7 ՀԱՐՑ. ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ

4

Խորագրի հյուրն է լրագրող, վավերագրող լուսանկարիչ, Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի հաղորդակցության մասնագետ Քնար Բաբայանը:

Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Այդպիսի տեղեր ինձ համար շատ կան: Օրինակ` բացահայտել եմ Արցախի Ասկերանի շրջանի Ուլբաբ  գյուղը, որը լքված է, այնտեղ կա միայն գերեզմանոց և եկեղեցի: Խաչեն գյուղից սարերով ու անտառներով մինչ Ուլբաբ ձգվող երկար ճանապարհը շատ գեղեցիկ է: Եկեղեցուն կից  քառակուսի քար կա, որում քառակուսի ծակ կա:Ըստ լեգենդի` եկեղեցին կառուցողներին անտառի արջն է օգնել քարեր տեղաշարժելիս, և երբ արջը մահացել է, նրան թաղել են այդտեղ, քարն էլ դրել` որպես գերեզմանաքար: Մեկ այլ պատմության համաձայն` այդ քարը հրաշագործ հատկություն ունի: Երեխա  չունեցող կանայք՝ նրա միջով անցնելուց հետո կարողանում են երեխա ունենալ: Շատ տպավորվել եմ նաև Առինջ գյուղում գտնվող «Լևոնի քարանձավ» գետնափոր թանգարանով: Աներևակայելի է, թե ինչպես է մարդը մուրճով և քլունգով այդքան փորել:

Կա՞ մի բան Ստեփանակերտում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

-Բոլորն ասում են, որ Ստեփանակերտը մաքուր քաղաք է: Ստեփանակերտը մաքուր չէ, Ստեփանակերտը լավ են մաքրում: Ինձ ահավոր նյարդայնացնում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են չափահաս մարդիկ «Պիտաչոկում» նստած արևածաղիկ չրթում: Կամ` աղբամանի կողքը ծխում են, իսկ քնթուկը գցում գետնին: Մեկ էլ տխրեցնում է, որ մարդիկ քիչ են ժպտում:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Կարծում եմ, որ «Թումոն» արդեն իսկ բրենդ է դառնում: «Թումոն» տալիս է ապագայի կրթություն: Օրերս էլ հայտնի դարձավ, որ «Թումոյի» մասնաճյուղեր են բացվում Բեյրութում, Մոսկվայում, Փարիզում և այլ քաղաքներում: Իմ տեսանկյունից այդպիսի այցեքարտ է նաև մեր գինին: Օրինակ` Ղարաբաղի գինիներից` «Կատարոն», արդեն դարձել է բրենդ:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Շատ եմ սիրում Սերգեյ Դովլաթովին, առանց նրա գրքերի երբեք ճամփորդության չեմ մեկնում: Շատ եմ տպավորվել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակից: Հետաքրքիր է կարդալ  նաև վրաց ժամանակակից գրող Դաթո Տուրաշվիլիին, Նարինե Աբգարյանին, Խորխե Լուիս Բորխեսին, Միշել Ուլբեքին:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Իմ շրջապատում չունեմ մարդ, որ դրական լիցքեր չփոխանցի: Օրինակ` Արտակ Բեգլարյանն ինձ միշտ ոգևորում ու ստիպում է, որ որևէ խնդրի պատճառով  չտրտնջամ: Ընկերուհիս` Անի Ղարաբաղցյանը, ինձ միշտ «բզում» է, որ մտքումս ունեցած գաղափարներն իրագործեմ: Այդպես վերջերս միասին մի դրամաշնորհի դիմեցինք և շահեցինք: Արդյունքում` հնարավոր եղավ պատկերազարդել Բերձորի դպրոցի պատերը: Մարկ Գրիգորյանը` ավագ ընկերս է, երկրորդ հոր նման, միշտ ոգևորում է: Ինձ դրական լիցքեր փոխանցող մարդկանցից են` Սարինե Հայրիյանը, Անի Մինասյանը, Նինա Իսկանդարյանը և շատ-շատերը:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Ստեփանակերտում։

– Հենց Ստեփանակերտո՞ւմ: Չէի կառուցի: Առանց այն էլ ինչ կառուցվում է, մայրաքաղաքներում է կառուցվում: Կուզեի գյուղերում ստեղծել ինտերակտիվ կենտրոններ երեխաների համար, որպեսզի հնարավորություն ունենային խոսել, քննարկել, սովորել տարբեր բաներ իրենց դպրոցական ծրագրից զատ, աշխարհընկալումը լայնացնեին: Իսկ Ստեփանակերտին լավ գինետունն է պակասում (ժպտում է,-խմբ.):

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Պրակտիկ մարդ եմ, խորհրդանիշներ չեմ սիրում: Անկախության մասին հայտարարելու կարիք չկա, կարծում եմ, անկախությունը կամ կա, կամ չկա: Մարդն իր կյանքով պետք է ցույց տա, որ անկախ է: Նույնն էլ` պետությունը:

Հարցազրույցը՝ Գարեգին Ալեքսանյանի

Լուսանկարը՝  Ասյա Ումարովայի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register