«ԱՆԿՈՏՐՈւՄԸ»…

2

Հոկտեմբերիկների կուրծքը զարդարող ալ կարմիր աստղի ճիշտ և ճիշտ մեջտեղում զետեղված մանուկ Վոլոդյայի, Շուշինոյում թեզիսներ գրող Վլադիմիր Ուլյանովի ու նրա լուսավոր մտքի վիզուալ արտահայտության`  Իլյիչի լամպերի մասին այսօր հիշում են միայն տարեցները: Անկախության սերունդը պապերի կողմից միֆականացվող այդ մարդու մասին ոչինչ չգիտի:

Փող աշխատելու համեմատաբար ազնիվ 460 եղանակի ծանոթ, իր տեսակի մեջ եզակի Օստապ  Իբրահիմովիչ Բենդեր Բեյ Զադունայսկու բախտը մի բանում չբերեց: Քարից հաց քամող կոմանդորը չտեսավ խորհրդային կայսրության փլուզումը: Ինչպիսի դասական հարված: Առանց վայրկյան իսկ երկմտելու մեծն կոմանդորը ԽՍՀՄ  փլուզումից կկորզեր առավելագույնը: Ինչ-ինչ, թեկուզ արտահանման հաշվին` նա ձույլ ոսկով կփոխարիներ պրոլետարիատի առաջնորդի բոլորեքյան կանգնեցված  արձանները:

Ճիշտ է, ոչ կոմանդորին բնորոշ հեռատեսությամբ, բայց պրոլետարիատի առաջնորդի հետ  համեմատաբար քաղաքակիրթ վարվեցին կալմիկները, ինչն արտահայտվեց վերջիններիս կողմից կայացրած սողոմոնյան վճռով: Էլիսթայում տեղադրված Լենինի արձանը չապականվեց ու տեղահան չարվեց, ինչպես հետխորհրդային մյուս հանրապետություններում, ուղղակի այն շրջվեց 180 աստիճանով: Պատճառը, սակայն, ոչ թե կոմունիստական գաղափարներին կալմիկների նվիրվածությունն էր, այլ` Լենինի տատիկի կալմիկական ծագումը: Հետխորհրդային մյուս հանրապետություններում  սակայն, ձեռակերտ Ուլյանովների ապամոնտաժման ընթացքում արձանագրվեցին վայրագության տարատեսակ դրսևորումներ: Հարևան Թբիլիսիում, օրինակ, վերակառուցվող ամբոխը Լենինի բրոնզաձույլ արձանը նախ «նախշեց» ներկով, այնուհետև վրան բենզինով լի շշեր նետեց, շրջապատեց անվադողերով և վերջապես միջնադարյան մեթոդներով էլ Իլյիչին այն աշխարհ ճանապարհեց:

«Մերն ուրիշ է» հայկական կարգախոսը կենսունակությունն ապացուցեց նաև մայրաքաղաք Երևանի ճիշտ սրտի մեջտեղում կանգնեցված, «մոնումենտալ» ու «մշտարթուն» որակված Մերկուլովյան Իլյիչի ապամոնտաժման ժամանակ: Ի տարբերություն հարևան Վրաստանի, արձանի ապամոնտաժումը Երևանում  անցավ  համընդհանուր խանդավառության մթնոլորտում: Վաղ առավոտից ժողովուրդը եկել էր վերջին հրաժեշտը տալու պրոլետարիատի առաջնորդին: Բաժանման երևանյան արարողությունն առանձնացավ ուշագրավ ու խորհրդանշական ծիսակարգով: Տապալված առաջնորդի արձանի ետևից մարդիկ սկսեցին քարեր նետել, որոնք աստիճանաբար փոխարինվեցին մետաղադրամներով: «Կոպեկների նետումը, ժողովրդական հավատալիքներում, կրկին վերադառնալու նշան է»,- ինքնահորդորում էին իրավիճակի փոփոխությանը ոչ մի կերպ համակերպվել չցանկացող կոմունիստները:

Պատմությանն անծանոթ չեն նաև արձանների վերաիմաստավորման փորձերը:

1991 թվականին,օրինակ, Մոսկվայում կանգնեցված  Մարքսի հուշարձանի պատվանդանին ավելացավ տրիրցի Կառլի անունից արված և սպիտակ ներկով վավերացված` «ներեք ինձ» ապաշխարական բնույթի գրությունը: Հա, ի դեպ, պատվանդանների մասին: Հուշարձանները ամբողջական են հենց պատվանդանների շնորհիվ: Ապամոնտաժման ընթացքում սակայն չեն խնայվում անգամ գեղագիտական մեծ արժեք ներկայացնող պատվանդանները: Հենց այդպիսին էր Երևանի Լենինի հրապարակի` տիրոջը կորցրած և նոր տիրոջն սպասելիս աչքը ջուր կտրած պատվանդանը:Հնարավոր թեկնածուների անուններ էլ էին նշվում: Ի դեպ, ինչպես հետո պիտի պարզվեր` իզուր,քանի որ կոմունիստների թափուրացած սրբատեղին  հպարտորեն գոյելու էր ևս որոշ ժամանակ: «Անլենին» պատվանդանի հպարտությունը կոտրելն, ականատեսների վկայությամբ, անասելի դժվար էր: Այնուամենայնիվ այն գետնին հավասարեցվեց ու սիզամարգի վերածվեց 1996 թվականին: Կատարվածը հասարակության գեղագետ հատվածի կողմից  վանդալիզմ որակվեց, ու այդքանով էլ ամեն ինչ ավարտվեց:

Իսկ ինչ եղավ Վլադիմիր Իլյիչի հետ, ում արձանի բացման կապակցությամբ պոետը ժամանակին պիտի ձոներ`

Նայիր այս արձանին,որ կանգնել է խրոխտ

Իմ քաղաքի` իմ նոր ժողովրդի սրտում,

Նա լենինյան ոգու մարմնացումն է մեզ մոտ

Մեր մեծ Առաջնորդի ներկայությունն արթուն…

Իսկ ոչինչ էլ չեղավ: Նա այսօր էլ, թող որ քառատված` կա, ապրում է` գլուխը Ազգային պատկերասրահի ներսում, մարմինը` բակում: Ասում են, այսօր էլ հեռավոր մարզերում ընթերցանության շրջանակներում օգտվում են ձեռքի տակ եղած այսօրինակ օդաներից: Ճիշտ է, հաստատական հնչերանգները սահունորեն  վերափոխած հարցականի …

Վահան Զարյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register