխաների, տան, ամուսնու, կենցաղի մասին ու չեն գալիս հետազոտվելու կամ գալիս են շատ ուշ, օրինակ հիվանդության երրորդ կամ չորրորդ փուլում, երբ բժշկությունն արդեն ի զորու չէ օգնել. այս դեպքում Գերմանիան կամ Ֆրանսիան, ճառագայթը կամ քիմիոթերապիան արդեն չեն օգնելու: Նույն քիմիոթերապիան կարելի է անել նաև այստեղ, ներկրելով նույն դեղերը, և ավելի էժան գներով, քանի որ Հայաստանում այսօր կան քիմիոթերապիայի շատ լավ մասնագետներ: Պարզապես՝ Գերմանիա կամ որևէ այլ երկիր գնալն ունի հոգեբանական բաղադրիչ, երբ մարդը վստահ է, որ արտերկիր գնալով լիակատար կբուժվի, արդյունքում, իհարկե, ծախսելով հսկայական գումարներ:

– Ո՞ր տարիքից սկսած կինը պետք  է  պարբերաբար  հետազոտվի: – Մինչև վերջին մի քանի տարին մենք համարում էինք, որ 40-ից 50 տարեկան կանայք պարտադիր 2 տարին մեկ անգամ, իսկ 50 տարեկանից հետո` տարին մեկ անգամ պետք է հետազոտվեն: Սակայն այժմ հակված ենք նրան, որ հետազոտվելը տարիք չունի: Եթե կինն արդեն ունի ձևավորված կրծքագեղձ, ուրմեն ինքն ուղղակի սոնոգրաֆիկ զննություն պետք է անցնի: Շատ երիտասարդ տարիքում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը մեզ բերեցին այն մտքին, որ երբ աղջիկը ունի ձևավորված կրծքագեղձ, նա  կարող է գալ, անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, հետո երկու-երեք տարուց նորից գալ և արդեն դառնալ մեր մշտական այցելուն: Այդպիսով մենք նրանց մեջ նաև կրթում ենք բժիշկին այցելելու մշակույթ, հասկացնում, որ առողջ մարդու համար բժշկի գնալը նորմա է:

– Կրծքով կերակրելը օգնու՞մ է  քաղցկեղի կանխարգելմանը:– Այն շատ մեծ օգուտ է տալիս, եթե կինը գրագետ է կերակրում և ճիշտ ժամկետում (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը սահմանել է 1-2 տարի, իսկ մեր բժիշկները խորհուրդ են տալիս 1-1,5 տարի): Կաթնատվությունը շատ կարևոր խնդիր է կնոջ համար, քանի որ դրա ժամանակ կնոջ ամբողջ հորմոնալ համակարգը ճիշտ է աշխատում և բնականաբար՝ քաղցկեղը կանխարգելվում է: Բայց երբ կանայք կերակրում են իրենց երեխաներին, օրինակ 5 տարի, որը տարածված է գյուղերում, դա արդեն կարող է բերել քաղցկեղի: Քաղցկեղի կարող է  բերել նաև վերարտադրողական տարիքից ուշ՝ 45, 46 տարեկանում ծննդաբերելը:

– Գիտեմ, որ դուք կիրառում եք նաև զեղչերով հետազոտվելու օրեր:– Հիմա մեր կենտրոնը միայն մամոգրաֆիայի բաժանմունքով չի սահմանփակվում. մենք արդեն ունենք 14 բաժանմունք: Երբ կինը գալիս է կրծքագեղձի հետազոտման, նա անպայման արդեն խնդիրներ է ունենում նաև վահանաձև գեղձում, էնդոկրին համակարգի հետ կապված, և գինոկոլոգիական խնդիրներ է ունենում: Այս բոլորը համալիր պետք է արվի և որքան շուտ, այնքան ավելի արդյունավետ: Դրա համար մենք հայտարարում ենք զեղչեր և՛ մարտին, և՛ հոկտեմբերին, երբ ամբողջ աշխարհը նշում է քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակը:  Մարտի 10-ից 20-ը զեղչ է ժապանավենային մամոգրաֆիայի համար, քանի որ թվայնացված մամոգրաֆիան ի վիճակի չէ մեկ օրվա մեջ այդքան այցելուի հետազոտել: Երբ ժապավենային մամոգրաֆիայի արդյունքում կնոջ մոտ խնդիրներ են հայտնաբերվում, այդ ժամանակ մենք նրան առաջարկում ենք մեր մյուս ծառայությունները: Մեր կենտրոնն այժմ արդեն առաջարկում է ոչ միայն կրծքի, այլև շագանակագեղձի, վահանաձև գեղձի, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելում, վիրահատություններ, էնդոկրին համակարգի խնդիրների կարգավորում, ոսկորների խտության չափում սարքով, որն առաջինը մենք ենք բերել Հայաստան:

– Պարբերաբար հետազոտվելուց բացի ի՞նչ պետք է անել քաղցկեղից խուսափելու համար: – Ոչ մեկս ապահովագրված չենք քաղցկեղից: Որպեսզի կարողանանք խուսափել այս հիվանդությունից, պետք է ընտրենք առողջ ապրելակերպ: Ճարպակալումը, օրինակ՝ կարող է բերել քաղցկեղի: Առողջ ապրելակերպը առաջին հերթին ենթադրում է շատ շարժվելը, չծխելը, ալկոհոլը չչարաշահելը: Իհարկե, կան գործոններ, որոնք մեզանից  կախված չեն.  դրանք գենետիկ գործոններն են, սթրեսներն են, որոնց մշտապես ենթարկվում ենք: Օրական 100 գրամ դառը կարմիր գինին, լոլիկը, կարմիր խաղողը, դառը շոկոլադը բնական քիմիոթերապիա են: Եվ անպայման պետք է օգտագործել սոխ ու սխտոր, որոնք բնական անտիբիոտիկներ են և քաղցկեղի դեմ պայքարիչներ: Այդուհանդերձ, քաղցկեղից խուսափելու միակ երաշխավորված միջոցը տարեկան մեկ անգամ հետազոտվելն է, որը «Հայ -Ամերիկյան առողջության կենտրոնը» լիովին ապահովում է:

 

Վլադիմիր Հովհաննիսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register