ԱԴՐԻԱՆԵՆ ԳՆՈՒՄ  Է ՊԱՏԵՐԱԶՄ

5

Ադրիանե Օհանեսյանն ամերիկահայ ֆոտոլրագրող է: 2011թ.-ից մեկնելով Սուդան` նա աշխատել է թեժ կետերում: Պատերազմական իրավիճակներում աշխատելու փորձը հայաստանաբնակ  գործընկերներին  փոխանցելու նպատակով և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հրավերով Ադրիանեն օրերս Հայաստանում էր:

4

Ադրիանե Օհանեսյանի լուսանկարները հրապարակվել են «Al Jazeera», «Time», «The Wall Street Journal»,« National Geographic» պարբերականներում, իսկ ֆոտոշարքերն արժանացել՝«National Geographic»-ի և «World Press Photo»-ի մրցանակներին:

2010թ.-ին մեկնեցի Աֆրիկա ու հաստատվեցի արևելյան Սուդանում: Տոմսը գնեցի դրամաշնորհով, որովհետև որևէ լրատվամիջոց չցանկացավ համագործակցել ինձ հետ: Ես ինքս էլ չգիտեի,թե ուր եմ մեկնում, ինչ կարող եմ գտնել այնտեղ, որովհետև մինչ այդ ոչ ոք չէր լուսանկարել պատերազմը, դրա մասին եղած տեղեկություններն էլ շատ սուղ էին:

6

Մի քանի ամիս աշխատելուց հետո գնացի Հարավային Սուդան, որտեղ անկախական շարժում էր սկսվել և անկախության հանրաքվե պետք  է կայանար: 2 տարի ես լուսանկարում էի մարդկանց ու մարդկային պատմությունները, բայց իմ լուսանկարներից և ոչ մեկը այդպես էլ չէր հրապարակվում:

2010-13թթ.-ին աշխատեցի Դարֆուրում: Ես շաբաթներ էի անցկացնում վրաններում` ապստամբների հետ,  որովհետև օտարերկրյա լրագրող էի, և կառավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի որևէ լրագրող տարածք մուտք չգործի: Ոչ մի լրատվամիջոց չէր համագործակցում ինձ հետ: Բացի մնալու ու կեցության խնդրից, ես նաև անվտանգության խնդիր ունեի ու ստիպված էի համագործակցել ապստամբների հետ: Մի անգամ, երբ էլի բախումներ էին ու մեր անվտանգությունն էլի հարցականի տակ էր, ապստամբներն առաջարկեցին հյուղակում թաքնվել, որտեղ ավելի ապահով էր: Երբ մտանք այնտեղ, պարզվեց, որ ամբողջ սենյակում զինամթերք է: Ամենաապահով տեղն այդ պահին զինամթերքով լցված հյուղակն էր (ժպտում է` հեղ. ):

Ես ուզում էի, որ իմ լուսանկարները ծառայեն որպես վավերագրություն, որ մարդիկ հավատան դրան։ Հիմա շատ հեղինակներ փորձում են լուսանկարներում ինչ-որ բան փոխել, սրություն կամ խորություն հաղորդել։ Ես չգիտեմ դա ճիշտ է, թե սխալ, բայց ես փորձել եմ այնպես անել, որ ամեն ինչ անկեղծ լինի, դրա համար ես որևէ բան չեմ փոփոխում։

Ես գնացի Սուդան,  բայց մեծ իմաստով ես չէի նկարում պատերազմ, ես նկարում էի մարդկանց, նրանց սովորական կյանքը կոնֆլիկտի ժամանակ։

3

Մասնագիտական դժվարություններ ևս լինում են։ Օրինակ` ի՞նչ են մտածում մարդիկ, երբ տեսնում են մի փոքր հյուղակի հրդեհը լուսանկարում։ Շատերը մտածում են՝ դե փոքր հյուղակ է, էլի։ Շատ դժվար է մի փոքր հյուղակի տեսարանով փոխանցել մարդկային  ամբողջ ողբերգությունը։ Այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ՝ կացարանը, իրերը, ամեն ինչ․․․

Սովորաբար խաղաղապահները գաղափար չունեն կոնֆլիկտների մասին, նրանք պարզապես եկել են ու խաղաղապահ են աշխատում։ Հետաքրքիր է այս պատմությունը նաև խաղաղապահների տեսանկյունից, որոնք գաղափար չունենալով կոնֆլիկտի մասին, եկել են հակամարտության գոտի: Բայց իրենք էլ ընտանիք ունեն, իրենք էլ են ուզում իրենց ընտանիքի մոտ լինել․․․

7

Ես հասկացել եմ մի բան՝ փախստականների մեծ մասը չի ուզում փախստական լինել: Նրանք ուզում են հետ գնալ իրենց տները, բայց դա հնարավոր չէ, որովհետև այդ տներն էլ չկան․․․ Այս ամենը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ կառավարությունները լուծեն քաղաքական խնդիրները։

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register