ՀԱՐՄԱՐ ԵՐԵԽԱՆ ԵՐԲԵՔ ՀԱՋՈՂԱԿ ՉԻ ԴԱՌՆԱ

6

Մի ստիպեք երեխային լինել առավելագույնս ձեզ համար հարմար: Նեղություն չտվող երեխան երբեք չի դառնա հաջողակ:

Նկարագրենք մի իրավիճակ. դպրոցից ծնող են կանչել և պահանջում ազդել երեխայի վրա, սաստել նրան, ասենք, դասամիջոցներին, դասերից ազատ ժամանակ, համադասարանցիներին գրքեր կամ խաղալիքներ վաճառելու համար: Առաջին ռեակցիան զայրույթն է, պատիժը և նման գործունեության վրա արգելք դնելը: Սակայն խելացի ծնողը փոքր ինչ մտածելուց հետո կհասկանա, որ իր զավակն իրականում միայն գովասանքի է արժանի նման նախաձեռնության համար: Երեխան կռիվ չի սարքել, մարդ չի ծեծել, գողություն չի արել, վատ գնահատական չի ստացել, դասերին չի խանգարել: Դասերից դուրս ժամերին նա ինքնուրույն իր փոքրիկ բիզնես պլանն է մշակել, հավանական հաճախորդների պահանջարկն է ուսումնասիրել, գտել է  «մատակարարի», հաշվարկել է հավանական եկամուտը:

Սա երկու իրականությունների բախման տիպիկ օրինակ է՝ դպրոցական և հասուն, ժամանակակից և հետխորհրդային, ենթարկվող և ինքնուրույն, սովորական գորշ և կրեատիվ աշխարհների բախման փայլուն օրինակ:

 Չգիտես ինչու, բազմաթիվ ծնողներ անհնարինն են ուզում: Ուզում են, որ իրենց երեխան մինչև 18 տարեկանը լինի կատարյալ հնազանդ, իներտ, լուռ, հանգիստ և համր գերազանցիկ: Իսկ հետո հրաշքով կտրուկ վերափոխվի ինքնավստահ և հաջողակ բիզնեսմենի: Դեռ մի բան էլ զարմանում են՝ նշելով, որ փոքրիկին համալսարան էլ «ընդունեցինք», բնակարանի հարցով էլ օգնեցինք, աշխատանքի էլ ընդունեցինք, բայց ոչինչ չի փոխվում: Երեխան շարունակում է գրասենյակային առօրյայով «սպանել» աշխատանքային օրերը, ուրբաթ օրերը գարեջուր է խմում, իսկ բոլոր հանգստյան օրերն անցկացնում համակարգչի ընկերակցությամբ: Դեռ սա հերիք չէ, մի բան էլ ծնողներից է գումար ուզում: Իսկ ինքն արդեն քսանհինգերորդ տարին է գլորում: Ի՞նչն են ծնողները սխալ արել: Չէ՞ որ նրա համար ամեն ինչ արել են:

Այդ նույն ծնողը, սակայն, հազվադեպ է հիշում, որ երբ տղան 5-րդ դասարանում ցանկանում էր կառատեի գնալ, նրան արգելեց: Վտանգավոր է: 7-րդ դասարանում չթույլատրեց զբաղվել բրեյքդանսով (լրիվ տխմար զբաղմունք է): 8-րդում նրան ստիպողաբար ուղարկեց ավիամոդելավորման խմբակ (անշուշտ, գրականության խմբակ չէր ուղարկելու. դա տղայի զբաղմունք չէ): 9-րդում տեղափոխեցի մեկ այլ հեղինակավոր դպրոց (ընկերնե՞ր, ի՞նչ ընկերներ, նորերին կունենա): Իսկ տասնմեկերորդ դասարանում չթողեց հանդիպել առաջին կուրսեցի մի աղջկա հետ (դեռ հազարներ նման աղջիկների կհանդիպես): Հետո թույլ չտվեց դիմելու ժուռնալիստիկայի ֆակուլտետ (դա էր պակաս): Ընդունել տվեց տնտեսագիտության ֆակուլտետ (հետո ինչ, որ մաթեմատիկայից գլուխ չի հանում, ԿՍՈՎՈՐԻ:) Հետո աշխատանքի տեղավորեց հորեղբոր ընկերությունում (մեր օրերում նա որտեղի՞ց պետք է կարողանար ինքնուրույն գործ գտնել… ժամանկներն են այդպիսին…):

Հետո էլ զարմանում են: Հարևանի տղան երեխա ժամանակ անտանելի փորձանք էր: Մեկ ոտքն էր կոտրում, մեկ՝ ձեռքը: Դպրոցում անընդհատ տարբեր խմբակներ էր փոխում, ոչ մի տեղ չէր հարմարվում: Քաղաքագիտությամբ զբաղվեց: Մեկ տարի անց թողեց դա: Ապա 18 տարեկանից սկսած ինչ-որ տեղ սկսեց աշխատել: Եվ միայն 20 տաերկանում ընդունվեց բուհ ՝ այն էլ հեռակա: Իսկ հիմա սեփական ֆիրման ունի, մեքենա, գեղեցկուհի կին, շուտով երեխաներ կունենան: Հանգստյան օրերին հաճախ քաղաքից դուրս են գնում:  Ինչպե՞ս այդպես ստացվեց:

Իհարկե, վերը նկարագրված իրավիճակները փոքր ինչ չափազանցված են: Իրական միտումը, սակայն, այսպիսին է: Եթե երեխային հնարավորություն չտալ նախաձեռնողականություն ցուցաբերել 3 տարեկանում, իսկ 10 տարեկանում ամեն ինչ արգելել, ապա 20 տարեկանում նա չի դառնա ինքնուրույն և ինքնավստահ մարդ: Նա շատ «հարմար» երեխա կլինի իր ծնողների համար. չի կեղտոտի հագուստը, չի կոտրի ոտքը կամ ձեռքը, չի վիճի ուսուցչի հետ՝ հիմնավորելով և պաշտպանելով սեփական կարծիքը: Նա լսող և կատարյալ ենթարկվող երեխա կլինի: Միայն թե ծնողները պետք է խորապես մտածեն, թե ինչպիսի երեխա են ցանկանում մեծացնել. մանուկ ժամանակ նրանց նեղություն չպատճառո՞ղ, թե՞ կյանքում հաջողակ:

Երբ երեխան անընդհատ տարբեր զբաղմունքներով է տարվում, փորձում է գտնել ինքն իրեն, պետք չի դիմադրել և ստիպել նրան շարունակել ուսումը, ասենք, երաժշտական դպրոցում: Որովհետև վերջում այդ դպրոցից դուրս կգա իներտ, սեփական հետաքրքրությունները չունեցող և երաժշտությունն ատող մարդ:

Մի ստիպեք երեխային հարմարվել ձեզ: Երեխան նույնպես մարդ է, պարզապես դեռ մարդուկ է: Նա պետք է ձայնի իրավունք ունենա և պատասխանատվություն կրի իր որոշումների և արարքների համար:  Միայն այդ կերպ նա կկարողանա կայանալ որպես պատասխանատու մարդ և ոչ որպես մանկամիտ, ծնողներից կախված և սեփական ‹‹ես›-ը չունեցող անձ: Եթե առանց երեխայի կարծիքը հաշվի առնելու նրա փոխարեն կայացնել բոլոր որոշումները, կարելի է սեփական կյանքը մի լավ հեշտացնել սկզբնական շրջանում և այն կտրուկ բարդացնել ապագայում: Ընդ որում, և՛ձեր, և՛ երեխայի կյանքը:

Թարգմանությունը՝ Սոնա Հովհաննիսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register