ԷԿՈԿԵՂԾԱՐԱՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԷԿՈԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐ

1

  Քաղցկեղի  տարածվածությանն ու դրանից մահացության դեպքերին  վերաբերող առողջապահական միջազգային կառույցների վերջին  տարիների  զեկույցները չափազանց մտահոգիչ են ։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ այդ տխուր վիճակագրության մեջ Հայաստանն առաջնային դիրքերում է ։ Իսկ նման վտանգավոր ցուցանիշը մի  քանի գործոններով է պայմանավորված, որոնցից առաջնայինը թերևս  սննդի հետ կապված լուրջ խնդիրներն են։

Հայաստանում շատ է տարածված անառողջ սնունդը:  Մեդիադաշտում հաճախ ենք հանդիպում հրապարակումների, որտեղ ներկայացվում են բացահայտումներ՝ սննդամթերքի արտադրությունում  նորմատիվների կոպիտ  խախտումների վերաբերյալ. խոսքը ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանների,այլև չափից շատ  քիմիական նյութերով վերամշակված, խթանիչներով հագեցված մթերքի մասին է, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնակչության առողջության վրա։ Իսկ ելքը մի կողմից  Հայաստանում օր առաջ օրգանիկ գյուղատնտեսության, օրգանիկ  սննդի արտադրության զարգացումը, մյուս կողմից՝ այդ թեմայով բնակչության իրազեկման բարձրացումն է: Այս երկու գործը մեծ հաջողությամբ համատեղում է ձեռներեց Հարություն Մնացականյանը: 2012 թվականից  նա զբաղվում է օրգանիկ գյուղատնտեսությամբ և օրգանիկ արտադրության պրոպագանդայով: Օրգանիկ  հաճարից սկսելով, ձեռներեցը վերջին  տարիներին հանդես  է գալիս ավելի համարձակ նախաձեռնություններով: Օրգանիկ սիսեռ, մեր երկրի համար անսովոր՝ քինոա, և այդ ցանկը  շարունակելի է:

«Ես հնարավոր ամեն տարբերակով փորձում եմ պրոպագանդել օրգանիկ սննդի  արտադրությունը և հնարավորինս իրազեկել  հանրությանը։ Հիմնականում օգտագործում եմ սոցիալական ցանցերը, որպես հարթակ՝ անձնական էջովս էլ հենց ծավալելով գործունեությունս»,- ասում է Հարությունը։ Օրգանիկ եղանակով կարելի է համարյա ամեն ինչ աճեցնել, նշում է Հարությունը՝ պարզաբանելով, որ  ամենաբարդը օրգանիկ անասնապահությունն է. «Կենդանուն պետք է միայն օրգանիկ սնունդով ապահովել, արոտավայրերը պետք է էկոլոգիապես մաքուր տարածքներում լինեն, արդյունքում ստացված կաթից կամ մսից  մթերք արտադրելիս  մնացած բոլոր հավելումները ևս պետք է օրգանիկ լինեն,  որը շատ բարդ ու ծախսատար գործընթաց է։ Հայաստանում ընդհանրապես չկա օրգանիկ անասնապահություն, քանի որ դա՝ անհնարինության չափ բարդ է. անասնակերի մեծ մասը  ներմուծում են, իսկ ոչ մի ներմուծող օրգանիկ կեր չի ներմուծի, քանի որ ինքնարժեքը կբարձրանա»։

Ահա այսպիսի փակ  շղթա: Հայաստանյան իրականությունում գոնե  սուպերմարկետները վերջին  տարիներին իրենց բազմազան  տեսականու մեջ փորձում են կարևոր տեղ հատկացնել նաև օրգանիկ մթերքին և  առաջարկում տեղական ու ներկրված ապրանքներ: Իսկ որքանո՞վ են դրանք համապատասխանում իրենց հնչեղ ու խոստումնալից անուններին, ինչքանո՞վ են արդար սպառողի հանդեպ:  «էկո», «օրգանիկ», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիկ» և նման  տերմինների պակաս չկա պիտակներին:  Այնինչ Հայաստանում տասը տարուց ավելի օրենք է գործում, ըստ որի՝ ընկերություններն առանց օրգանիկ հավաստագրերի  իրավունք չունեն  օգտագործելու տվյալ տերմինները։ Սակայն մեզ մոտ կարծես բարձիթողի վիճակ է, ամեն բնագավառում տեսնում ես նման մակնշմամբ ապրանքներ՝ առանց  հավաստագրի, անբարեխիղճ  արտադրողների՝ սկսած ձվի արտադրությունից մինչև  անգամ էպիլյացիա։ Անգամ էկո քիմմաքրում են առաջարկում, ինչը աբսուրդի ժանրից է»,- արդարացի դժգոհում է ձեռներեցը և վստահեցնում, որ  ամեն կերպ փորձում է պայքարել, քանի որ դրանք լրջորեն  վնասում են իրական օրգանիկ արտադրողների  շահերին և Հայաստանի օրգանիկ գյուղատնտեսության համար լուրջ  վտանգ ներկայացնում:

Չէ՞ որ դրանով զբաղվելու համար ցանկացած արտադրողի առնվազն երկուսից հինգ տարի ժամանակ է պետք, որպեսզի հողերը վերջնական արդյունք ապահովեն. շատ ծախսեր կան, հավելյալ գործընթացներ կան՝ օրգանիկ սերտիֆիկատ ստանալու համար։ Եվ պատկերացրեք,  օրինական ճանապարհով սերտիֆիկատը վերջապես ստանալուց հետո տեսնում են, որ ինչ-որ  արտադրողներ առանց որևէ   թույլտվության, իրենց ապրանքները ներկայացնելիս առանց խղճի խայթի «էկո», «օրգանիկ» տերմիններն են կիրառում ու այդպես ներմուծում շուկա։ Հարություն Մնացականյանի տվյալներով, Հայաստանում կա օրգանիկ սերտիֆիկացված՝ մոտավորապես  երեսուն արտադրող, անցումային փուլում գտնվող՝ մոտ քսանհինգ, և մերժված՝ քառասունչորս արտադրող:Իսկ  մերժումների պատճառը հավակնորդների կողմից  ընթացակարգերը չպահպանելն է և այլ հարցեր։Իսկ շուկայում, ֆերմերի  հաշվարկներով, արդեն քառասունից ավելի կեղծ օրգանիկ արտադրողներ կան. « Օրգանական տերմինների կիրառումը երկու բացատրություն ունի՝ կամ իսկապես չեն հասկանում, կամ միտումնավոր  ցանկանում են սպառողին մոլորության մեջ գցել, ինչն օրենքի կոպիտ խախտում է,  ու  մենք մոտակա ժամանակներս ամեն ինչ անելու ենք, որպեսզի կանխենք նման ինքնակոչ գործունեությունը։

Գյուղատնտեսության նախարարության և «Ավստրիական զարգացման գործակալության» հետ համատեղ ցանկանում ենք  հասարակական կազմակերպություն ստեղծել ու շարժում ծավալել, փորձել դատական կարգով, սկզբնական շրջանում՝ նամակներով ու զգուշացումներով հնարավորինս կանխել էկո-կեղծողների  աշխատանքը։ Եթե չկանխենք, օրգանիկ արտադրողները շատ լուրջ  խնդիրների առաջ կկանգնեն։ Մեկին պատժելով՝ ուրիշներին ետ կպահենք  կեղծիքից: Բնակչության շրջանում տարածված կարծիք  կա, թե առողջ սնունդը թանկ է, սակայն չափազանց էժան ու անչափ օգտակար մթերք ունենք, որ լայն սպառում չունի.  օրինակ՝ դդումը:Սակայն թեկուզ շատ դանդաղ, բայց օրգանիկ սնունդը տարածվում է, դրամաշնորհներ են հատկացվում, որոշ ընկերություններ  ֆինանսավորում են տրամադրում՝ օրգանիկ սերտիֆիկացումը ստանալու համար, ինչը բավականին թանկ հաճույք է, որպեսզի հայաստանյան հող ու ջրի համեղ միրգ- բանջարեղենը լինեն նաև առողջ ու մաքուր: Մեր տնտեսության համար՝  սա նաև վաղվա մեծ շուկա  դուրս գալու  հեռանկար է:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register