ԾԱՂԿՈՂ «ԾԻՐԱՆԻՆ» Ու ԿՈՅՈւՂԱՋՐԵՐԸ  

11

Անցյալ  շաբաթ քաղաքապետարանում թեժ էր. այնքան, որ այնտեղ ծավալված մերձամարտի  արձագանքն առ այսօր էլ  շարունակվում է: Հասարակական  քննարկումները  ծավալվում  են  ամենատարբեր ուղղություններով,  մեկնաբանությունները  խիստ  տարբեր ու  հակասական են: Իսկ ինչ էր եղել. կատարվել էր այն,  որ դեռևս  քաղաքի ավագանու ընտրությանը նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի  Փոստանջյանը  խոստացել  էր, որ ընտրվելով, քաղաքապետարանում  կյանքը դժոխքի են  վերածելու: Եվ հետևողական, ամեն  շաբաթ ու ամեն  նիստի փորձում են  հանդես գալ արմատական դժգոհությամբ ու էքսցենտրիկ ակցիաներով: Սակայն, վերջին միջադեպը  գերազանցեց  նախորդներին. «Ծիրանականները»  նիստի էին եկել լավ  պատրաստված: Նրանք դիմակ-ձեռնոց հագնելով, փորձեցին իրենց հետ բերած գարշահոտ տարաները հասցնել քաղաքապետի   սեղանին, ասելով, թե նվեր են  բերել գարշահոտության մեջ տարիներ շարունակ ապրող նուբարաշենցիներից:

Երբ փորձեցին կտրուկ կանխել ընդդիմադիր կանանց առաջխաղացումը, զանգվածը հայտնվեց գետնին,  հոտն՝ ամենուրեք:  Այնուհետև  իրադարձությունները զարգացան  շատ  արագ:  Ակցիան իրականացնող, մասնագիտությամբ  բժշկուհի Մարինա  Խաչատրյանը հայտնվեց  մկանուտ  տղամարդկանց  շրջափակման  մեջ, որոնք  ուժի կիրառմամբ, բառի բուն իմաստով նրան դուրս շպրտեցին դահլիճից: Նիստին ներկա լրատվամիջոցների խցիկներից չվրիպեց և ոչ մի կադր. թե ինչպես են   հաղթանդամ, հագած-կապած տղամարդիկ ապտակում, քաշքշում, հրում   կնոջը: Քստմնելի էր տեսնել  մանավանդ թիկունքից կնոջը հարվածող տղամարդու: Օրեր անց, փորձենք  հասկանալ ինչն  ինչոց է.   սոցցանցային քննարկումներում  մի  հետաքրքիր, և  ըստ  իս՝ ամենակարևոր հարցադրումը հնչեց. լավ, կողմերն իրար կերան, իսկ կոյուղին ինչ վիճակում է, ինչ-որ մեկը զբաղվու՞մ է այդ խնդրով: Պարզվեց, որ արդեն՝ այո:

Զուգադիպությու՞ն է, թե համարենք, որ այս դեպքում կեղտոտ ակցիան իր մաքուր գործն արել է: Միթե ավելի բարձր ձայնն է լսվողը, արդյոք հենց աղմուկն է, որ հարցը, ցավը, խնդիրը պիտի տեղ հասցնի: Ժողովուրդն  ասում է՝ դանակը ոսկորին հասավ: Եթե այդ  դեպքն է, ինչու հնարավոր չէր ավելի  վաղ կարգավորել ոչ մեծ ժամանակ ու ռեսուրս պահանջող խնդիրը: Չէ՞ որ հենց   այդ  օրն էլ  հեռուստառեպորտաժներում  տեսանք, որ  արդեն մասնագետ ու տեխնիկա է հայտնվել և գործ է արվում,  ինչը նշանակում է,   որ շրջակա շենքի  բնակիչները  վերջապես կազատվեն  տարիների գարշահոտից: Ինչո՞ւ  են   ընդհանրապես  մեր երկրում հարցերը  նեխում,  փոքր քայլերի փոխարեն  ինչու  է մշտապես մեծ աղմուկ բարձրանում: Հետո նաև պարզվեց, որ այդ   կոյուղագծի   խնդիրն  ընդհանրապես  քաղաքապետարանին  չէր առնչվում, քանի որ   քրեակատարողական  հիմնարկինն էր: Սակայն խնդիրն  այստեղ  ուրիշ   դաշտում է:

Շարքային քաղաքացու  համար միևնույնն է, թե որ հարցն ում   լուծելիքն է, նա  ուզում է իր վճարած հարկերի  դիմաց  նորմալ   ծառայություններ և  նորմալ կենսապայմաններ ստանալ: Մինչ խնդիրը  գնդակի պես տարիներ շարունակ մի գերատեսչությունից մյուսն է տշվել,  մարդկանց համբերությունն էլ  լցվել է, ինչն էլ փոխանցվել է քաղաքապետարանի   ավագանու  ընդդիմադիր խմբակցությանը: Իսկ ինչ եղանակով են ծիրանականները  հարցին  հնչեղություն ու  այս դեպքում նաև գարշահոտություն  հաղորդել, արդեն  գիտենք: Մնում է հուսալ,որ   քաղաքական  ամբիոնները մեր երկրում  ծառայեն իրենց  բուն նպատակին   և   ցլամարտի, կոյուղու, մկանների կամ հայհոյանքի  ցուցադրությունները   չստվերեն  ընտրողների ակնկալիքները:

Արդյոք սպառվա՞ծ էր հարցի քաղաքակիրթ տարբերակով բարձրաձայնելու պաշարը և նրբագեղ կանայք   հենց  այդ գարշահոտությունը հրապարակելո՞վ պիտի լսելի դառնային, արդյոք կնոջ վրա  ձեռք  բարձրացնող քաղաքի ավագանու  տղամարդիկ  իրոք  այն ընտրանին էին, որ սերուցք պիտի հիշեցնեին:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register