ՀՐԱԺԵՇՏ ՓՀԵՆՉԱՆԻՆ. ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ՊԵԿԻՆ 

sport

Հարավային Կորեայի Փհենչան քաղաքում փետրվարի 25-ին ավարտվեցին Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը: Ձմեռային սպորտաձևերի սիրահարները 16 օր շարունակ հնարավորություն ունեին ուղիղ եթերով հետևելու, թե ինչպես են մարզիկները փորձում իրագործել իրենց կյանքի գլխավոր երազանքներից մեկը: Ընդ որում, եթե ամենաբարձր նշաձողը դրածների համար երազանքը օլիմպիական ոսկին էր, ապա շատերի համար միայն խաղերին մասնակցելն արդեն իսկ երազանքի իրագործում էր:

Մեդալների ընդհանուր հաշվարկում հաղթեց Նորվեգիան` 39 մեդալ (14 ոսկի,14 արծաթ, 11 բրոնզ), երկրորդ տեղում Գերմանիան է` 31 մեդալ(14 ոսկի, 10 արծաթ, 7 բրոնզ), երրորդ տեղում` Կանադան` 29 մեդալ(11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ): Այն, որ մեդալների այս հաշվարկի վրա զգալի ազդեցություն է ունեցել Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակի ներգրավվածությունը,ակնհայտ է: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին բացահայտված դոպինգային սկանդալի պատճառով Ռուսաստանը զրկվեց խաղերին պաշտոնապես ներկայանալու իրավունքից, իսկ խաղերին մասնակցեց «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» խումբը:

Ռուս մարզիկները նվաճեցին 17 մեդալ` 2 ոսկե, 6 արծաթ, 9 բրոնզ: Մինչդեռ 4 տարի առաջ Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների վերջնահաշվարկում Ռուսաստանը 29 մեդալով (11 ոսկի, 9 արծաթ, 9 բրոնզ) զբաղեցրել էր առաջին տեղը: Ընդհանուր առմամբ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում էր 92 երկրից ժամանած 2922 մարզիկ(1680 տղամարդ, 1242 կին): Ամենաշատ մասնակիցներն ուներ ԱՄՆ-ն` 242 մարզիկ: Հայաստանը ներկայացնում էին երեք մարզիկ` դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նրանք չմասնակցեցին մեդալների համար մղվող վճռական պայքարին:

Հաջորդ ձմեռային խաղերը տեղի են ունենալու 2022 թվականին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, որը դառնալու է թե՛ ամառային(2008թ.) և թե՛ ձմեռային օլիմպիական խաղեր անցկացրած առաջին քաղաքը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register