ԱՂԲԱՎԱՅՐ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ…

9

«Չկանոնակարգված ու չպլանավորված գործողությունները աղավաղում են Հայաստանի տուրիստական դեմքը»

Պարադոքսալ երկիր է Հայաստանը: Մի կողմից  ծայրահեղ աղքատության, մյուս կողմից՝ ծայրահեղ  հարստության, հնի ու նորի, պահպանողականի ու առաջադեմի խաչմերուկ է, որը և՛ լավ, և՛  վատ հետք է թողնում: Պարադոքսալությունն անդրադառնում է, թերևս, բոլոր ոլորտների վրա: Տուրիզմն այս առումով նույնպես  բացառություն չէ: Մի կողմից բղավում ենք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք ու միայն այդ փաստով կարող ենք երկրորդ Հռոմ դառնալ, մյուս կողմից էլ սարսափում ենք արտասահմանցիների ցանկացած հոսքի ժամանակ:

Ամառ է, զբոսաշրջության թեժ փուլը: Մինչ մենք պլանավորում ենք՝ ուր գնալ այս տարի, այլազգիներն իրենց պլանների մեջ ներառում են Հայաստանը: Ակամա հարց է ծագում, առաջին քրիստոնյա ազգը, բազմադարյա եկեղեցիների երկիրը, ջերմ ու հյուրասեր ժողովուրդը պատրա՞ստ է դիմավորել հյուրերի:

Պարզելու համար էլ դիմեցինք  խնդրին քաջատեղյակ մասնագետի: Յաշա Սոլոմոնյանը յոթամյա փորձով զբոսավար է, հյուրերի հետ  շրջելով Հայաստանի ամբողջ տարածքում, փորձում  է սովորեցնել նրանց սիրել մեր հայրենիքն այնպես, ինչպես ինքն է սիրում: Չի ուզում զրույցը բացասական նոտայով սկսել, բայց այլ տարբերակ էլ չունի: Ասում է՝ պակասելու փոխարեն՝ տարեցտարի թերություններն ավելանում են: «Իրավասու մարմիներն ամեն տարի բարձր-բարձր խոսում են ծրագրերից ու նպատակներից, սակայն խոշոր հաշվով ծրագրերը մնում են թղթի վրա, իսկ նպատակներն էլ գնալով խամրում են:

Ես սարսափում եմ, երբ մտածում եմ, թե ինչպիսի տպավորություններով են հեռանում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները, ովքեր անցնում են մեր խայտառակ վատ ճանապարհներով, տեսնում դաշտերում ու տեսարժան վայրերում «ամբարված» ահռելի աղբակույտերը:

Թերությունները շատ են: Մենք ընդհանուր երկրում ունենք աղետալի պատկեր, էլ ուր մնաց, թե տուրիզմի ոլորտը լինի անթերի: Հայաստանում բոլոր ոլորտներում կա ադմինիստրատիվ աշխատանքի, մենեջերական մտքի ահռելի պակաս, այդ թվում նաև տուրիզմի ոլորտում: Այս ոլորտն ախր առանձին օղակ չէ, սա բազմաթիվ օղակների միացություն է ու համագործակցություն: Տուրիզմի ոլորտը չի կարող զարգանալ, եթե թերանում է ճանապարհաշինությունը, չի կարող զարգանալ, եթե իր աշխատանքում թերանում է քաղաքաշինությունը, մշակույթի նախարարությունը, կրթության նախարարությունը… Մենք անգամ չունենք ձևավորված որակյալ տուրիստական կրթություն, չունենք պետական զբոսավարական դպրոց: Առանձին կառույցների մասին չէ խոսքը, այլ հստակ կանոնակարգված պետական մոտեցման և մտածողության մասին»:

Զբոսավարը տուրիզմի թիրախային կենտրոն դառնալը միֆ չի համարում՝ կարող ենք՝ եթե ուզենք, բայց արդյո՞ք ուզելուց զատ նաև քայլ ենք անում դեպի այդքան քննարկված ոլորտ. «Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ, շատ էլ գայթակղիչ ուղղություն է զբոսաշրջիկների համար: Սակայն տեսե՛ք, թե ինչ է այժմ կատարվում մեզ մոտ: Այսօր զարգացած աշխարհում նկատվում է հետաքրքրություն նոր ու «ոչ կոմերցիոն» տուրիստական ուղղությունների հանդեպ: Հայաստանը հենց այսպիսին է: Այստեղ կա պարզություն, բայց միևնույն ժամանակ էլ դարավոր պատմություն ու մշակույթ, գեղեցկագույն ֆոլկլոր, ավանդույթներ, երաժշտություն, համեղ ու առողջ խոհանոց… Այս ամենը պետք է պահպանել ու ներկայացնել իր ողջ պարզությամբ ու հրապուրանքով:

Սակայն որոշ օղակների մոտ փորը լցնելու արխայիկ մոլուցքը ետին պլանում է թողնում ճիշտ մարքեթինգային քաղաքականությունը: Ասելիքս ավելի պատկերավոր դարձնելու համար՝ բերեմ  Երևանի օրինակը: Տեսե՛ք, մեր քաղաքը գնալով զրկվում է իր դեմքից: Քաղաքում օր օրի հայտնվում են մեկը մյուսից անճաշակ, միմյանց չհամապատասխանող շենքեր: Մեր քաղաքը գնալով նմանվում է արևելյան շուկայի, կորցնում է իր դեմքը: Ա՜յ, նման կերպ էլ չկանոնակարգված ու չպլանավորված գործողություններն են աղավաղում Հայաստանի տուրիստական դեմքը, բրենդը»:

Զբոսավարի աշխատանքային ցավոտ կետերից մեկը հարևան երկրների նկատմամբ քաղաքացիների՝ հաճախ անհանդուրժող պահվածքն է. «Բազմիցս հայտնվել եմ քննարկումների կիզակետում: Շատ քարեր են շպրտվել իմ ուղղությամբ՝ նմանօրինակ հարցեր բարձրաձայնելիս: Կարծում եմ այստեղ նորից պետք է վերադառնանք այն մտքին, որ տուրիզմի զարգացումը սերտորեն փոխկապակցված է այլ ոլորտների հետ: Տվյալ հարցում հսկայական անելիք ունեն Կրթության նախարարությունն ու ԶԼՄ-ները: Մեր հարևան երկրների մասին մեր բնակչության պատկերացումները թերի են ու երբեմն ոչ ադեկվատ: Իրանի մասին շատերի պատկերացումները սահմանափակվում են Ավարայրի ու «ժելեյած մազերով տղուկների» մակարդակում: Բայց ախր խոսքը գնում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի մասին: Ես չեմ ժխտում այն փաստը, որ որոշ զբոսաշրջիկներ իրենց երբեմն թույլ են տալիս ավելին, քան կարելի է: Բայց ախր այդ մի քանի դեպքով չի կարելի սահմանափակ կարծիք կազմել մի ամբողջ ազգի մասին»:

Զբոսաշրջության  ակտիվ շրջանը սկսված է, մնում է հուսալ, որ չնայած բոլոր թերություններին մեր երկրի հյուրերը ժպիտով  կմեկնեն իրենց տուն:

 

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register