ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ԹԹՎԱԾԻՆ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԸ

2

Հայաստանը լեռնային երկիր է, աշխարհագրության բոլոր դասագրքերն են այս մասին փաստում: Աշխարհի պես մենք էլ ծով չունենալով՝ մեր դիրքը ծովի մակարդակից ենք հաշվում, բայց ապրելու համար գրեթե մեր լեռների փեշերին հասնում: Եվ մեր ունեցած ասեմ, թե մեզ մնացած փոքր, լեռնային երկրում աչքի լույսի պես անտառներ ունենք: Ճիշտ կլինի ասել՝ թոքերի պես, որ պետք է աչքի լույսի պես պահել:

Առանց հատուկ գիտելիքների էլ պարզ է, որ Հայաստանում անտառներն ու կանաչ տարածքները մեկ շնչին բաժին ընկնող չափաքանակով շատ հեռու են բավարարից, ինչը նշանակում է, որ եղածը լավ պահելուց բացի, նաև նորերը տնկել է անհրաժեշտ: Իսկ ինչ ենք անում մենք. ամբողջ Հայաստանի, հատկապես մայրաքաղաքի անտառների զգալի մասը ոչնչացվեց 90-ականներին՝ պատերազմի   տարիներին, որին  ինչ-որ չափով արդարացում կար: Սակայն այսօր արդեն բարձրացած ալիքը որևէ արդարացում չունի:

Իհարկե, այսօր էլ սոցիալական խնդիրներ կան, սակայն, ցավոք, անտառի թշնամիները միայն տունը տաքացնել ցանկացող գյուղացիները չեն: Շատ ու զորեղ են անտառի արդյունաբերական թշնամիները: Մարդիկ, ովքեր անտառի տեղում հանքի արդյունահանումն են գերադասում կամ անտառը դիտում՝ որպես փայտանյութի անսպառ ու խիստ եկամտաբեր աղբյուր: Շաբաթներ առաջ մեր չքնաղ անտառների պահպանությունը խստացնելու համար որոշակի ու խիստ քայլեր ձեռնարկվեցին: Եվ գտնվեցին մարդիկ, որ բողոքեցին դրա դեմ ու ճանապարհ փակելով սպառնացին, թե կվառեն անտառը, որ ոչ իրենց, ոչ էլ մեկին մնա… Սա դեմագոգիայի տարրական դրսևորում է, որն, ավաղ, իրականություն դարձավ:

Ամռան վերջից Հայաստանի ամենահարուստ անտառներում՝ Դիլիջանում, Խոսրովի արգելոցում, Վայոց Ձորում զանգվածային հրդեհներ բռնկվեցին, խոտածածկ բազմաթիվ   տարածքներ այրվեցին: Հիշատակված բոլոր դեպքերում ուսումնասիրվում է մարդու գործոնի, մարդու միջամտության հավանականությունը: Սակայն անկախ նրանից՝ դա կապացուցվի, թե՝չէ, մենք բնության առաջ մեղավոր ենք, մեր անտարբերությամբ, մեր   անխնա վերաբերմունքով և ի վերջո՝ մեր սպառնալիքով: Երբ մարդը սպառնում է բնությանը, անպատիժ հաստատ չի մնում: Իսկ դա  կարող է լինել խոսքով, վարքագծով,  բնության գործերին միջամտությամբ:

Իրականում ծառ հատող մարդը գողանում է իր ու իր երեխաների թթվածինը, վնասում երկրի ու սեփական թոքերը: Թվում է, թե սա գիտակցելու համար մարդուց շատ  բան չի պահանջվում, այնքան որ պարզ  է իրականությունը: Սակայն պարզվում է, անտառից  ամեն ծառ ու ճյուղ գողացողը  մտածում է, որ լավ, իր արածով ծովից կաթիլ չի պակասի: Այն էլ ինչպես է պակասում, եկեք  ինքնախաբեությամբ չզբաղվենք: Այս տարվա  չորային ամառը մեզ հիշեցրեց, թե ինչի կարող է վերածվելՀայաստանն առանց անտառների: Եկեք հիշենք, որ ծառ կտրելու  համար րոպեներ են պետք, աճեցնելու համար՝ տարիներ ու տասնամյակներ:

Ծառերն ու  անտառները լուռ ու թաքուն են հատվում, հատուկենտ ծառատունկերն արվում   ցուցադրաբար: Սա կարելի է ուսանելի, վարակիչ օրինակի ծառայեցնելու միտում  համարել, սակայն ծառատունկը դեռևս անտառի ու կանաչի երաշխիք չի: Տնկած շիվը, գիտենք, ջրել, խնամել է պետք տարիներ շարունակ: Այ, այստեղ կինոն վերջանում է, շարքային մահկանացուներին մեծահոգաբար օրինակ ծառայող չինովնիկներին էլ չենք տեսնում հաջորդող սերիաներում: Ուրիշներին էլ գրեթե չենք  տեսնում: Ինչ է ստացվում.  բնության տվածը շռայլ  օգտագործում ենք, դիմացը ոչինչ չտալով, դեռ մի բան էլ սպառնում ենք  բնությանը: Մեր թողած կոճղերը մի օր կփակեն  մեր ճանապարհը: Բումերանգի օրենքն է այդպիսին…

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register