7 ՀԱՐՑ. ՅՈՒԼԻԱՆԱ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

6

Խորագրի հյուրն է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Յուլիանա Մելքումյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Քանդակագործ Արա Հարությունյանը ծնողներիս ընկերն էր: Ժամանակի ընթացքում նաև մայրիկիս դիմաքանդակը ստեղծեց, որն այժմ Սունդուկյանի այգում է: Այդ քանդակի մասին քչերը գիտեն, բայց հենց քանդակն է պատճառը, որ այգին էլ ինձ համար շատ խորհրդավոր է դարձել:

 – Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Անասելի նյարդայնացնում է մեքենաների քանակը: Կուզեի փոխել իրավիճակը, թեկուզև արմատական քայլերի գնով, օրինակ` մեքենաների համար հարկերը բարձրացնելով, երկրորդ մեքենայի համար էլ ավելի մեծ հարկ նշանակելով: Պետք է փորձել ապակենտրոնացնել Երևանը, որպեսզի քիչ մեքենա մուտք գործի կենտրոն: Մեքենաների ահռելի քանակը շատ խնդիրներ է առաջ բերում, որոնցից առաջնայինը էկոլոգիականն է: Մարդկանց առումով կարող եմ ասել, որ մի փոքր կոպտացել են, մոռացել քաղաքավարության կանոնները:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Մեր արժեհամակարգը` ընտանիքը, ընտանեկան փոխհարաբերությունները, փոխադարձ պատասխանատվությունը, պարտավորությունները: Ընդ որում` ընտանիքը մեզ մոտ ընկալվում է բավական լայն, ինչը շատ եմ հավանում: Կարևոր սոցիալական կապիտալ է, որը մեզ թույլ է տալիս հաղթահարել բարդ ժամանակները: Կամ ասենք` ինչպես ենք մենք վերաբերվում շարունակականությանը: Արտերկրում երիտասարդների համար երեխա ունենալը հարցական է: Մինչդեռ մեզ մոտ երիտասարդների մեծ մասն, իմ ուսանողների օրինակով կարող եմ ասել, անկախ նրանից տղա է, թե աղջիկ,  մտադիր է հետագայում ծնող դառնալ:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

–  Առաջինը կնշեմ ամերիկացի գրող Սիրիլ Պարկինսոնի «Պարկինսոնի օրենքները» գիրքը, որտեղ խոսվում է հասարակության մասին և նկարագրվում աբսուրդ իրավիճակներ, թե ինչպես է հանրությունն աշխատում, ինչպես են ֆինանսները գոյանում, ինչպես են ծախսվում: Ինչպես են կաևորվում երկրորդական հատկանիշները, ասենք՝ մարդու պաշտոնը, այլ ոչ թե գիտելիքը: Երկրորդը՝ Զիգմունդ Ֆրոյդի «Հոգեվերլուծության ներածություն» գիրքն է, որը թույլ է տալիս հասկանալ մարդկանց, թե ինչպես են նրանք մտածում և ինչպես են առաջնորդվում: Երրորդը, որը կցանկանայի նշել` Ֆրիդրիխ Հայեկի «Ճանապարհ դեպի ստրկություն» գիրքն է, որում հայտնաբերեցի մի սարսափելի միտք` «սոցիալիստական համակարգը և պլանային տնտեսությունը փոփոխում է մարդու հոգեբանությունը»: Եվ սերունդների շարժ է հարկավոր` այդ հոգեբանությունը փոխելու համար. մենք էլ այժմ այդ փուլում ենք:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Իհարկե, առանց դրա հնարավոր չէ: Ընտանիքս, ընկերներս իմ անձի կարևոր մասն են կազմում: Սիրում եմ ուրախ մարդկանց, իրենց գործը սիրող մարդկանց, մտածող, շիտակ մարդկանց:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մետրոյի նոր կայաններ: Շատ լավ ներդրում կլինի, որը լրջորեն կփոխի քաղաքի պատկերը:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը

– Բարդ հարց է: Չկա մարդ, որ կախվածություններ չունենա: Եթե ոչ ծխախոտից կամ սուրճից, ապա գոնե իր առօրյայից, իրեն հարմար միջավայրից, սիրելի մարդկանցից: Անկախությունը հավանաբար իր կախվածությունները սիրելու, գնահատելու մեջ է:  Անկախ լինելը շատ բարդ է, հատկապես ժամանակակից աշխարհում: Երկրի մակարդակով  այս հարցին էլ ավելի կդժվարանամ պատասխանել: Անընդհատ տեսնում ենք նոր ձևավորվող կախվածություններ, և այս դեպքում շատ կարևոր է`տեսլական ունենալը` թե՛ մարդու, թե՛ պետության մակարդակով:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register