ԿՅԱՆՔԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԲԱՐԴԱԿՈՒՄ»…

2

Փաբային մշակույթը Երևանում տարիների պատմություն ունի,մինչդեռ Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, փաբերի նկատմամբ հետաքրքրությունը նոր-նոր է ձևավորվում: Ստեփանակերտի «Բարդակ» փաբի անվանումն այնքան էլ կապ չունի ներսում տիրող իրավիճակի հետ: Այստեղ մուտքը «face-control»-ով է, խրախուսվում է ծանոթությունն ու շփումը նոր մարդկանց հետ, ժպիտը դիտվում է որպես առավելություն, լավ երաժշտություն լսելը՝ պարտադիր պայման: Կարող ես գնալ ինչպես մենակ, այնպես էլ ընկերներով՝ խաղալ սեղանի խաղեր, կիսվել տպավորություններով, մասնակցել ամենատարբեր քննարկումների:

«Բարդակը» մտածողություն փոխելու ու նոր մշակույթ ձևավորելու առաքելություն ունի: Հիմնադիրը 27-ամյա Ազատ Ադամյանն է, ով ընդամենը 4 տեսակի խմիչքով բացել է փաբը ու մի քանի ամսվա ընթացքում հասցրել հավատարիմ հաճախորդներ ձեռք բերել: Ազատը մասնագիտությամբ ջութակահար է, մի քանի տարվա պետական աշխատանքից հետո որոշել է՝ պետք է հիմնել սեփական գործը: «Այստեղ նախկինում համակարգչային սրահ էր, որը չաշխատեց։ Ու ես մտածեցի՝ ժամանակն է, որ Ստեփանակերտում լինի մի վայր, որտեղ կարող են երիտասարդները հավաքվել, շփվել, երաժշտություն լսել․․․

3

Փաբի մշակույթը Արցախում նոր է ձևավորվում, ու ես սրան որպես բիզնես չեմ նայում։ Ավելի շատ շեշտը դնում եմ ճաշակ թելադրելու վրա, որ մարդիկ լավ երաժշտություն լսեն՝ բլյուզ, ջազ․․․Ամեն տեսակի երաժշտություն այստեղ լսում ենք, բացի ռաբիսից,- ասում է Ազատը՝ չմոռանալով հիշատակել առաջին «ձեռքբերումների» մասին: «Երբ փաբը նոր էր բացվել, մի մարդ հարցրեց՝ ով է երգում։ Թղթի վրա գրեցի՝ Բոբ Մարլի, որ գնա տանը գտնի ու լսի։ Այդ մարդու ճաշակը կտրուկ փոխվեց, ռաբիսը սկսեց էլ դուր չգալ նրան․․․ Դա արդեն փոփոխություն է, ու այդ փոփոխությունը ես լավ եմ զգում»:

1

Ստեփանակերտում առաջին անգամ եմ: Ազատից հետաքրքրվում եմ, թե ինչպես է անցնում երիտասարդների կյանքն այստեղ, ինչով են զբաղվում։ «Նայած երիտասարդ։ Մարդ կա, որտեղ էլ ապրի, իր համար մեկ է․մինչև 12-ը քնում է, հետո գնում են տղաներով մի տեղ նստում, մի քիչ խմում ու ասում՝ Արցախում բան չկա անելու։ Ես էլ ասում եմ՝ եթե բան չկա անելու, դա հնարավորություն է, որ դու փորձես»,- ասում է նա: Վերջերս Ազատը որոշել նոր բան փորձել. հիմնել է «Adamyan’s» բրենդը: «ԼԱՎը՞Ս», «Don’t դիլխոր, be ուրախ» ու այլ գրառումներով շապիկներն արտադրվում են Ստեփանակերտում, վաճառվում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում: Հայկական հագուստ արտադրելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Ստեփանակերտում առաջարկել են թուրքական «որակով» հագուստ գնել: «Մի օր գնացի մեր խանութներից մեկը հագուստ գնելու: Հարցրի՝ որակո՞վ է։ Վաճառողն ասաց՝ հա, արխեին վերցրու, թուրքական է: Մտքումս հարց ծագեց՝ ինչո՞ւ պետք է թուրքականը որակով լինի: Ես պատրաստ էի թեկուզ մի քիչ թանկ վճարել,բայց հայկական արտադրության հագուստ հագնել, ոչ թե թուրքական: Սկսեցի հետաքրքրվել՝ ինչ կարող եմ անել: Երկու օր հետո արդեն բերեցի սարքավորումները ու սկսեցինք կարել շապիկները: Դեռ երկու տեսակի շապիկ ունենք՝ երկարաթև ու կարճաթև, որոնք կարելի է պատվիրել օնլայն՝ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով: Ընթացքում նախատեսում ենք ավելացնել տեսականին, բայց մինչ այդ՝ ահագին գործ կա անելու,- ասում է Ազատը:

«Բարդակից» սիրով՝
Տաթևիկ Սարգսյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register